Թարմացվում է երկու շաբաթը մեկ՝ շաբաթ օրերը
فارسي

Ա ն կ ո տ ր ու մ ը

Սիրանույշ Օհանյան


ankotroum.jpg
Գետի մեջտեղում մեծ ու անհրապույր մի քար էր դուրս ցցվել. այդ քարի վրա գլխիկոր նստել էր քայլողը: Արևն անխնա այրում էր թիկունքը, ջրի անդորրաբեր ձայնը թվում էր զայրացուցիչ ու անհանգստացնող: Երկինքը սպիտակել էր սպասումից, իսկ քայլողն արդեն անտարբեր էր դրա հանդեպ: Գետը հանդարտ իր ուղին էր շարունակում:
Քայլողին թվաց, թե ամայի ու անմարդաբնակ կղզու մենիշխան բնակիչն է. կղզին այդ անշարժ ջրերի մակերեսով հանդարտ սահում էր հեռո՜ւ, հե՜ռու: Քայլողը սթափվեց ցանկալի երազից: Ո'չ: Ինքն անշարժ էր, մինչդեռ ջրերը շարունակ առաջ էին վազում՝ հետ թողնելով իրեն: Քայլողը վհատված նայեց շուրջը: Գետի ափագծերից անդին անվերջորեն տարածվում էր քարքարոտ, կիսաանապատային տափաստանը՝ զուրկ կանաչ ծածկույթից ու կենդանի բնակիչներից: Այնտեղ, ուր միանում էին հավերժ ցանկալի հորիզոնն ու երկինքը, կապտասև երիզ էր նշմարվում՝ հավանաբար վիթխարի անտառի մասին վկայող, սակայն քայլողը դառը փորձից գիտեր, որ անիմաստ է դրան ձգտելը: Երկնքի ու հորիզոնի պես անհասանելի էր այն, երկնքի ու հորիզոնի պես հրապուրիչ. գուցե իսկապես երկնքի ու հորիզոնի մի մասն էր կազմում՝ նրանց պես պատրանքային, նրանց պես երևութական: Քայլողն էլ չէր մտածում այդ մասին: Լայնատարած հարթություն թվացող այս մոլորակի մակերևույթը չէր հետաքրքրում նրան: Քայլողին վերևն էր ձգում. այն ինչ կայ երկնքում և նրանից անդին:
Մի անգամ իրեն ասացին, որ դեպի երկինք տանող միայն մի ուղի կա. Ստույգ, հուսալի, բազմիցս փորձված: Ճիշտ է՝ երկար բավականին, ճիշտ է՝ դժվար բավականին, սակայն ուղի էր այնուամենայնիվ և ընդ որում՝ միակը: Միակը և կատարյալը, քանզի անկատար բաները շատ են և կրկրնվում են:
Դա եղավ քայլողի անխռով կյանքի ավարտը: Մոլեգին որոնումները դարձան նրա կյանքի իմաստը: Նպատակը երկինք հասնելն էր, երկնքից անցնելը, իսկ քայլողն ամբողջ հոգով ընդդիմանում էր միակությունների և ուղիների դեմ: Իր կարծիքով՝ փակուղի են բոլոր ուղիները և բռնություն՝ բոլոր միակությունները: Քայլողը հավատարիմ մնաց իրեն . չկա ուղի, չկա միակություն . ուղիները ստեղծվում են քայլելիս, միակությունները հաստատվում են հասնելիս, և նրանք հարափոփոխ են մշտահոս ջրերի պես: Քայլողը սկսեց տքնաջան որոնումները: Փոխանակ ընթանալու ուղիով, որը ամենակարճն էր, ամենահուսալին, ուստիև՝ ամենահարգարժանը, փոխանակ ընդունելու ակնհայտը, որը հաստատաբար խոստանում էր ապահովություն և հաղթանակ, քայլողը բռնեց մոլորուն թափառումների խճճված ճանապարհը:
