Ն Ա Խ Ա ՊԱ Շ Ա Ր ՈՒ Մ
Կոլիա Տէր Յովհաննիսեան
Անաստազիայի հետ իմ մտերմութիւնը խորացաւ ինքնաբերաբար՝ ինքս էլ չհասկացայ, թէ ոնց կապւեցի էդ հրաշալի՝ ուրախ ու ծիծաղկոտ աղջկայ հետ,- պատմում էր մեր հարևանուհին Երևանում, երբ մի օր երեկոյեան հիւր էր մեզ մօտ և խօսք էր բացւել նախապաշարումների մասին:
Ամեն անգամ, երբ գնում էի նրա մօտ մազերս յարդարելու, աւելի hանգամանօրէն էի ծանօթանում իր կեանքի ողբերգական դրւագներին, որոնք վերյիշելիս, նա, այնուամենայնիւ, լրջանում էր, խօսում էր աչքերը լցւած, բայց յետոյ արագ տիրապետում էր իրեն ու բարձրացնելով նւագարկչի ձայնը՝ ժպիտը դէմքին, սկսում էր նւագի տակտով ուսերն ու կոնքը շարժել ռիթմիկ: Ճիշտն ասած՝ գործին համընթաց էդ պարային շարժումները չէի սիրում, բայց բան չէի ասում:
Ուրեմն, խորհրդային վերջին տարիներին իրենով մեկ ամսական յղի երգչուհի մօրը բախտ է վիճակւում ինչ-որ հիւրախաղերի առիթով մեկնել արտասահման, ուր ընկերուհու հետ գաղտնի դիտում է Ցարիզմի տապալումը պատկերող «Անաստազիա» կինոնկարը:* Ազդւում է, յուզւած վիճում է ընկերուհու հետ, որը սիւժէն համարում է աղաւաղւած ու «կապիտալիստական հերթական սադրանք»: Աւելի է ատում տիրող կարգերն ու ցնցւած ցարի ընտանիքի կոտորածի տեսարանից, հաստատ որոշում է աղջիկ ծնւելու դէպքում՝ անունը դնել Անաստազիա: Տատը տրտնջում է ասելով, որ էդ երկար ռուսական անունը իր սրտովը չէ: Իսկ հայրն ասում է.
- Այ կնիկ գժւե՞լ ես, ինչու անպայման ցարի աղջկայ անուն, մարդիկ ինչ կմտածեն, կդնենք Նինել կամ նման մի բան:
Մայրը ծիծաղում է ամուսնու զգուշաւորութեան ու ստորաքարշութեան վրայ: Ծնւում է սպիտակ մորթով սիրունիկ մի աղջիկ, որին՝ հակառակ հօր կտրուկ ընդդիմութեանը՝ տատիկի խնդրանքով կնքում են մօտիկ եկեղեցում ու մօր պնդումով անւանում Անաստազիա: Անաստազիայի բարեկամների թւում այսպիսով աւելանում է նաև Երևանից հրաւիրւած ամուրի կնքահայրը, որը համարւում էր հօր մանկութեան մօտիկ ընկերներից մէկը:
Գիւմրիի երկրաշարժից ընդամենը կէս ժամ առաջ տատիկը Անաստազիային տանում է զբօսանքի: Յանկարծ երկինք ու գետին իրար են խառնւում, իսկ սայլակի մէջ մուշ-մուշ քնած փոքրիկը անտեղեակ զարհուրելի աղետին, փրկւում է հրաշքով. տատիկը մարմնով ծածկում է սայլակը՝ վերից թռչող բեկորների հարւածն ընդունելով իր մէջքին: Մայրն ու հայրը ճզմւում են փլատակների տակ: Նրանց ազգականներից չի փրկւում ոչ ոք: Տատիկը Անաստազիային յանձնում է Երևանի մանկատներից մէկի խնամքին և շատ չանցած ինքն էլ մեռնում է վշտից ու յուսահատութիւնից:
Էս բոլորի մասին նրան պատմում է մանկատան տիրուհին, երբ Անաստազիան հանրապետութեան անկախացումից յետոյ գերմանական պետութեան հովանավորութեամբ իր նման մի խումբ որբուկների հետ պատրաստւում էր երկու տարով մեկնել Գերմանիա:
- Տատդ համոզւած էր, որ դու փրկւել ես Աստծոյ ողորմածութեան ու... անունիդ շնորհիւ,- ասում է նրան մանկատան տիրուհին,- տատիդ կարծիքով մայրդ անունդ ընտրել էր ենթագիտակցօրէն՝ աղետը կանխազգալով...
Տատիկի խօսքերի իմաստը Անաստազիան հասկանում է շատ ուշ, երբ պատահաբար կարդում է Ռոմանովների դինաստիայի քստմնելի նախճիրից՝ արքայադուստր Անաստազիայի ստոյգ մահից հրաշքով փրկւելու լեգենդը: Իսկ խօսելով Աստծոյ ողորմածութեան մասին տատիկը երևի նկատի էր ունեցելել իր կնքւած լինելու հանգամանքը:
Գերմանիայում ապրած երկու տարիների տպաւորութիւնները շատ ամուր էին դրոշմւել Անաստազիայի յիշողութեան պաստառի վրայ. մտաբերում էր ու պատկերաւոր նկարագրում օրինակ՝ գիշերօթիկ դպրոցի սրահի բարձրադիր պատուհաններից ներս թափանցող արեգակի շողերի խրձերը, ամպամած օրերի մռայլութիւնն ու տաղտուկը, ճաշարանի երկար փայտէ սեղանները՝ որոնց երկու կողմերում նստոտում էին իր նման որբ աղջիկներ, երկյարկանի մահճակալներով ննջասրահը, խաղի հրապարակն ու իր գերմաներէն խօսելու հետ կապւած զաւեշտական դէպքեր: Ծիծաղելով պատմում էր, թէ ինչպէս մի անգամ ընկերուհու հետ միասին «կորել էին» գերմանական փոքրիկ քաղաքում ու «գտնւել»՝ խաղալիքների խանութի բարի վաճառորդուհու հեռախօսազանգի շնորհիւ: Նա միշտ բարձի տակ պահում էր վաճառորդուհու նւիրած փոքրիկ կուկլան...
Գերմանիայից վերադառնալուց յետոյ կնքահայրը Անաստազիային տանում է իր մօտ և երկու սենեականոց բնակարանի մէկ սենեակը յատկացնում աղջկան՝ ինքը տեղաւորւելով փակ պատշգամբում: Ողջ կեանքը մանկատներում անց կացրած որբուկի համար, սա իրօք մեծ անակնկալ էր: Անաստազիան ընդդիմանում է, բայց անզօր է գտնւում բարի կնքահօր յամառ պնդումների առջև: Ամուրու նախկին մռայլ բնակարանը լցւում է, գեղեցկանում, դառնում է ուրախ ու առինքնող: Կնքահայրը երես տալու չափ պաշտում է հասունութեան շեմին հասած որբուկին: Գիտակցական տարիքում հարազատներին սիրելու կամ նրանց կողմից սիրւելու երբևէ առիթ չունեցած որբուկը էնպէս է կապւում կնքահօր հետ, որ իր պատմելով նոյնիսկ արբունքի հարցով առաջինը դիմում է նրան...
Ութերորդ դասարանից յետոյ Անաստազիան անիմաստ է համարում շարունակել ուսումը: Ուղղակի չի ցանկանում բեռ դառնալ: Գերմանիայում եղած օրերին նրան անչափ դուր էր եկել մանկատան տիրուհու մազերը յարդարող վարսավիրուհին: Իր ասելով՝ եթէ թողնէին ժամերով կը նստէր ու կը դիտէր նրա մատների արագ ու վարժ շարժումները: Ուստի, կարճ ժամանակում փորձ ձեռք բերելով, Անաստազիան գործի է անցնում քաղաքի նորաբաց գեղեցկութեան սրահներից մէկում՝ միաժամանակ շարունակելով յարդարումի ու մերսումի յատուկ կուրսեր:
Մի անգամ սովորականի պէս, երբ գնացել էի վարսաւիրանոց, նրան գտայ չափից դուրս անտրամադիր ու լացից կարմրած աչքերով: Ինձ տեսնելով, աւելի յուզւեց: Ասես ուզում էր սիրտը բացել մէկի առաջ: Աղջկայ կցկտուր պատմածներից հասկացայ, որ կնքահայրը հիւանդացել է թոքերի առաջացած քաղցկեղով ու փոխադրւել հիւանդանոց: Ի՞նչ ասէի, մի քիչ սիրտ տւեցի ու խոստացայ այցելել իրեն: Սակայն տարւած առօրեայ հոգսերով խոստումս մոռացայ ու յիշեցի մէկ էլ, երբ տեղեկացայ, որ կնքահայրը մահացել է: Անմիջապէս գնացի: Տանը բացի Անաստազիայից ներկայ էին նաև հանգուցեալի հեռաւոր ազգականներն ու բարեկամները: Իսկ ոտից գլուխ սևազգեստ հագած Անաստազիան ոչ մի կերպ չէր հանդարտւում: Թւում էր, թէ հարազատների կորստի կուտակւած վիշտը միանգամից դուրս էր ժայթքել ու ողողել իր ողջ էութիւնը: Գրկեցի կրկնակի որբացած տասնեօթամեայ աղջկան, ակամայից սեղմեցի կրծքիս, ասես կասեցնելու՝ նրա փխրուն մարմնի տանջալի ցնցումները:
Անցան օրեր: Անաստազիան շատ դժւար էր տանում նոր հարւածն ու իր ակամայ մենութիւնը: Չէր շպարւում, գունատ էր ու ներւային: Կնքահօր կտակի համաձայն բնակարանը դառնալու էր Անաստազիայի սեփականութիւնը: Ով լինէր նրա տեղը վեր-վեր կթռչէր, բայց ինքը լիովին անտարբեր էր: Հազիւ համոզեցի՝ միասին գնալ ու ձևակերպել բնակարանի թղթերը:
Անաստազիան բացի իր գործընկերուհիներից, ուրիշ ընկերներ չունէր: Առհասարակ դժւար էր մտերմանում: Սակայն մի օր նրան հանդիպեցի փողոցում մի տղայի հետ ուրախ, անբաժան ժպիտը դէմքին: Ճիշտն ասած տղան դուրս չեկաւ. իրեն վերին աստիճանի անկաշկանդ էր պահում: Երևում էր հարուստ ընտանիքի զաւակ է. վերջին մոդելի մեքենայ ունէր, հագել էր ջինս շալվար ու կրծքի վրայ վիշապ պատկերող սև բլուզ: Ինչևէ, զգացւում էր, որ թունդ սիրահարւել է աղջկան: Գալով Անաստազիային, ինձ թւաց, որ անուշադիր ու անփոյթ է տղայի նկատմամբ կամ էդպէս է ձևացնում:
Չէր անցել երկու ամիս, երբ մի օր լսեցի, որ տղան զոհւել է մեքենայի արկածով. խմած է եղել. գիշերը Անաստազիային հասցրել է տուն ու վերադարձին ուժգնորէն բախւել մի բեռնատարի... Ելայ, գնացի վարսաւիրանոց: Անաստազիան աշխատում էր լուռ, մեքենաբար: Ինձ դիմաւորեց լցւած աչքերով: Աւարտեց աշխատանքը, անմիջապէս եկաւ նստեց իմ կողքին, բայց իրեն պահում էր օտարի պէս: Նրա վճիտ աչքերի խորքում տեսնում էի վշտի հետ միախառնւած սարասափի արտայայտութիւն. տարօրինակ հայեացքով էր նայում ինձ և հարցերիս պատասխանում էր ալարկոտ, չկամութեամբ: «Երևի վիրաւորւել է ինձանից զգալով, որ չէի սիրում տղային», անցաւ մտքովս ու տխուր հեռացայ: Սրահի դռան մօտ ակամայից շրջւեցի ու զարմանքով նկատեցի, որ Անաստազիան դեռ աթոռին նստած լուռ հեկեկում է:
Անցաւ մէկ, թէ մէկ ու կես տարի: Աւելի քիչ էի գնում Անաստազիայի մօտ, զգում էի, որ խուսափում է ինձանից: Կարծում էի՝ իմ հանդէպ քէն ունի պահած իր սրտում: Չմոռանամ ասել, որ Անաստազիան շատ էր փոխւել, փարթամացել էր՝ դարձել սլացիկ հասակով անթերի գեղեցկուհի՝ վերագտնելով իր նախկին զւարթ, ծիծաղկոտ բնոյթը: Դարձեալ աշխատելիս, նւագի ձայնով ռիթմիկ շարժում էր ուսերն ու կոնքը: Ասես դրանով մարտահրաւէր էր նետում կեանքին ու ճակատագրին...
Մի օր էլ յայտնեց, որ վիզան ստացւել է՝ գաղթում է Ամերիկա: Չգիտէի, որ դիմում է տւել գնալու համար: Անչափ ազդւեցի: Առհասարակ ինձ ցաւ է պատճառում արտագաղթը, իսկ Անաստազիայից բաժանւելը իրօք դժւար էր: Ասաց, որ իր «նշանածը» շուտով պիտի գայ Ամերիկայից, հարսանիք անեն ու միասին մեկնեն այնտեղ: Ուրեմն նշանած էր ունեցել ու գաղտնի պահել: Ուրախութեան գագաթնակէտում էր: Երջանկութիւն մաղթեցի, համբուրեցի ու հեռացայ տրտում: Ինքս էլ օգտւելով ամառային արձակուրդից երեխաների հետ երկու ամսով մեկնեցի Մոսկւա քրոջս մօտ: Գուցէ տարօրինակ հնչի, բայց այստեղ ոչ ոք չէր կարողանում իմ ուզածի պէս յարդարել մազերս: Սրտնեղւում էի յարուցելով քրոջս զարմանքը: «Դու էլ քո էդ Անաստազիաով զահլա տարար», մի օր բարկացաւ նա...
Վերադառնալուցս մի քանի օր անց, ակամայից զանգեցի վարսաւիրանոց ու հետաքրքրւեցի Անաստազիայի հարսանիքի ու մեկնելու մասին: Պատասխանեցին, որ չի մեկնել ու կարող է սպասարկել ինձ: Զարմացայ ու երկմտեցի՝ իմ հաշւով նա արդէն Ամերիկայում պիտի լինէր: Խնդրեցի եթէ հնարաւոր է ինքը գայ ինձ մօտ, դէ', գիտէք գործատեղիում հանգիստ խօսել չի յաջողւում: Եկաւ երեկոյեան շրթերի վրայ՝ դալուկ մի ժպիտ... Ողջագուրւեց սառը: Աւելի կանացի էր դարձել, աւելի հասունացած, աւելի խոհուն: Այնպէս էի ուզում գրկել նրան, փաղաքշել, բայց ինչ-որ քաշւում էի:
Սկզբում խուսափողական պատասխաններ էր տալիս իմ հարցերին: Բայց յետոյ կամաց-կամաց թաց աչքերով սիրտը բացեց ու պատմեց ամեն բան. նշանածը գալիս է ժամանակին: Հիանալի օրեր են անցկացնում՝ սիրով ու երջանկութեամբ լի: Բայց երբ ուզում են հարսանիքի պատրաստութիւն տեսնել, Անաստազիան ընդդիմանում է:
-Վախենում էի,- իմ բազմաթիւ ինչուներին վերջապէս պատասխանեց կարճ՝ գլուխը կախ:
Ուղղակի շշմել էի:
-Վախենում էիր Ամերիկա գնալո՞ւց,- հարցնում եմ տարակուսած:
-Չէ:
-Գուցէ վախենում էիր ամուսնական կեանքից:
-Չէ, ի՜նչ ես ասում...
-Իսկ սիրո՞ւմ էիր նշանածիդ:
-Շատ էի սիրում, իմ սրտի ուզածն էր,-ասում է տխուր:
-Բա ո՞նց մերժեցիր:
-Եսիմ, որովհետև շատ էի սիրում...
Մի պահ մտածեցի՝ աղջիկը խելագարւել է: Ուշադիր նայեցի աչքերի խորքը:
-էդպէս մի նայի'ր, խելքս տեղն է,- ասաց դառը ժպտալով ու հատ հատ աւելացրեց,- շա՜տ վատ երազ տեսայ՝ վախենում էի նրան էլ մի բան պատահի...
-Անաստազիա', գժւե՞լ ես, ինչ է... Միթէ՞ կեանքը խաղալիք է...
Նա նայեց ինձ նախատական հայեացքով ու դատավճիռ կարդալու պէս հանդիսաւոր ասաց.
-Հասկացի'ր, բոլոր նրանց ում սիրել եմ, չկա՜ն...
-Բայց, ախր, դա միայն...սին նախապաշարում է,- նշեցի յուզւած:
Նա լուռ բարձրացաւ տեղից ու բացելով աշխատանքային պայուսակը հազիւ լսելի ձայնով ասաց.
-Քեզ էլ եմ շատ սիրում, թող գլուխդ յարդարեմ ու գնամ:
-Էդ պատճառով էի՞ր քեզ հեռու պահում ինձանից, յիմա'ր...
Նա գլուխը կախեց:
-Իսկ նշանա՞ծդ,- ձեռք չէի քաշում ես...
-Ժամանակը կարճ էր, վերադարձաւ Ամերիկա, բայց ասաց, որ նորից կը գայ:
Այն օրւանից դեռ չեմ հանդիպել Անաստազիային,- պատմութիւնն այսպէս աւարտեց հարևանուհին,- երևի էսպէս աւելի լաւ է թէ' իր, թէ' ինձ համար... Գուցէ դա փոքրոգութիւն համարէք, բայց գիտէք, նրա խօսքերից յետոյ, իմ սիրտն էլ ահ է ընկել...
2007-08-05
Թեհրան
* Ամերիկեան 1956 թւի արտադրութիւն՝ Ինգրիդ Բերգմանի և Իւլ Բրայ-նրի մասնակցութեամբ: