Թարմացվում է երկու շաբաթը մեկ՝ շաբաթ օրերը
فارسي

Ց Ա Վ

Սիրանույշ Օհանյան

Ծանր էր կրելը: Ուսերը կտոր-կտոր էին լինում ու փշուր-փշուր թափվում սրտին: Սիրտն այրունաքամ էր լինում ծակող բեկորներից, բայց քնքշանքով տեղավորում էր դրանք իր թաքուն խորքերում: Բեռնակիրը ճկվում էր անտանելի ծանրությունից, երազում թեթև ազատության մասին, սակայն չէր խիզախում նետել տիեզերամեծ բեռը: Համոզված էր, որ դրանով ապրելը սպանոմ է իր կյանքը, համոզված էր, որ առանց դրա չի կարող ապրել, ինչպես չի կարող ապրել առանց մարմնի:
Իրեն միշտ կորացած էր հիշում: Մի օր մտածեց, որ երևի բեռն իր հետ է ծնվել, կամ ինքը՝ բեռի հետ: Չգիտեր իր կյանքն առանց այդ բեռան: Մինչդեռ նման կյանք ապրել էր առաջներում, երբ մանուկ է եղել: Հիմա իր ներսի մանուկը խեղդվում էր ուժերից վեր ծանրության տակ: Մանուկը, սակայն, իմաստուն էր իրենից. Մանուկը սիրում էր այդ բեռը: Սիրելով՝ փորձում էր թեթևացնել այն, բայց բեռնակիրը չէր հասկանում բեռին ու մանկանը: Մանուկն իր աչքերում դատարկահույս երազող էր, իսկ բեռը՝ պարտադիր ծանրություն:
Իրականում բեռը մանկանն էր տրվել, բեռնակիրը սոսկ այն կրելու համար ստեղծւեց: Մանուկը պետք է պահպաներ բեռը, խնամեր այն հղկեր ու պահեր արևին հանդիման: Մինչդեռ բեռնակիրն անխոհեմաբար իր սեփականությունը համարեց բեռը, ծածկեց սև, կեղտակուր փալասներով ու սկսեց քարշ տալ գոյության ճամփեքով: Բեռնակիրը չէր կարող հասկանալ բեռի արժեքը. նրա համար բեռները կարևորվում էին քաշով: Եւ բեռը սկսեց ճնշել բեռնակրին ու մականը. առաջինին՝ իր ծանրութեամբ, երկրորդին՝ չօգտագործվող կարևորությամբ: Բեռնակիրն ու մանուկը տառապում էին իրարից անկախ, իրար համար:
Բեռը սքանչելիք էր: Արևի պես պայծառ, լույսի պես թեթև, ապագայի պես գրավիչ: Կյանքի պես կարևոր: Կյանքի իմաստը բեռան մեջ էր պահված: Բեռնակրի համար բեռները սոսկ ծանրություն են. և որքան քիչ էր հասկանում բեռանը, այնքան ծանր էր դառնում այն: Մանկան համար բեռը շնորհ էր, իր էության երկնատուր լրացումն ու ընդլայնումը: Երբ բեռնակիրն ուսեց բեռն ու սկսեց քայլել ուժերից վեր ճամփեքով, մանկան ապրումները նույնացան բեռնակրի կրած տառապանքներին: Երեքն էլ ցավում էին դերերի սխալ ընկալման համար:

Մի օր ճամփեքից մեկում բեռնակիրը հանդիպեց հարազատին: Սա քայլում էր մեջքն ուղիղ, չնայած քիչ ծանրություններ չէր կրում: Նրա մանուկը կարողացել էր բաշխել բեռները արժեքներին և քաշերին համապատսխան:
Բեռնակիրն ու հարազատը առաջին հայացքից ճանաչեցին միմյանց: Ճանաչեցին և սկսեցին հասկանալ: Փոխըմբռման կամուրջը առհավետ իրար կապեց նրանց, և ամենակուլ սերն իր թևերը փռեց նրանց բազմազբաղ հոգիներում: Բեռնակիր հարազատները ընկերներ դարձան. ընկերությունը սնվում էր սիրով, որ բոլոր արարածները տածում են իրենց նմանի հանդեպ: Բեռնակիրն ու հարազատը սկսեցին քայլել կողք-կողքի, զուգահեռ ձգված ճանապարհներով, իսկ նրանց մանուկները չընդհատվող երգ էին դարձել: Բեռնակրի ուսերը շարունակվում էին փշուր-փշուր թափվել՝ արյուն ու կորստի ցավ սփռելով սրտում, ճամփեքին: Հարազատի սիրտը սարսռում էր ընկերռջ ցավին ի տես:
Հարազատին օտար էր բեռնակրին քայքայող ծանրությունը, սակայն նա ցավալի հստակությամբ ապրում էր բեռնակրի ապրածը, զգում նրա զգացած զարհուրանքն ու թախիծը: Սիրտը փշուր-փշուր էր լինում, երբ տեսնում էր կողքից քայլող ընկերոջ տառապանքները, ու հարազատը համրանում էր ցավից: Պարզում էր թևերը նրան գրկելու համար, փորձում սփոփել, բայց վախենում էր ապարդյուն խոսքերի երեսպաշտությունից: Կարեկցանքի մի բառ անգամ չէր կարողանում արտաբերել. թվում էր, թե բառերը ծաղր են ու անօգուտ ձևականություն: Տառապանքի ամենածանր տեսակը ճանաչեց. ականատես լինել հարազատ հոգու տառապանքներին ու գիտակցել նրան օգնելու անզորությունը: Լսել սիրեցյալի ցավի ճիչը և սփոփել կարողանալու փոխարեն արձագանքի պես կրկնել այն՝ լռիկ, ասես ինքն իր համար, վախենալով բարձրաձայն արտահայտել նրա փոխարեն տանջվելու ցանկությունը, միակ օգնության ձևը, որը իմաստավորված էր թվում, ցանկալի էր ու անհնարին:
Հարազատն ինչ-որ քայլեր ձեռնարկեց: Օրեր շարունակ պատկերացնում էր իրեն բեռնակրի վիճակում, տեսնում նրա չգնահատված բեռն իր ուսերին: Փորձում էր կրել այն, փորձում էր գեթ մի փոքր թեթևացնել ընկերոջ վիշտը: Թվում էր, թե երբեմն հաջողվում է: Մի անգամ համարձակվեց ու խնդրեց, որ մի պահ, ընդամենը մի կարճատև պահ ինքը կրի բեռնակրի բեռը: Բեռնակիրը չէր ուզում տեսնել ընկերոջն իր սեփական ծանրության տակ կքած: Հարազատին հաջողվեց հասնել ուզածին:
Երկուսն էլ սարսափելի ապրումներ ունեցան: Բեռնակիրն իրեն ցամաքած աղբյուր զգաց. Հարազատը կարծեց, թե ողջ աշխարհն է հաստատվել իր թիկունքին. ինքն արդեն դուրս էր աշխարհից, աշխարհի կրողն էր ինքը: Գիտեր, որ ծանր է, սակայն չէր կարող երևակայել կատարվածը:
Երբ բեռնակիրը փորձեց ետ վերցնել վայրկյաններ առաջ ընկերոջ ուսին չկամությամբ դրված ծանրությունը, չկարողացավ: Ասես ծնված օրվանից անբաժանել էին: «Վերադարձրու իմ սեփականությունը»,-հուսահատ պահանջում էր նա: Հարազատն ինքը չէր կարողանում ուսերից վայր գցել հարմար տեղավորված բեռը: Երկուսի համար էլ անսովոր էին ապրումներն և այդ իսկ պատճառով՝ անտանելի: Ստիպված եղան համակերպվել: Բեռնակիրը կամաց-կամաց շտկեց կիսակոր մեջքը, հարազատն աստիճանաբար կռացավ: Թվաց, թե ոչինչ էլ չի կատարվել. Բեռը մի տիրոջից անցել էր մյուսին, զգացումներն ու ապրումները փոխանակել էին իրենց տերերին, իսկ տերերը դրա հետ մեկտեղ նոր զգացումներ են գտել: Կատարվել էր անուղղելին, սակայն բեռան համար ի՞նչ տարբերություն:

 

Ձեր Կարծիքը