Կ Ա Թ Ի Լ Ը
Կոլյա Տեր Հովհաննիսյան
Անծայրածիր Օվկիանում փարված ալիքներին ճոճվում էր Կաթիլը և խորհում, թե մինչև երբ պիտի լողա այսպես աննպատակ, թափառական: Իր ընկերները քանի անգամ ճամփորդեցին Ամպի հետ ու տուն վերադարձան՝ աշխարհ տեսած, փորձված... Ինքն ի՞նչով է պակաս նրանցից, մինչև ե՞րբ պիտի թաքնված մնա ալիքների մեջ. վաղը կբարձրանա մակերես, համարձակորեն կնայի Արևի ճաճանչափայլ ճառագայթներին ու... վերջ միապաղաղ ու տաղտկալի կյանքին: Գիշերը Կաթիլը լուսացրեց անքուն, տագնապալի սպասումով. վարանում էր, տատանվում, շուռումուռ էր գալիս, բայց չտեսած աշխարհների դյութական հեռանկարները նրան մղում էին արկածախնդրության ու սխրանքի...
Ադամամութին Կաթիլը սուրաց վեր, գգվեց ու միացավ թռիչքի պատրաստ ընկերներին: Վերջապես, այնտեղ, ուր Երկինքը խոնարհվելով համբուրում է Օվկիանին, ուրախ աչքով արեց Արեգակը: Կաթիլը ագահորեն ըմբոշխնեց նրա ախորժելի ջերմությունը: Խլրտաց փոքրիկ էությունը, զգաց թմբիր, հեշտալի սարսուռ, թեթևություն... Սկսեց բարձրանալ վե՜ր, վե՜ր, ավելի վե՜ր... Օ՜, որքան դուրեկան էր այստեղ, որքան հաճելի, հեռու առօրյա հոգսերից, ջրային քաշքշուկներից, փոթորիկներից...
Հետո նա բարեհաջող հասավ Ամպի թագավորության սահմաններին: Օվկիանի ու կաթիլների ջերմագին ողջույնը hաղորդեց Ամպին, որն ի նշան բարեկամության հրամայեց համազարկ տալ. որոտացին տասնյակ հրանոթներ... Ամպը գոռաց բերկրանքից ու ցած ուղարկեց հեռավոր վայրերից վերադարձած կաթիլներին: Ներքևում կապոյտ ջրերը ծփծփացին, մանր կոհակներ կազմած զվարթ խայտացին... Օվկիանոսն ու Ամպը ողջագուրվեցին... Այժմ Կաթիլը՝ հեծած Ամպի քուլաներին, լողում էր անեզրական լազուրում ու մտածում կյանքի մատուցած անակնկալների մասին. երեկ Օվկիանոսի մթին ու անհատակ խորքերում էր՝ այսօր ջինջ ու ոսկեշող եթերում, երեկ, ներքևում, այսօր՝ անհաս բարձրունքներում... Հպարտ էր Կաթիլը, նույնիսկ քիթը ցցեց ու վերից նայեց վարը փռված հայրենիքին...
Այսպես Քամու թևով երկար ճամփա կտրեցին Ամպն ու Կաթիլը՝ գրկախառնված մոր և մանկան պես: Ու մի օր էլ, երբ նայեցին ներքև՝ այլևս չկար ջրերի համատարած կապույտը, կար մռայլ գորշագույն ցամաքն՝ իր անհարթ մակերեսով բարձրագահ լեռներով, անապատներով, բերրի դաշտավայրերով, երախաբաց երկյուղալի մթին անդունդներով ու կիրճերով... Մայրամուտին նրանք հասան ու կանգ առան մի մեծ քաղաքի երկնքում: «Ի՞նչ է կատարվում այնտեղ՝ ներքևում,-յուրովի մտածեց,-ինչո՞ւ է Ցամաքն այսքան խորդուբորդ, անհրապույր»... Նա տեսավ բարձր ու ցածր արկղանման շենքեր, դրանց արանքում՝ երակների պես լայն ու նեղ ուղիներ, ուղիներում հակադիր հոսող՝ մի կողմում կարմիր, մյուս կողմում սպիտակ լույսերով շարժուն կետեր, այս ու այն կողմ շտապող մարդիկ...
Կաթիլն ուսով դիպավ կողքին ծվարած տարեց կաթիլին.
-Ասա ինձ, հայրիկ, ո՞ւր են սլանում այս շարժուն կետերը, ո՞ւր են շտապում մարդիկ... Մի՞թե վախենում են Ամպից...
- Համբերիր, որդիս,-ժպտաց իմաստուն ծերը,-շուտով կիջնես ցած ու կիմանաս շատ բան... Այո, կար մի ժամանակ, երբ մարդը սարսափում էր Ամպի զայրույթից, բայց հետո նա քիթը խոթեց ամեն տեղ, թռչեց ամպերից էլ վեր, շատ վեր, հասաւ Լուսին, իջավ Օվկիանոսի հատակը, թափանցեց հյուլեի խորքը, ճեղքեց այն, բացեց անիմանալի գաղտնիքներ, յուրացրեց շատ բան, դարձավ այնքան հզոր, որ հիմա վախենում է... ինքն իրենից և այս շտապողականությունը բխում է հենց իր նմաններից պաշտպանվելու, իր գոյությունն ապահովելու, իր նմանների մէջ ապրելու և ի վերուստ իրեն տրված ժամանակի մի խղճուկ հատվածը արժանապատվորեն վայելելու մղումից...
Կաթիլը շշկլված կծկվեց. որքա՜ն դժվար էր այս բոլորը տեղավորել կաթիլային ուղեղում... Ամպը, լսելով նրանց խոսակցությունը, խոժոռվեց, սևացաւ, միացավ դիմացից եկող ամպերին: Դարձյալ ճարճատեցին հրանոթները, որոնց ձայնից դղրդաց երկնակամարը, լույսից փայլատակեց ներքևում փռված անհանգիստ աշխարհը...
-Պատրաստվում ենք վայրէջքի,-բարկացած որոտաց Ամպը...
Կաթիլը պոկվեց Ամպից, միացավ ծեր կաթիլին ու բոլոր կաթիլները միահամուռ սուրացին ներքև, ուրախ տկտկացրին շենքերի տանիքներին, բացված անձրևանոցներին. թմբկահարեցին գոց լուսամուտները, շառաչով հոսեցին ապակիների, բազրիքների ու ցուցանակների վրայով, տարածվեցին ամենուր... Ասես ուզում էին լվանալ, տանել տիրող մարդկային աղտեղությունն ու ապականությունը...
Կաթիլը մի պահ կառչած մնաց բարձր շենքերից մեկի լուսամուտից ու նայեց ներս: Հարուստ կահավորված բնակարանում բազմահոծ խրախճանք էր: Ապակիները ռիթմիկ ցնցվում էին նվագի դմբդմբոցից: Սեղանները ծանրաբեռնված էին համադամ կերակուրներով, բազմազան խմիչքների շշերով, մրգերով լի սկուտեղներով... Անտարբեր հորդառատ անձրևին՝ մարդիկ պարում էին, զվարճանում: Կաթիլը նշմարեց կրքից ու հաճույքից դողացող շրթեր, բորբոքված, մեղկությամբ տոգորուն հայացքներ, կիսամերկ կանայք... Չդիմանալով ապակու ահագնացող ցնցումներին, նա ցած գահավիժեց ու շրմփոցով ընկավ շենքի նախամուտքի աստիճանների վրա, ուր կծկված կուչ էր եկել ցնցոտիներ հագած մի դեռատի կին՝ գրկի երեխային պաշտպանելով Անձրևի գրոհներից: Կաթիլը նույնիսկ ամաչեց ու սեղմվեց ծեր կաթիլին. «որքան անխիղճ է Անձրևը», մտածեց տխուր ու ցատկեց փողոցում բացված մի ջրափոսի մէջ:
Հանկարծ լսվեց մի խուլ դղրդյուն, որին հաջորդեցին վայնասուններ, տնքոցներ, հայհոյանքներ... Ջրափոսից քիչ հեռու փլվել էր խարխուլ մի շենք: Կայծակի ակնթարթային լույսի տակ երևացին սպիտակ պատեր ու դուրս ցցված գերաններ: Փլատակների միջից մեծ դժվարութեամբ դուրս էին հանում անշունչ մարմիններ... Վիրավորներն օգնություն էին աղերսում... Տիրում էր խառնաշփոթ... Նա առաջին անգամ տեսավ կարմիր գույն ունեցող կաթիլներ, որոնք հոսեցին, եկան ու միախառնվեցին իրեն: Կաթիլը զգաց ցավի համ ու... ատեց Ամպին...
-Ինչո՞ւ է այսքան դաժան Ամպը,- բողոքեց նա:
-Դաժան չէ, զավակս,-ասաց իմաստուն ծերը,- Ամպն է բնության ու կյանքի գոյատևման միակ երաշխիքը: Առանց Ամպի կյանք չկա: Բազմաթիվ մոլորակներ կան, որոնք զուրկ լինելով Ամպից՝ մեռել են վաղուց, քարացել... Ինչ արած՝ տուժում են, զոհվում են թույլերն ու տկարները,- շարունակեց ծերը,- շատ մի տխրիր, մարդկային ցեղը չի կարող յոլա գնալ առանց զոհերի...
Երկինքն սկսեց շառագունել, փոխել երանգները: Կաթիլը պառկած պղտոր ջրափոսում՝ դեռ մտորում էր տեսածի ու լսածի մասին, երբ սթափվեց ինքնաշարժի հռնդյունից: Վախից փշաքաղվեց: Արագ պտտվող անվադողերը մոտենում էին ջրաափոսին ու սպառնում ճզմել իրեն.