Որոշումն ընդունելուց հետո սկսվեցին անախորժ ու տարօրինակ երևույթները: Դրանցից ամենաէականը այն էր, թերևս, որ Քայլողն իրեն գտավ քարքարոտ ու կիսաանապատային տափաստանում . ասես հրաշքով ՝ չքացել էին լեռներն ու ծառերը բոլոր . բուսականության, կենդանական աշխարհի ու մարդկային բնակության ոչ մի հետք այնտեղ, ուր առաջներում քաղաքակրթութեան և բնության հակասական դաշինքն էր պարզել իր ամուր բռունցքը: Դա նման էր մանկության հրաշապատում հեքիաթներին, երբ աչքդ ճպած՝ հայտնվում էիր անծանոթ ու տարաշխարհիկ միջավայրում: Քայլողը դեռ չէր հասցրել ուշքի գալ անակնկալ հարվածից, երբ մի նոր երևույթ հայտնաբերեց. Այստեղ չկար վերևի հասկացությունը, կամ իրեն գոնե այդպես էր թվում: Նախկինում կարծում էր, որ առաջ գնալ՝ նշանակում է վերև գնալ, և որ երկինքը տարածվում է ամենուրեք. Վերևում և ներքևում, առջևում և հետևում: Իսկ հիմա աշխարհը դարձել էր սահմանափակված վերևում տարածվող կիսակոր երկնքով ու հեռուներում եզրագծված ծառերի մութ կերպարներով, և այդ ամենին խորթ ու անհարիր էր թվում հանդարտ, անշտապ իր ուղին արարող գետը, որի ջրերը, անհասկանալի է, թե ինչու, չէին նպաստում բուսականության աճին:
Քայլողը սրտի ցավով գիտակցեց, որ իր ընտրությունն է այդ ամենի պատճառը: Կարելի էր մտածել, որ իր ընդունած որոշումը արտաքսել էր իրեն մի աշխարհից, որը չէր կարող ընդունել որևէ այլախոհություն . և իրականում հենց այդպես էլ կար: Այդ միտքը շշմեցրեց իր հստակությամբ ու անաչառությամբ . ոչ թե մարդիկ են իրեն արտաքսել, ոչ թե աշխարհը չի ընդունել իրեն, այլ հենց իր ստեղծած աշխարհի գերագույն օրենքի հետևանքով է ինքը դարձել միայնակ ու տարբերվող: Եթե ընդուներ երկինք տանող միակ ուղու հնարավորությունը՝ ոչինչ չէր փոխվի նախկին կյանքից ու աշխարհից, կունենար այն ամենը ինչ ունեցել էր: Իսկ հիմա իրենն էր լոկ գետը, սպիտակությամբ ծպտված երկինքն ու անհրապույր տափաստանը:
Սկզբում քայլողն անվհատ փնտրում էր: Երկար ու դժվարին ուղևորություններ ձեռնարկեց իրեն տրված աշխարհի բոլոր ուղղություններով, պրպրտող հայացքն ամբարեց ամենայն նորութիւն: Եվ շատ էր հոգնությունը, չնչին՝ վաստակը: Դեպի հորիզոնն էր ձգտում, բայց որքան երկարում էր ճանապարհը, այնքան հեռանում էր հորիզոնը: Հեռավորությունը քայլողի և հորիզոնի միջև շարունակ փոփոխվում էր, մի անգամ նույնիսկ քայլողը հայտնվեց դեմ-դիմաց կապտավուն անտառ հիշեցնող զանգվածին, թվաց, թե ձեռքը պարզեր՝ կշոյեր ծառերի բների նմանվող սահմանագիծը, սակայն խաբվեց դարձյալ: Տհաճ և ահազդու էր այդ անհասանելի մոտիկությունը: Քայլողը գերադասեց ետ դառնալ դեպի գետը . այն ապահովություն էր խոստանում և չէր փախչում իրենից: Սկսեց բարձրանալ գետի հոսանքով ի վեր: Աջակողմյան ափով էր քայլում: Մտածեց՝ կհասնի ակունքին, այնուհետև պարզ կդառնա, թե ուր գնալ: Կարծում էր, որ տափաստանը կվերջանա այնտեղ, որտեղից սկզբնավորվում է գետը: Հավանաբար, դա մի նոր աշխարհի փնտրված դուռը կբացի, որն էլ կլինի ելքը տափաստան-փակուղուց: Օրեր ու գիշերներ անցան: Անհրապույր էր ճանապարհը, ձանձրալի: Ոչինչ չէր պատահում՝ տարբեր տեսածից, ոչ ոք չէր հանդիպում: Երբեմն քայլողին թվում էր, թե կապված նժույգի պես շարունակ դոփում է տեղում . միայն օրերի հերթագայությունն էր հիշեցնել տալիս որևէ փոփոխության մասին: Նույն անհասկանալի գետը, նույն անհասանելի երկինքը, նույն անընտել տափաստանը: Նույնն էր հորիզոնը՝ խորհրդավոր ու առեղծվածային, խնամքով ծածկած գաղտնիքը, որը քայլողն ուզում էր բացահայտել: Ամեն ինչ իր դեմ էր, ամեն ինչ խնամքով պահում էր իր իսկական դեմքը . ծպտված տափաստանը, դավադիր գետը, սպիտակ երկինքը՝ ամենքը միավորվել էին հանուն փակուղու կատարելագործման: Գետը հոսում էր առաջ ու առաջ, հեռուն ու հեռուն: Միայն նրա ջրերի ընթացքն էր հուշում շարժման առկայության մասին: Անցան ժամանակներ, և դա պատրանք թվաց քայլողին: Իսկ գետը մշտապես առաջ էր հոսում՝ ի հակառակ գետի հոսանքով ի վեր բարձրացող քայլողի: Հենց դա էր անհաղթահարելին:
Գետի լայնությունը նույնպես չէր փոխվում, ջրի անշտապ վազքը չէր փոխում սկզբնապես հաստատված արագությունը: Տեղում դոփող քայլողին թվում էր, թե վաղուց պետք է հասած լինի ակունքին: Սկսեց կասկածել, թե արդյո՞ք չէր շրջանցել այն, ինչ որոնում էր: Կասկածներն ու հիասթափությունները ջլատել էին նրա հավատը: Մի գիշեր անբացատրելի բացահայտման պահ ապրեց և հասկացավ, որ հաջորդ այգաբացին կտեսնի գետի ծնունդը: Արևը բարձրացավ թիկունքում, քայլողը ոտքերի տակ տեսավ իր հսկայական ստվերն ու գետաբերանը: Գետը սկզբնավորվում էր ինքն իրենից, գետը փակում էր ինքն իր մեջ: Բոլոր հույսերը մեռան այդ պահին:
Երբևէ չէր կարող երևակայել, որ միշտ մի ուղղությամբ հոսող գետը, երբեք իր ուղղությունը չփոխող գետը, ուղղաձիգ կթափվի ինքն իր մեջ: Զարհուրելի տարակույսները նվաճեցին քայլողի բազմահոգ հոգին: Աջն ու ձախը կորցրել էին իրենց սկզբնական իմաստները: Անհնարին էր կողմնաորոշվել՝ ինքը գետեզրից դուրս է, թե՞ ներս, գետն իր համար արտաքին աշխարհ է, թե՞ ներքին: Բաց տիեզերքում, տարածության ու ժամանակի անըմբռնելի խաղերի հետևանքով, գուցե հնարավոր լինել ապրել նման զգացում, սակայն այստե՞ղ, հարթության վրա՞: Քայլողն իսկապես թևաթափ էր: Եթե նույնիսկ ինքը քայլել էր որևէ թաքուն ոլորտի կորության հետքերով, եթե նույնիսկ ինքը շրջանցել էր կենտրոնն ու վերադարցել սկզբնակետին, ինչպե՞ս է, որ չէր նկատել դրսի ու ներսի տարբերությունը: Կամ՝ գուցե դրանց միաձուլումը:
Ուժահատ գլխապտույտից հետո բռնեց վերադարձի ճամփան: Հիշում էր, որ ինչ-որ տեղ գետի միապաղաղությունը խախտում էր հսկայական ժայռաբեկորը: Փրկության կղզու պես պատկերացրեց այն: Որոշեց վերադառնալ, հավաքել ուժերը, ապա վերջնականապես որոշել անելիքը:
Գայթակղության ոգին տանջում էր քայլողին: Աչքերի առաջ տեսիլքներ էին գալիս . մարդիկ, որոնց ճանաչել էր, վայրեր, որտեղ ապրել էր, ճանապարհներ, որոնցով քայլել էր: Ցնորքները բզկտում էին քայլողի հոգեկան կայունությունը, փոքրոգի կասկածներ սերմանում իր ընդունած վճռի հանդեպ: Մի անգամ նունիսկ թվաց, թե իրական արարածի հանդիպեց՝ անցյալի ուրվական, որի նմնաը չէր տեսել իր կամավոր արտաքսումից ի վեր: Ուրվականը հիշեցրեց դեպի երկինք տանող ավանդական ուղու մասին: Քայլողը շփոթվեց: «Միայն ցանկացիր, և այն կբացվի քո առաջ»,- ասաց ուրվականն ու անէացավ: Քայլողը սեղմեց ատամներն ու շարունակեց ընթանալ դեպի նավահանգիստ-ժայռը:
Վերադարձի ճանապարհն ավելի երկար տևեց, ավելի երկար ձգվեց: Քայլողը շատ բան սովորեց այդ նորահնար երևույթներից: Արդեն հասկացել էր, որ չի կարելի հույսը դնել ոչ ժամանակի և ոչ իսկ, առավել ևս, տարածության վրա: Տափաստանը եզերող հորիզոնը կրկին երևաց իր նախկին գույներով: Աշխարհում նորից հաստատվեցին տափաստանի դարչնագույնը, ջրի գորշությունն ու երկնքի սպիտակը: քայլողը հարազատության սփոփիչ զգացում ապրեց դրանց հանդեպ: Արևն արդեն ծագում էր դիմացից՝ այնտեղից, դեպի ուր ընթանում էին քայլողն ու գետը: Բայց գետի ընթացքը խաբուսիկ էր . նրա համար միախառնվում էին առաջն ու հետը: Քայլողը հանկարծ հասկացավ, որ գետը իրեն ևս ներգրավել է իր փակ ուղեծրում: Բայց նրան արդեն դժվար էր զարմացնել կամ վախեցնել աշխարհի տարօրինակություններով:
Ուրվական տեսիլքը մի անգամ էլ երևաց: Այս անգամ բազմաթիվ ձայներով խոսեց: Հիշեցրեց նախկին բազմագույն կյանքի մասին, հեշտ ու միակ ուղու մասին: Տպավորություն ստեղծեց, թե երկինքն ունի իր՝ քայլողի կարիքը, թե երկինքն ուզում է օգնել նրան: Անողոք երկինքը, որը նույնպես պահանջում էր հետևել միակությանը: Քայլողն իրեն լքված զգաց: Հեռվում ուրվագծվում էր գետի միջից վեր խոյացող քարի հանգստաբեր կերպարանը: Քայլողն արագացրեց քայլերը: Դեռ իրիկուն չեղած: հասավ:
Վաղուց չէր ապրել ջրի հետ շփվելու անկրկնելի բերկրանքը: Ուրախությունից երգելով՝ հանձնվեց դանդաղահոս ալիքների հոսքին և լողաց դեպի քարը: Բարձրացավ, պառկեց ու քուն մտավ՝ մոռացած ամեն կորուստ ու դառնություն:
Գետի մեջտեղում մեծ ու հարմարավետ մի քար էր դուրս ցցվել . այդ քարի վրա գլխիկոր նստել էր քայլողը: Անհրաժեշտ էր վճիռ ընդունել, անհրաժեշտ էր ճանապարհ ընտրել: Քայլողը հանդարտ, անշտապ խորհում էր: Ուրվականը համբերատար սպասում էր: Հո՞ այս անգամ չի կարող մերժել: Երկինքը կանչում էր նրանց երկուսին, և նրանցից յուրաքանչյուրին թվում էր, թե երկինքը միայն իրե'ն է կանչում: Երկուսն էլ համոզված էին, որ իրենք պետք են երկնքին: Ուրվականը ուներ հանձնարարություն, իսկ քայլողը համոզված էր, որ ինքն էլ ունի ի'ր հանձնարարությունը: Տարբեր են ուղիները, բայց նույնն է նպատակը: Քայլողն ասես կարդում էր ուրվականի մտքերը: Բարձրացրեց գլուխը, անթարթ նայեց ուրվականին, ապա՝ երկնքին: Ո'չ, ասում էր նրա աներեր հայացքը: Ուրվականը հեռացավ: Քայլողը ոտքի ելավ ու կրկին սկսեց իր ուղու որոնումները: Չի կարող ելք չունենալ փակուղին,-ա'յս էր նրա վճիռը:

 

Կարծիքներ

Մեծ ապագայ է խոստանում Սիրանուշ Օհանեանը: Հիացմունքով կարդացի իր այս գործը: Նիկոլա

Ձեր Կարծիքը