Ա ն ա վ ա ր տ վ ա ծ ու թ յ ու ն
Սիրանույշ Օհանյան
Համակարգչի սև, փայլփլուն էկրանը մեկեն լուսավորվում է կապույտ երկնքի պես, և անշունչ մկնիկի անխոջ սլաքը որոնում-արթնացնում է լռության գրկում թաղված երգերին։ Գիշերվա մթին, դատարկ աչքերը նայում են շղարշված լուսամուտի պղտոր ապակիներից, իսկ համակարգիչն անզոր ոռնում է.
-Դու ինձ մի լքիր, դու իմ ամեն ինչն ես...
Կիսախավար սենյակի քնած իրերն արթնանում են, երբ ծագում է մթությունը՝ կլանած առաստաղն ու պատերը։ Անճանաչելիորեն փոփոխված ու վախ ազդելու չափ նման իրենց ցերեկային կերպարաններին՝ նրանք սպառնում են պոկվել ու մոտենալ, մոտենալ անընդհատ սեղմվող պատերի հետ։ Համակարգիչն ասես ժպտում է.
- Տարօրինակ ու անանուն խաղալիք էի...
Պատերով պարփակված կիսախեղդ տարածությունը՝ լուսավորված հնամաշ էկրանի լիալուսնագույն ճառագայթումով, թվում է օտար ու անհասկանալի միջավայր։ Փշրված ապակու բեկորների պես այն փակչում է դյուրահավատ թիկունքին ու ծակծկում։ Դեռ լավ է, որ կա մութ գիշերում լիալուսնի պես միակ հույս դարձած էկրանը, և հայացքը կարող է հենարանի նման կառչել դրանից՝ ձևացնելով, որ չի տեսնում ուրիշ ոչինչ։ Համակարգիչը պայծառ ժպիտով լցվում է ականջները.
- Ձեռքերդ վեր...
Խաբկանք։ Թիկունքն անվարան զգում է, որ իրեն են զննում, հետևում գտնվող պատը սպառնալիորեն հարուստ է ու ծանրաբեռնված զանազան մանր՜մունր իրերով, բազմաթիվ գույները սենյակի կիսախավարին հանձնած նկարներով։ Համակարգիչն արդեն մռայլվել է, ձայնը նման է խավարի միայնությանը.
- Ես այստեղ եմ...
Առավոտյան որքա՛՛ն անվնաս ու բարեհամբույր է թվալու այն, որքա՜ն սիրելի ու անհրաժեշտ են թվալու դոդոշի պես լարված խաղալիքանման արարածները, որ հիմա պատրաստվում են կիսախավարի նման ցատկել ու փակչել դեմքով դեպի համակարգչի էկրանը նստած թիկունքի տիրոջ ծոծրակին։ Դա դեռ քիչ է՝ գիշերվա սպանիչ հանդարտությունից զզված քամին տարուբերում է կիսաթափանցիկ վարագույրն ու մի կերպ այն փաթաթում լուսամուտափեղկին։ Տասնամյակների ծանրությունից հոգնած փեղկը զարհուրելի, անվնաս ճռռում է, իսկ համակարգիչը հուզված թվարկում է.
- Ոսկի չունենք, փեթրոլ չունենք...
Ոտքերը շարունակ քոր են գալիս, թվում է, թե մթությանը ձուլված անտեսանելի միջատներ են մագլցում բոբիկ թաթերի վրայով։ Մարմինն աչալուրջ է, հոգատար, և ձեռքերը նախապես քորելու պես շոյում են վախկոտ ոտքերը՝ դրանով հուսալիորեն խանգարելով դեռ չհայտնված վեցոտանիների, ութոտանիների և դրանց նման սարսափելի պստլիկների անակնկալ սողքը։ Համակարգիչը զվարթ գրմռում է.
- Ծագող արևի տունը սա է...
Ծագող արևը, սակայն, անտուն է, աստանդական։ Հիմա հեռու, հեռու է նա, գետնի տակ է անցել ու խխունջի պես դանդաղ, նրա պես պսպղուն հետք թողնելով՝ մեջքի վրա բերում է գալիք օրվա լույսը։ Մինչ այդ՝ չորս պատերի, անտեսանելի հատակի ու ամպամած երկնքի պես ճնշող առաստաղի միջև պարփակված կյանքը իրեն անմնացորդ նվիրում է սուսուփուս գիշերվա իշխանությանը։ Հեռախոսի ճարպիկ մատները որսում են նպատակասլաց բարձրհաճախային ճառագայթները, և եղբոր անտեսանելի ձայնը պատվիրում է.
- Բարևիր տնեցիքին։
Մի պահ զուսպ, խորիմաստ լռում է համակարգիչը, ապա բոլորովին տարբեր, կենսահաստատ ձայնով բղավում.
- Մենք կարող ենք հաղթել...
Գլուխը դանդաղ, զգույշ թեքվում է կիսաբաց լուսամուտից սողացող հովիկին հանդիման։ Աչքի պոչով ընկալված ժպտուն աստղը հիշեցնում է երկնքի գոյության մասին։ Ոտքերն անհամբեր շարժվում են, նետվում երկնքի մոտ։ Նեղ բացվածքից դուրս նայող գլուխը ոգևորված է. գործարանային կիսաթուխ հացի անկատար գոլորշիները գրավում են շնչատար ուղիները։ Համակարգիչը շարունակում է մրմնջալ.
- Գնացին տղերքը ու կորան հեռվում...
Նա դեռ երկար է անկապ երգելու, իսկ արթնացած ստամոքսը չի հապաղում հիշեցնել իր գոյության մասին։ Լուսամուտի տակ աղմկում է հերթական թափառական ավտոմեքենան, և բենզինի խեղդիչ բույրը տիրականորեն նվաճում է սենյակի օդը։ Համակարգիչը հուսահատված է.
- Ես սիրահարված կին եմ... Նա դեռ շատ ասելիքներ ունի։