-Թռի՛ր, զավակս,-բղավեց ծեր կաթիլը, երբ առաջին անիվը ծանր շրմփաց ջրափոսի մեջ... Կաթիլը վերջին պահին ցատկեց ու կոր գծելով օդում, ընկավ պարզված դողդոջուն մի ձեռքի մեջ... Մենակ էր, չկար, անհետացել էր ծեր կաթիլը... «նա զոհվեց հանուն ինձ», անցավ մտքով ու սիրտը կտոր-կտոր եղավ... Հենց այդ պահին, մի ուրիշ դառնահամ կաթիլ ընկավ սևացած, տեղ-տեղ ճաքճքված ափի մէջ... Կաթիլը ակամայից նայեց վեր ու տեսավ ձեռքի դատարկ ափին հառված մի զույգ թաց աչքեր, որոնք արտահայտում էին թախիծ, հիասթափություն ու դառնություն... «Երանի կարողանայի կերպարանափոխվել,-խորհեց սրտանց,- դառնալ այն, ինչ փափագում է ունենալ տխրադալուկ աչքերի տերը»... Իսկ անսպասելի չէր, որ նման աչքերից ցած թափվող կաթիլներն այդպիսի համ ունենային... Այնուամենայնիւ նա երբեք չիմացավ, թէ ինչո՞ւ էր աչքերի տերը պարզել իր ափը հոգնելու աստիճան. չկար ծեր կաթիլը, որ պատասխաներ այդ և այլ բազմաթիվ «ինչու»-ների, որոնք տանջում էին ջահել Կաթիլին...
...Ամպերը նոսրացան, Արևի ջերմ շողերն ընկան ափի մէջ: Կաթիլը հոժարակամ խառնվեց աղի կաթիլներին ու նրանց հետ վեր բարձրանալով՝ միացավ հեռվում իրեն սպասող Ամպին... Անցան օրեր, ներքևում նորից երևաց ջրերի կապույտ մակերեսը: Հորիզոնից հորիզոն միայն ջուր էր, այլևս չէր երևում խորդուբորդ, անհարթ ու անհավասար Ցամաքը, ուր կային երկնաքեր շենքեր ու խարխուլ, քանդվելու ենթակա տներ, ուր մեծ շենքերից մեկում խրախճանք կար, իսկ դրսում, նախամուտքի աստիճաններին՝ երեխան գրկին կուչ եկած անօգնական մի կին, ուր ուրախ երիտասարդներով լցված սուրացող ինքնաշարժը ծերունու պարզած ափը ողողում էր ջրափոսից դուրս ցայտած կաթիլներով..., ուր Անձրևը չէ՝ նոյնիսկ Հեղեղն անզոր էր սրբել ու տանել մարդկային աղտոտությունն ու կեղծիքը...
Վերստին ողջագուրվեցին Ամպն ու Օվկիանը: Կաթիլը հանդիպեց հեռավոր ճամփորդության մեկնող բազմաթիվ կազմ ու պատրաստ կաթիլների: Եղավ մի պահ, երբ նա ուզեց համոզել՝ ետ պահել բոլորին, բայց հրաժարվելով իր մտադրությունից, բարի ճանապարհ մաղթեց նրանց: «Թող գնան, տեսնեն Ցամաքը, որի վրա վխտացող մարդիկ տեղ չեն թողել անձեռնմխելի, տգեղացրել, ապականել են այն... Թող տեսնեն, որպեսզի վերադառնալուց հետո ավելի ամուր կապվեն անաղարտ ջրերի թագավորությանը»...
Նա սոսկում էր մարդուց, խորշում էր կուսական դեմքը ընդմիշտ կորցրած, ուժին ու անարդարությանը, շահին ու ագահությանը գերի դարձած գորշագույն մռայլ Ցամաքից, երազում էր, որ հենց մարդու մեղքով՝ վերջնականապես հալվեն օր-ավուր ջերմացող բևեռային սառցադաշտերն ու... բազմանան կաթիլները, որպեսզի Օվկիանոսը դուրս գալով իր սահմաններից՝ տարածվի, ողողի ողջ աշխարհը հավիտյանս-հավիտենից...
Փետրվար 2007
Թեհրան
Կարծիքներ
Prn. Kolia ,
Nakh shnorhavorum em dzez ays hianali kaykedji , nayev dzer shat hetakrkrakan yev parz ou makour lezvov grvats ays patmvatski hamar .
Aravel ouj yev korov dzez yev dzer gortsakitcnerin .
Posted by: Anetik | October 16, 2007 1:08 AM
Sireli Kloia,
Mets hajuykov kardatsi khorimast yev banasteghtsakan grutyund.
Inchqan jisht es vor` "Mardkayin tsegh@ chi karogh yola gnal arants zoheri."
Posted by: Hrair | April 29, 2008 3:11 AM