ՊՂՊՋԱԿ
Կոլիա Տէր Յովհաննիսեան
Լուր տարածւեց, թէ հնարաւոր է դիտել հայրենի հեռուստատեսութեան ծրագրերը արհեստական արբանեակի միջոցով: Իսկ դա կապւած լինելով ծախսերի ու զանազան գլխացաւանքների հետ, մօր սրտովը չէր: Հօր սնանկացումից ու վաղաժամ մահից յետոյ, որին յաջորդեց նրանց ակամայ կղզիացումն ու դժնդակ կեանքը, մայրը կուչ էր եկել, դարձել էր սակաւապետ ու վերապահ: Բայց այդ օրւանից Անուշաւանը քուն ու դադար չունէր: Բացի իր մնայուն աշխատանքից, երեկոներն արտաժամեայ գործ գտաւ շինարարական ծանօթ մի ընկերութեան մէջ: Գիշերները յոգնածութիւնից գլուխը պտտւում էր...
- Մայրի՛կ, այսօր բերում են ընդունիչ սարքն ու անտենան,- սրտադող բերկրանքով յայտնեց մօրը մէկ ամիս անց,- խնդրում եմ աղմուկ չբարձրացնես:
- Էլի ասածդ արեցիր,- անյիշաչար մրթմրթած գթասիրտ մայրը,- երանի հարս բերէիր...
Ժամանակի հետ մօր և որդու տարագիր սրտերում աճեց ու ամրապնդւեց ուրարտական երբեմնի մայրաքաղաքից դէպի տիեզերք հեռարձակւող ու այնտեղից ալիքների թևով նրանց բնակարանը թափանցող տարբեր հաղորդումների հանդէպ հետաքրքրութիւնն ու սէրը:
Այնուամենայնիւ, Անուշաւանին աւելի շատ գրաւում էր լուրերի բաժինը և... հաղորդավարուհիներից մէկը... Ինքն էլ չհասկացաւ, թէ ինչպէս ծնւեց ու ուռճացաւ սիրո՞յ թէ կարօտի տանջող զգացումը հմայիչ հաղորդավարուհու և նրա կրծքային ձայնի նկատմամբ: Երեսունը վաղուց բոլորած ոչ շատ առնական, բայց բարետես երիտասարդ լինելով, նա անշուշտ ունեցել էր սիրահետումներ ու անցողիկ կապեր, սակայն երբէք գլուխը չէր կորցրել: Առհասարակ խուսափել էր կանանց ընկերակցութիւնից... Գուցէ դրա գլխաւոր պատճառը եղել էր նիւթական սահմանափակ հնարաւորութիւնը, որն ենթագիտակցօրէն նրան միշտ էլ յետ էր պահում զգացմունքային զեղումներից ու յարաբերութիւնների խորացումից:
Բայց այս հաղորդավարուհի՜ն...
Իր մտապատկերում ամենուր յառնում էին նրա խոժոռ շարժւող փոքրիկ բերանը, վարդագոյն շրթերը, սլացիկ պարանոցը, ոսկէ վզնոցով զարդարւած բաց կաթնագոյն լանջաբացը և ամեն օր փոխւող հագուստների գոյնը՝ նրան տեսնում էր մի օր սպիտակ, մի օր՝ կարմրագոյն, մի օր՝ կապոյտ... Վաղուց գիտէր հաղորդավարուհու անուն ազգանունը և թէ աւելի շատ որ ժամերին է նա յայտնվում էկրանի վրայ... Ինչքա՜ն էր սրտնեղւում, երբ կարճ էր լինում լրատւութեան ժամը կամ սփռւում էին լուրերին առնչւող զանազան տեսանիւ-թեր՝ բռնարարքների քստմնելի տեսարաններ, աւերիչ պայթուններ, քաղաքա-կան այրերի տհաճ դէմքեր, հանդիպումներ, նիստերի սրահ և այլն, որոնց ընթացքին էկրանից անյայտանում էր հաղորդավարուհին: «Գրողի ծոցը գնան բոլորն էլ», դժգոհ փնթփնթում էր նա...
Ամառային մի օր, ուղիղ եթեր սփռւող արւեստի փառատօնի շքեղ միջոցառման ընթացքին՝ կլոր սեղանների շուրջ նստած հրաւիրեալների մէջ յանկարծ նկատեց զուգւած զարդարւած...հաղորդավարուհուն: Սիրտը թպրտաց... Տեսախցիկը պտտւում էր ամեն կողմ ու յաճախ կանգ առնում այն սեղանի վրայ, ուր ոտքը ոտքին գցած իր գործակիցների կողքին նստած էր նա: Առաջին անգամ տեսաւ նրա... կիսադէմն ու ճերմակ շրջազգեստի բացւածքից ուրւագծւած բարեկազմ ոտքերն ու գեղաձև ծնկները... Ելոյթ ունեցաւ նաև հաղորդավարուհին: Հիմա արդէն նրան տեսնում էր կանգնած ողջ հասակով ու կանացի բացառիկ հմայքով: Չէր կարողանում հայեացքը կտրել վարդագոյն շարժւող շրթունքներից... Արիւնը խուժեց գլուխը... Նա նոյնիսկ քրտնեց, երբ բեմահարթակից իջնելիս, հաղորդավարուհուն ելոյթի ընթացքին ընկերակցող ծանօթ հաղորդավարներից մեկը բռնեց նրա ձեռքն ու օգնեց իջնել աստիճան-ներից...
-Մայրի՛կ, ինչո՞ւ մենք էլ չփորձենք գնալ Հայաստան,- առանց նախաբանի յանկարծ ասաց նա...
-Մեղայ քեզ, Տէ՛ր Աստւած,- անսպասելիութիւնից մրմնջաց մայրը,- էլի ի՞նչ սատանայ մտաւ փորդ...
-Միթէ չես ասում պսակւի՛ր, պսակւի՛ր,- ուժ ունեցաւ կատակելու Անուշաւանը,- ուզում եմ գնալ էնտեղից հարսիկ բերեմ քո համար...
-Դէ բաւական է,- վրդովւեց մայրը,- միթէ այստեղ քիչ աղջիկ կայ... Յետոյ, վիզայի, տոմսի փողը դեռ մի կողմ, բա էնտեղ մնալու ծա՞խսը, ախր գնանք, ո՞ւր մնանք... Հայաստանում հօր կողմից հարազատներ ունէին, բայց նրա մահից յետոյ կտրւել էր կապը, որի վերականգնումն երկար տարիներից յետոյ թէև այնքան էլ դժւար չէր, բայց՝ անյարմար, որովհետև խօսքը գնում էր իրենց այցելոթեան մասին.
-Ախր ի՞նչ կասեն բալես, կասեն էսքան տարի լռել են, հիմա երբ ուզում են գան՝ յիշել են, եթէ էդքան փափագում ես ինքդ մենակ գնա:
-Դէ՛, մենք էլ լաւութեան տակ չենք մնայ, մի ձևով կփոխարինենք: Առանց քեզ ես չեմ գնայ, աղջկայ ձեռքը դու ես ուզելու...
- Ինչ է, լո՞ւրջ ես խօսում,- զարմացաւ մայրը:
Այս առաջին անգամն էր, որ տղան ակնարկում էր ամուսնութեան մասին. խեղճ կինը շւարել էր... Իսկ ինչու Երևանի՞ց... Հեշտը թողած ինչո՞ւ դժւարի յետևից էր ընկել տղան... Գիտէր, որ Անուշաւանը պարզապէս սարսափում է հարսանեկան տեղական ծէսերից, խնջոյքներից, աղջկայ հարազատների հետ գլուխ գլխի դնելուց ու այլ քաշքշուկներից: Բայց չէ որ նոյնը կարող էր լինել նաև «էնտեղ»: «Չէ, մի բան կայ, թէ չէ էս տղեն ջուր չէր ծեծի», մտատանջ-ւում էր մայրը...
Նրանց համար իրօք մեծ ծախսերի հետ էր կապւած նոյնիսկ երեք շաբաթով Երևան գնալն ու վերադառնալը: Բայց ինչ փոյթ՝ հաղորդավարուհին ձգում էր նրան, ոյժ ու եռանդ էր պարգևում, մղում էր նրան զոհաբերութիւնների, սխրանքի... Մօտենում էր աշունը ու թէև դեռ չէր գոյացել պահանջւած գումարը, բայց Անուշաւանը չէր յուսահատւում: Չէր վհատւում նաև մօր ամենօրեայ հակաճառումներից ու «էստեղ» ամուսնանալու յորդորներից: «էստեղն ու էնտեղը» դարձել էին ամենօրեայ վիճաբանութեան նիւթ... Լսել էր, որ այնտեղ քանակային առումով աղջիկները գերազանցում են տղաներին..., որ հայաստանցի տղամարդիկ կոպիտ են իրենց կանաց հետ, որ այնտեղ աղջիկ-ները առհասարակ խուսափում են ամուսնանալ, նախընտրում են դրսեցիներին...
- Հա էլի, Երևանի աղջիկները բան ու գործը թողած, ձեռները ծալած, նստած քեզ են սպասում,- հեգնում էր մայրը...
Հաղորդավարուհին հետզհետէ դառնում էր ոչ միայն ցանկութիւն, այլև նպատակ, որին ձգտում էր հասնել ինչ գնով էլ որ լինի: Ամեն անգամ հեռուստատեսի առջև նստելիս ու հաղորդավարուհուն դիտելիս, նրա մէջ աւելի էր ամրապնդւում համոզւածոււթիւնն ու հաւատքը հեռակայ հանդիպման ու հնարաւոր կապի կայացման նկատմամբ... Երևանից աղջիկ ուզելու հետ հակա-ռակւող մօրը մեղադրում էր մերժողական ու վատատես լինելու մէջ, ընդ որում ներողամտօրէն ու մեծահոգաբար վերաբերւելով նրա տրամաբանութեանը՝ իրականն ու շօշափելին մի կողմ թողնելու և վերացականին ու անյայտին ընդառաջ գնալու անմիտ քայլի մասին: Խստօրէն պահելով գաղտնիքը, Անուշաւանը իր մենութեան մէջ, յաճախ խօսում էր հաղորդավարուհու հետ, երբեմն նոյնիսկ բարձրաձայն... Բազմիցս կրկնում էր այն նախադասութիւնները, որ պիտի ասէր նրան առաջին հանդիպման ժամանակ... Խոստանում էր լինել հոգատար, նրբակիրթ, «գլխովը պտուտ էկող» ամուսին՝ երջանկացնել նրան... Վայելքի գերագոյն պահեր էին նրա հետ իր մենախօսութեան ու... առանձնութեան նւիրական մոմենտները, անուրջները, որոնց մասին տեղեակ էին միայն ինքն ու... հաղորդավարուհին...
Եղաւ այնպէս, որ բախտի անիւը սկսեց պտտւել յօգուտ Անուշաւանի: Նախ ցուցաբերած ակտիւ ու արդիւնաւէտ գործունէութեան համար աշխատատեղիում արժանացաւ դրամական խոշոր պարգևի: Միաժանամակ Երևանից նրանց հիւր եկաւ մի անձնաւորութիւն՝ նամակ ու նկարներ բերելով հօրա-քույրից: Նամակում դժգոհանք էին յայտնել, թէ ինչու են մոռացել իրենց, ինչու չեն գալիս Հայաստան, էլ մարդ չի մնացել, որ չգայ Երևան, տուն չգնի և այլն, և այլն: Վերջում աւելացրել էին, որ իրենց դուռը միշտ բաց է նրանց առջև: Անուշաւանը բարի նշան համարեց հէնց այդ օրերին ստացւած դրամական պարգեւն ու հօրաքրօջ նամակը...
...Երազի պէս էր թւում այն պահը, երբ օդանաւը վայրէջք կատարեց Զւարթնոց օդանաւակայանում: Հարազատները նրանց ընդունեցին գրկաբաց...
Երևանից ստացած առաջին տպաւորութիւններն հարուստ էին ու այլազան: Մի պահ Անուշաւանը զարմանքով անդրադարձաւ, որ իսպառ մոռացել է հաղորդավարուհուն... Ապա խանդաղատանքով խորհեց այն մասին, որ շատ մօտ է նրան, շնչում է նոյն օդը, քայլում է նոյն փողոցներով, որ մօտ է հանդիպման ցանկալի պահը... Բայց տեսականօրէն որքան դիւրին ու հասանելի էր թւում ամեն բան այնտեղ՝ տանը, ապա նոյնքան դժւար ու անիրագործելի էր յառնում իր մտադրութեան իրականացումն այստեղ... Բուռն հայրենասի-րութեան հետ մէկտեղ, հենց առաջին օրւանից նրան տիրել էր խորթութեան մի անբացատրելի զգացում... Այնտեղ՝ տանը, այնքան հարազատ ու մտերմիկ էր թւում Հայաստանը, իսկ այստեղ... Առաջին իսկ փոխանակւած նախադասութիւններից յետոյ, նա զգաց, որ վիթխարի տարածութիւն կայ իր ու իր երևանցի հօրաքրօջ տղայի ու դստեր միջև: Նոյնիսկ առօրեայ նիւթերի մասին խօսելիս, դժւար էին հասկանում միմիանց, միանգամայն տարբեր էին նրանց նիստ ու կացը, նախասիրութիւնները, մօտեցումները: Իսկ հօրաքրօջ ամուսինը, պետութեան, «հաստագլուխների», տիրող կարգերի ու օրէնքների հանդէպ դրսևորած իր անվերջանալի բողոքներով, քննադատութիւններով ու տրտունջներով մեկը միւսի յետևից խորտակում էր Անուշաւանի այն բոլոր օդային ապարանքները, որոնք կառուցել էր իր մտապատկերում հայկական հեռուստատեսութեան հաղորդումների ազդեցութեան տակ... Նա քիչ էր մնում կորցնէր իր հաւասարակշռութիւնը, երբ ֆինանսական ինչ որ վիճակագրութեան մասին երեկոյեան լուրերը ունկնդրելիս ու «իր» հաղորդավարուհուն դիտելիս, քիչ գինովցած հօրաքրօջ ամուսինը ատամների արանքից ջղայնացած նետեց.
- Հերիք է մեծ մեծ փրթեցիք, քածի մեկը...քո...
Անուշաւանը վեր թռաւ տեղից սփրթնած ու կյարձակւէր հօրաքրօջ ամուսնու վրայ, եթէ նրան յետ չպահէր իր զուսպ բնաւորութիւնն ու հիւրընկալի հանդէպ տածած յարգանքը... Ի հարկէ, նրա արարքը աննկատ չմնաց զարմացած ներկաների կողմից, բայց մեկնաբանւեց իւրովի՝ Անուշաւանի հայրենասիրական մոտիւներով ու չնկատելու տրւեց...
Գիշերը անհանգիստ շուռ ու մուռ էր գալիս հիւրասենեակի յատակին բացւած անծանօթ անկողնու մէջ. քունը չէր տանում ու մթութեան մէջ նայում էր պատից կախւած ու մինչև յատակը հասնող գորգի գորշ նախշերին, սենեակի փոքրութեանը չհամապատասխանող հսկայ բազկաթոռներին, ան-ճաշակ նկարներին... Մայրն էլ էր արթուն: Դա զգացւում էր նրա ընդհատւող շնչառութիւնից ու շարժումներից... «Ինչո՞ւ էստեղ եկանք, կարող էինք բնակարան վարձել», մտմտում էր նա. յիշեց հաղորդավարուհուն ու առաջին անգամ տարակուսանքը սողոսկեց նրա գիտակցութեան մէջ... Ախր, այնքան մօտիկ ու դիւրամատչելի էր թւում նա տանը... «ի՞նչ եմ անում, գժւե՞լ եմ, ինչ է»...
Սակայն ստեղծւած առեղծւածային իրավիճակը չխանգարեց Անուշաւանին սկսելու իր որոնումները: Յաջորդ օրը զանազան պատրւակներով նա մի կերպ խուսափեց հարազատների կողմից կազմակերպւած ծրագրից ու մօր տատամսոտ հայեացքի տակ անյայտացաւ տնից...
Հետաքրքիր էր Երևանը իր ինքնատիպութեամբ՝ շէնքերի աննորոգ դալաններով, բակերով, հրապարակներով, արձաններով, ճարտարապետական հրաշալի կոթողներով, բաց հագնւած գեղեցիկ աղջիկներով, դուրս ցցւած փորերով ու մեծ, շատ մեծ զինվորական գլխարկներ դրած ոստիկաններով, մայթերում սպասարկող սրճարաններով, հնի ու նորի, շքեղութեան ու թշւառութեան, բարձրի ու ցածրի ու այլ հակասութիւնների գլխապտոյտ առաջաց-նող արտասովոր համադրութեամբ...
Նրան հեռուստատեսութեան կենտրոն տանող տաքսու տարեց վարորդն ևս սկսեց իր բողոքների շարանը. «Ցաւդ տանեմ, տուգանում են, տուագանեն, բայց տուգանեն բոլորին անխտիր, թէ չէ ոմանք ինչ ասես, որ չեն անում ու մնում են անպատիժ, իսկ մեր մի պուճուր խախտումից էլ, չէ՛, չեն անցնում: Ախր մեր աշխատածը ինչ ա, որի կէսն էլ լցնենք սրանց փորերը, էս երկրում օրէնք չկայ, եթէ կայ էլ ուժեղների համար չի, ով ա պահողը, ով ա ենթարկւողը, սովետների օրօք...».
«Գուցէ իրավացի են, բայց որքան շատ են տրտնջում այս մարդիկ,-ցաւով խորհեց Անուշաւանը,- չէ որ նման երևույթներ ամեն տեղ էլ կան, երկիր է ի վերջոյ, այն էլ նորերս անկախութեան հասած...»: Բայց լուռ մնաց...
Ահա և հեռուստատեսութեան կենտրոնի բարձրադիր սիւնազարդ շէնքը ու վեր խոյացող հեռուստատեսային հին ու նոր աշտարակները: Անուշաւանի սիրտը սկսեց բաբախել արագ... Չգիտէր ինչ անել: Ներս մտնել չէր յամարձակւում, աշխատանքային ժամ էր, մտնէր ի՞նչ ասէր, ասէր եկել եմ տեսնելու այսինչ այսինչեանի՞ն: Ցցւած, կանգնած մնալն էլ բանի նման չէր՝ ուշադրութիւն էր գրաւում: Սկսեց վեր ու վար քայլել աչքի տակ ունենալով շէնքի մուտքը, ներս ու դուրս անող մարդկանց: «էսօրւայ համար հերիք է, տեղը ճանաչեցի...», հազիւ մի քանի րոպէ անց, անընդհատ շուրջը նայելով համոզեց իրեն, ընդ որում սառը գիտակցութիւնը մի պահ շամփրեց ուղեղը. «Էդ ո՞ր օրւանից ես Անուշաւա՛ն անծանօթ փողոցում դարանամուտ եղել աղջիկներին...»:
Յաջորդ մի քանի օրերը Անուշաւանը մասնակցեց տնեցիների շրջագայութիւններին ուրախութիւն պատճառելով մորը. Իսկ շաբաթւայ վերջին նորից անյայտացաւ: Նա մեղադրում էր իրեն թուլակամութեան ու անվճռականութեան մէջ. «Էսքան մօտ եմ նրան ու տատանւում եմ, հո ինձ չեն կախելու...»: Սակայն ինքնավստահութիւնը կորցրեց հեռուստատեսութեան կենտրոնի մուտքի կամարների տակ: Նա ոչ մի կերպ չէր կարողանում ձերբազատւել խորթութեան ու օտար միջավայրում գտնւելու տարօրինակ զգացումից. Կրկին հեռացաւ շէնքից ու որոշեց երեկոյեան տանը ստուգել թէ որպէս դրսեցի հայ ինչ անւան տակ է հնարաւոր մուտք գործել հեռուստատեսութիւն:
- Եսիմ,-ասաց հօրաքրոջ ուսանող տղան,-իսկ քո ի՞նչ գործն է էնտեղ գնալ, շատ ուրիշ հեռուստակայաններ կան, մեկի հետ ծանոթ եմ, կուզես, գնանք: Ախր, ինչպէս բացատրէր, որ իր նպատակը հեռուստատեսութիւնը չէ. «Հարազատներս են, ասե՞մ ճշմարտութիւնը... Իսկ եթէ ծիծաղեն»...
Յաջորդ օրը, մայրը որոշ գնումներ անելու համար նրա հետ դուրս գնաց.
-Բա ի՞նչ եղաւ բալես, ո՞ւր է հարսիկդ,-դեռ բակից դուրս չեկած հարցրեց նա սպասողական, երկմիտ... Խղճաց մօրը, մի պահ որոշեց բացել գաղտնիքը, բայց նորից կէս լուրջ, կէս կատակ ասաց՝ «շուտով»...
Ջրի ճամփայ էր դարձել հեռուստատեսութիւն տանող ուղին: Տաքսին թանկ էր, գնում էր երթուղայիններով: Նրան յաջողւել էր տեսնել ծանօթ դէմքեր՝ հաղորդավարներ, դերասաններ, նոյնիսկ ճանաչւած երգիչերգչուհիներ, բայց նա չկար ու չկար, թէև տանը ոչ յաճախ տեսնում էր նրան լրատւութեան ժամին:
Անձրևային մի օր, երբ յոգնած իր անվճռականութիւնից ու ապարդիւն որոնումներից անձրևից պաշտպանւելու պատրւակով գլխիկոր հենւել էր հեռուստատեսութեան շէնքի սիւներից մեկին, յանկարծ մի եւրոպական մակնիշի սրճագոյն աւտոմեքենայ կառանեց նրանից կարճ տարածութեան վրայ... Անձրևի շիթերը փոքրիկ առւակներ կազմած վար էին հոսում աւտոյի ապակիների վրայից քօղարկելով առջևի նստատեղիում գրկախառնւած համբուրւող զոյգին... Աջ ու ձախ՝ տենդագին շարժւում էին աւտոյի ապակիմաքրիչները. տարւած համբոյրով վարորդը մոռացել էր անջատել դրանք... Յետոյ աղջիկը հենւեց աթոռին, աւտոյի հայելու մէջ երկու ձեռքով շտկեց մազերը՝ թեքւած մնալով վարորդի կողմը: Մի պահ երևաց աղջկայ կիսադէմը, ապա նա շրջւեց ու նայեց պատուհանից դուրս... Նրանց հայեացքները խաչաձևեցին...
...Նա էր, հաղորդավարուհին...
Ծնկները թուլացան... Նրան թւաց, որ աւտոյի պատուհանը էկրանն է, որ նա դերի մէջ է, որ նրա սև աչքերից հոսում են արցունքներ... Սակայն հաղոր-դավարուհին տարւած խօսակցութեամբ ժպտում էր ուրախ, ինքնամոռաց, միանգամայն տարբեր այն ժպիտից, որը պարգևում էր իր հեռուստադիտողներին լուրերի աւարտին... Յետոյ հրաժեշտի համար նա կրկին համբուրեց ղեկի առջև նստած երիտասարդին, բացեց աւտոյի դուռն ու ձեռքի պայուսակով գլուխը անձրևից պաշտպանելով ու համարեայ քսւելով Անուշաւանին, կայտառ ու սրընթաց անցաւ մուտքից ներս... Անուշաւանը զգաց նրա օծանելիքի, թաց մազերի ու թարմութեան անուշ բոյրը...
Դեռ շարժւում էին աւտոյի ապակիմաքրիչները... Երիտասարդը կռացած նայեց պատուհանից դուրս ու վերջին անգամ ձեռքով արեց՝ ասես Անուշաւանին ու սեղմեց լծակը: Աւտոն անձայն պոկւեց տեղից ու ջուր ցայտելով այս ու այն կողմ անյայտացաւ...
Նա քարացած նայում էր բաց տարածութեանը, այնտեղ ուր վայրկ-եաններ առաջ կանգնած էր փայլուն սրճագոյն եւրոպական մակնիշի աւտոն: Յետոյ շուռ եկաւ ակնապիշ նայեց մոտքին, որին կուլ գնաց իր էութեան մի մասնիկն ու անցորդների զարմացած հայեացքի տակ, անտարբեր յորդառատ անձրևին, հազիւ ոտքերը քարշ տալով քայլեց փողոցն ի վար...
Պայթեց թւացեալ սիրոյ պղպջակը...
Չէր անցել մեկ ամիս՝ հաղորդավարուհին էլ չերևաց էկրանի վրայ, գուցէ ամուսնացել էր, գուցէ մեկնել էր հայրենիքից...