Բ ռ ն կ ու մ ն ե ր
Սիրանույշ Օհանյան
Բարձրից նայողին թվաց, թե ներքևում չարաճճի կայծեր են պար բռնել. զվարթ կայծկլտում էին, թռչում էին դեպի երկինք, միմյանց բախվում-զորանում: Կայծերն աստիճանաբար միաձուլվում էին այստեղ-այնտեղ, փունջ-փունջ խայտում, հրե ձեռքերի նման որոնում- գտնում մեկմեկու: Վազող հրի մի շերտ էր ձևավորվում՝ շարունակաբար մղվելով առաջ, գրավելով ավելի ու ավելի ընդարձակ տարածություններ. տարածությունն ինքը վերածվում էր ամենակուլ խարույկի: Շիկացած օդը ձգտում էր դեպի երկինք. Բարձրից նայողն անախորժ տոթ էր զգում: Շուտով նայելն էլ արդեն անտանելի դարձավ: բարձրից նայողը փակեց աչքերն ու սլացավ վեր: Չտեսավ, թե ինչպես հաղթական ծփացող համընդգրկուն խարույկից լոկ մի բուռ մոխիր մնաց՝ անհուսորեն ցրված անսահման աստեղային տարածության հորիզոններում:
«»«»«»
Մոլորակ անապատ էր: Ոչ ջուր, ոչ կանաչ ծածկույթ. լոկ չոր ավազ ու զազրելի զեռուններ: Եվ մոլորակ-անապատն ապրում էր իր անկրկրնելի կյանքով:
Կարմիր ավազի թագավորության վրա իշխում էր հրակարմիր արեգակը: Շռայլորեն թափում էր իր կիզիչ շողերը, իսկ շնչահեղձ մոլորակը թավալգլոր, հուսահատ ընթանում էր անխոտորելի ուղիով՝ խեղդվելով իր արևի շնորհած շռայլությունից: Ավազի տակ, ավազի մեջ վխտում էին ավազագույն զեռունները, բազմանում և կեր գնում միմյանց: Մոլորակ-անապատն ապրում էր իր անապատային կյանքով:
«»«»«»
Որտեղի՞ց հայտնվեց առաջին կայծը՝ ավազի ոգին այդպես էլ չհասկացավ: Ամեն ինչ շատ արագ կատարվեց. Ակնթարթն անսահմանորեն երկար էր պահն ընդգրկելու համար: Կայծը զորացավ, մեծացավ. Թվում էր, թե սնվում է ինքն իրենից՝ ընդարձակվելով սպառվելու փոխարեն: Շուտով զվարթ խարույկ էր բոցկլտում՝ թեթևամտորեն սպառնալով կլանել ավազն ու իր բնակիչներին: Անապատի անտարբեր մարմինը կրճտոցով թոթափեց նախաստեղծ թմբիրն ու գործի անցավ: Ավազի հսկայական թմբերը մեղուների խիտ պարսերի պես հարձակվում էին ինքնավստահ խարույկի ոչ-անապատային ջերմության վրա, հուսահատ պայքար մղում՝ կամենալով հագցնել հրե կյանքն ու թաղել սորուն ավազի տակ: Խարույկը դիմադրում էր մոլեգնաբար լափում փոշեհատիկ-ավազներն ու… տեղի տալիս: Շուտով բոցերը վերածվեցին ավազե հատիկներով հագեցած ծանր զանգվածների ու գահավեժ թափվեցին ներքև: Մարող խարույկը՝ ծնված հանկարծահայտ կայծից, կամաց-կամաց թաղվում էր անապատային ավազի ամենակուլ շերտի տակ: Արդեն ոչինչ չէր հիշեցնում քիչ առաջվա պայքարը՝ համառ, հագեցած անապատին ու կրակին բնորոշ դիվական ձայներով: Անապատի անվրդով կյանքի խաղաղությունը կեղծ վստահությամբ կրկին փռեց իր անշարժ թևերը: Սակայն ավազը գիտեր, գիտեր, որ իր գրկում անթեղված մոխիրը երբևէ ահասաստ կրակ է եղել:
«»«»«»
Անկախատեսելի առաջին կայծին ժամանակներ անց հաջորդեց երկրորդը: Անապատն իրարով անցավ. կայծը հիշեցնում էր իր նախորդին՝ հրաշեկ, սպառնալիօրեն զվարթ ու անդադար զորացող: Քնած ավազը զայրույթով ծառս եղավ, հարձակվեց հանդունգն անճանաչելիի վրա: Եվ պայքարը կրկնվեց նոր ուժով, ունեցավ հին վախճանը՝ սորուն ավազի շերտի տալ անհույս թաղված ևս մի անթեղված մոխրակույտ:
«»«»«»
Անապատի անողորմ արևն անփոփոխ շռայլում էր իր կիզիչ շողերը, իսկ անապատի ավազի ոգին ապրում էր սպառնալիքներով խաթարված կյանքով: Երբեմն-երբեմն մոլորակ-անապատի զանազան հատվածներում անըմբռնելի ձևով կայծ էր բռնկվում, վերածվում ամենակուլ հրդեհի, այրում-հալեցնում բյուր-բյուրավոր ավազահատիկներ: Ավազի ոգին մոլեգնորեն կռվում էր անիծյալ ոսոխի դեմ, զոհում իր լավագույն ավազահատիկները հանուն հրդեհի վախճանի և վերջիվերջո թաղում սեփական տիրույթի մի հատվածը հուսալի շերտի տակ: Մոլորակ-անապատն անարգել ընթանում էր իր տիեզերական ուղիով, և նրա՝ համատարած ավազով ծածկված հոգում արագորեն բազմանում էին կայծերի գերեզմանները: Անապատի ոգին խճճվել էր մարած խարույկներից հյուսված ցանցում և զգում էր անազատության կաշկանդող բռունցքը:
«»«»«»
Ապա եկան անցյալի նման երջանիկ անհոգության օրեր: Կայծերը մեռել էին, հրդեհները՝ թաղվել, և ոչինչ չէր անհասգստացնում անապատի նախաստեղծ անդորրը: Մոլորակ-անապատն ապրում էր երանելի ջերմության տաքուկ գրկում՝ հանձնված հրակարմիր արևի գգվանքներին: Շիկացած օդում հանդարտ կանգնած էր սպասումի սպառնալի ստվերը, սակայն անապատի հնամենի ոգին չէր զգում այդ: Նա զգույշ քայլում էր կրակների գերեզմանների վրայով և քմծիծաղով խորհում իր անպարտելիության մասին: Մոլորակ-անապատի սպիտակ երկինքը մտահոգ ծածկվում էր սևագորշ ամպերով: Սպասումը համբերությամբ հսկում էր՝ պատրաստ իրականություն դառնալու:
«»«»«»
Եվ եկավ երկար սպասված պահը: Ավազի մեռցնող ծածկույթի տակ անթեղված մոխիրներն անհանգիստ շարժվեցին, ապա դուրս պոռթկացին հզոր ժայթքումով՝ դեպի երկինք շպրտելով խեղդիչ ավազի հսկայական զանգվածներ: Անապատ-մոլորակի սպիացած այրվածքները կրակով պայծառացած՝ մոլեգնորեն ճարճատեցին: Ավազի տակ պահված քնած ձեռքերի երակները լցվեցին կենարար հրով ու կուրորեն խարխափելով՝ սկսեցին փնտրել-որոնել մեկմեկու: Որտեղ գտնում էին իրար՝ միանում էին, այրող բռունցք դառնում և փորձում շուրջպարի շղթայի մեջ առնել անապատի ոգուն: Անապատի ոգին զայրագին պայքարում էր իր ազատության ու անձեռնմխելիության համար:
«»«»«»
Բարձրից նայողին թվաց, թե ներքևում չարաճճի կայծեր են պար բռնել. զվարթ կայծկլտում էին, թռչում դեպի երկինք, միմյանց բախվում-հզորանում: Կածերն աստիճանաբար միաձուլվում էին այստեղ-այնտեղ, փունջ-փունջ խայտում, հրե ձեռքերի նման որոնում-գտնում մեկմեկու: Վազող հրի մի շերտ էր ձևավորվում՝ շարունակ մղվելով առաջ, գրավելով ավելի ու ավելի ընդարձակ տարածություններ. տարածությունը ինքը վերածվում էր ամենակուլ խարույկի՝ հրդեհելով անապատ-մոլորակի հրե վերքերով ծածկված մարմինը: Անապատ-մոլորակի ընդերքի նախաստեղծ հուրը զգաց դրսում բռնկված կրակի կանչող ջերմությունն ու եռացող ավազի հսկայական զանգվածներով նետվեց դեպի դուրս: Անապատ-մոլորակի դրսի և ներսի տարանջատ խարույկները ամուր գրկախառնվեցին՝ անսպառ ջերմության նոր ալիքներով ողողելով շուրջը: Շիկացած օդը ձգտում էր դեպի երկինք. բարձրից նայողն անախորժ տոթ զգաց: Շուտով նայելն էլ անտանելի դարձավ: Բարձրից նայողը փակեց աչքերն ու սլացավ վեր: Չտեսավ, թե ինչպես հաղթական ծփացող համընդգրկուն խարույկից լոկ մի բուռ մոխիր մնաց՝ անհուսորեն ցրված անսահման աստեղային տարածության հորիզոններում: