Թարմացվում է երկու շաբաթը մեկ՝ շաբաթ օրերը
فارسي

Ճ օ ճ ա ն ա կ

Կոլիա Տէր Յովհաննիսեան

-Գնանք էստեղից,-տղայի ձեռքը քաշելով ասաց աղջիկը: Նրան դուր չէր եկել դռան առջև խմբւած աղջիկների ու տղաների տեսքն ու ներսից լսւող երգը:
-Ո՞ւր գնանք,- զարմացաւ տղան ու կանգ առաւ,- էստեղ շատ լաւ է:
Աղջիկը տատամսոտ կանգնած կիսամութ սրահի շէմքին, բաց չէր թողնում տղայի ձեռքը: Տղան քնքշօրէն համոզում էր: Նա սիրում էր աղջկան ու չէր ցանկանում վշտացնել նրան:
-Գնանք ուրիշ տեղ,-ասաց աղջիկը:
-Սա ամենալաւերից մէկն է, ամեն տեղ նոյնն է:
Աղջիկը լուռ էր: Նա սիրում էր տղային ու չէր ցանկանում վշտացնել նրան:
Տղան ափը դրեց աղջկայ նազուկ մէջքին ու մեղմօրէն հրեց առաջ: Աղջիկն ակամայից քայլեց ներս: Նրան դուր էր գալիս տղայի ձեռքի հպումը և ուզում էր նրա ափը անվերջ մնայ մէջքին:
Մօտեցան պարահրապարակին: Նւագի ձայնը այնքան բարձր էր, որ խօսել հնարաւոր չէր: Աղջիկը բերանը մօտեցրեց տղայի ականջին ու ասաց.
-Տանել չեմ կարողանում էս ռաբիզ երգը:
Տղան հաճոյք զգաց աղջկայ շրթերի տաք հպումից ու մազերի բոյրից, և ինքն էլ բերանը մօտեցնելով նրա ականջին ասաց.
-Ես էլ, բայց յետոյ լաւ կտորներ կլինեն: Չե՞ս ուզում պարենք:
Աղջիկը հաճոյք զգաց տղայի շրթերի հպումից ու ասաց.
-Էս երգով երբէք, աւելի լաւ է խօսենք...
Տղան ծիծաղեց ու բերանը մօտեցնելով աղջկայ ականջին համբուրեց ականջից ցած:
Աղջիկը հաճելի դող զգաց, բայց գլուխը թափով յետ քաշեց:
-Ինքդ ուզեցիր խօսենք,-չարաճճի ժպտալով ասաց տղան:
-Ի՞նչ ասացիր,- կեղծ բարկացաւ աղջիկը...
-Ինքդ ուզեցիր խօսենք,-ասաց տղան աղջկայ ականջին ծիծաղելով:
Աղջիկը նայում էր պարող խառնամբոխին: Մեծ մասամբ՝ անճաշակ բաց հագնւած, բարձրակրունկ կօշիկներով աղջիկներ ու անտաշ կեցւածքով տղաներ էին, որ պարում էին ինքնագոհ անտարբեր շրջապատին: «Մթամ աշխարհում մենակ իրենք լինեն, ուրիշ մարդ չկայ», զզւանքով մտածեց աղջիկը:
Նրա ուշադրութիւնը գրաւեց թափանցիկ, բաց վարդագոյն կտորից՝ ծնկից վեր լայն փէշով փոթաւոր շրջազգեստ հագած, լանջաբաց, թանձր շպարով, մազերը ներկած մի շիկահեր: Գունաւոր լուսարձակների լոյսը ընկնում էր շիկահերի սպիտակ մերկ սրունքներին, որոնք պարելիս դնում էր իրարից հեռու: Իսկ պարի ուսուցչուհին իրեն սովորեցրել էր հակառակը... Շիկահերը պարում էր ընկերուհու հետ ու երբեմն նայում նրանց կողմը:
-Տանել չեմ կարողանում էս «գեղցիներին»,- իր բժշկուհի մօր ոճով ասաց աղջիկը բերանը մօտեցնելով տղայի ականջին:
-Ես էլ, բայց ամեն տեղ նոյնն է, չե՞ս ուզում պարենք,- ասաց տղան աղջկայ ականջին ու նորից համբուրեց : Աղջիկն այս անգամ չշարժւեց:
-Սրանց մէջ՝ երբէք, աւելի լաւ է խօսենք,- ասաց նա:
Տղայի դէմքով մի ստւեր անցաւ:
Ռաբիզ երգին յաջորդեց մեկ ուրիշը թրքա-արաբական երանգներով: Աղջիկը զզւանքից ծամածռեց դէմքը:
-Ես ուզում եմ պարել,- տղան գոռաց, որպէսզի ձայնը լսւի:
-Էս նւագո՞վ, սրա՞նց հետ,- ձեռքի արհամարական շարժումով պարահրապարակը ցոյց տւեց աղջիկը:
-Ինչ կայ, որ, ես ուզում եմ պարել,- գոռաց տղան ու հրաւիրելու պէս քաշեց աղջկայ թևը: Աղջիկը չէր ուզում վշտացնել տղային, բայց ընդդիմացաւ թևը ազատելով տղայի սեղմող մատներից:
Տղան փորձեց ինչ որ համոզիչ բան ասել, սակայն նւագի ձայնը այնքան բարձր էր, որ յուսահատ ձեռքը թափ տւեց:
Նրանք լուռ կանգնած նայում էին պարող խառնամբոխին:
Սկսւեց յաջորդ երգը, որը մազաչափ չէր տարբերւում նախորդ երկուսից:
-Անտանելի է,-ասաց աղջիկը տղայի ականջին ու մտքովն անցաւ, որ տանը ստիպ-ւած է լինելու մի բան յօրինել իր ուր գնալը թաքուն պահելու համար: Խօսք բացւելիս, հայրն ու մայրը քամահրանքով էին արտաայտւում անկախութեան «բարիքներից»՝ նորայայտ գիշերային ակումբների ու ժամանակակից ռաբիզ երաժշտութեան մասին՝ վերից նայելով «գլխով դատարկ, գրպանով հարուստ դեղնակտուցներին»...
-Գնանք էստեղից,-ասաց անտրամադիր:
Տղան չպատասխանեց:
Աղջիկը նայեց տղային ու զարմանքով նշմարեց՝ շիկահերի մերկ սրունքներին ուղղւած նրա պղտոր հայեացքը:
Շիկահերը ժպտաց տղային ու ինչ որ բան ասաց ընկերուհու ականջին: Նրանք ծիծաղեցին:
Աղջիկը վախով ու ափսոսանքով զգաց, որ մի աներևոյթ ձեռք իրեն հեռացնում, բաժանում է տղայից...
-Գնանք էստեղից,-համարեայ լացակումած ասաց նա:
-Ես ուզում եմ պարել,-գոռաց տղան բորբոքւած,-ինչի՞ եկանք:
Աղջիկը չգիտէր ինչ անել ու քիչ մնաց լաց լինէր: Նա առաջին անգամն էր գտնւում նման վայրում: Ինքն էր տղայից խնդրել միասին գնալ ոգևորւած դասընկերուհու պատմածով: Այժմ չգիտէր ինչ անել:
Շիկահերը ժպտաց տղային ու ձեռքով արեց:
Տղան չէր ուզում վշտացնել աղջկան, բայց յոգնած սպասելուց ու նրա մերժում-ներից, անխօս մտաւ պարահրապարակ ու սկսեց ակամայ պարել շիկահերի հետ՝ նրա նման ոտքերը լայն դնելով:
Աղջիկը մենակ կանգնել էր պատի տակ ու նայում էր վրդովւած: Նա սիրում էր տղային և զգում էր, որ պիտի հանդուրժող լինի, եթէ չի ուզում ձեռքից տալ նրան: Սակայն հպարտութիւնն ու վիրաւորանքը թոյլ չէին տալիս:
Դիմացից մօտեցաւ մազերը խուզած, կարճահասակ, բլուզը շալւարի վրա գցած մի խուլիգան և ինչ որ բան ասաց: Նրանից գարեջրի ու քրտինքի տհաճ հոտ էր գալիս: Աղջկիկը թևով մաքրելով արցունքները, համարեայ քսւելով անցաւ նրա կողքից ու առանց յետ նայելու մտաւ պարահրապարակ, ձեռքերով պաշտպանւելով պարռղների անզուսպ շարժումներից:
Տղան պարում էր ու չէր նկատում մօտեցող աղջկան:
Աղջիկը վարանոտ քաշեց տղայի շապիկի թևը: Տղան զարմացած յետ շրջւեց ու քիչ մնաց թևով հարւածէր աղջկայ դէմքին:
-Պարե՞նք,-ասաց տղան:
-Պարենք,-ասաց աղջիկը:
Տղան թողեց ու մոռացաւ շիկահերին: Նա սիրում էր աղջկան և ուրախ էր նրա գալով: Աղջիկը ալարկոտ սկսեց պարել: Գնալով նրա շարժումները դառնում էին աւելի յամարձակ ու սահուն: Նա չանդրադարձաւ, թէ դա ինչ երգ էր, ուղղակի չլսեց, պարում էր դէմքին ժպիտ, ինքնամոռաց ու անկաշկանդ՝ անտարբեր շրջապատին, ոտքերը դնելով իրարից հեռու...
«»«»«»
-Գալ շաբաթ նորից կգա՞ս,- հարցրեց տղան, երբ տան շքամուտքի մօտ հրաժեշտ էր տալիս աղջկան:
-Գնանք ուրիշ տեղ,-ասաց աղջիկը:
-Ամեն տեղ նոյնն է,- ասաց տղան երջանիկ ու համբուրեց աղջկան:
Աղջիկն զգաց, որ ուզի չուզի, պէտք է համակերպւի, եթե չի ցանկանում ձեռքից տալ տղային ու մենակ մնալ...
-Լաւ, կգամ, զանգիր,-ասաց նա համերաշխ ու բարձրացաւ աստիճաններով...


Յունիս 2007
Թեհրան


 

Ձեր Կարծիքը