Թարմացվում է երկու շաբաթը մեկ՝ շաբաթ օրերը
فارسي

Անդունդի Յատակին

Կոլիա Տէր Յովհաննիսեան


Էլեկրաէներգիա արտադրող ամերիկեան մակնիշի վիթխարի դիզել-գեներատորի տեղադրումը անդադար խոչնդոտւում էր զանազան դիպւածներով, որոնք բոլորն էլ բխում էին բանւորների տգիտութիւնից կամ անփորձ լինելուց: Դա յարուցում էր գործարանի տնօրինութեան անսքող դժգոհանքն ու զայրոյթը ազդելով պատասխանատու անձնակազմի, դրանց թւում հօրս ջղերի վրայ: Միայն ամերիկացի սառնարիւն մասնագէտն էր մասամբ անտարբեր ու մեկ էլ ես, որ դպրոցական արձակուրդից օգտւելով հօրս թոյլտւութեամբ ամեն օր գնում էի գործարան ականատես լինելու տեղադրման աշխատանքներին: Անհոգ պատանի էի ու չէի ընկալում դրութեան ողջ լրջութիւնն այն առումով, որ գործարանի ու շրջակայ տների էլէետրական հոսանքն ապահովող գեներատորի բացման պաշտօնական արարողութիւնը տեղի պիտի ունենար մի քանի օրից տեղական բարձրաստիճան անձաց ներկայութեամբ:
Վերջապէս աւարտւեց տեղադրման առաջին փուլն ու մեծ խանդավառութեան մէջ կատարւեց մեքենանի փորձնական մեկնարկը խլացուցիչ հռնդիւնով: Բոլորն աջ ու ձախ շնորհաւորում էին իրար: Մատաղացու ոչխար էին բերել ու արդէն պատրաստվում էին մորթելու, երբ յանկարծ ամերիկացին կանչելով թարգմանչի պաշտօն կատարող հօրս, մատնանշեց մի ճաղաւոր անիւ, որի վրայ նախապէս դրւած էր սպիտակ կաւիճով խաչաձև նշան: Ըստ նախագծի անիւը մեկ լրիվ պտոյտից յետոյ անհրաժեշտ էր կատարէր կէս հակառակ պտոյտ ու նորից վերադառնար նախկին կէտին, բայց տւեալ պահին դա պտտւում էր միայն մեկ ուղղութեամբ: Հաւանաբար թոյլ էր տրւել կոպիտ վրիպում: Անմի-ջապէս դադարեցւեց գեներատորի աշխատանքը, որին յաջորդած արտասովոր լռութիւնը շատ աւելի հոգեմաշ էր քան դղրդոցն ու աղմուկը...
Նորից բացւեցին բազմիցս գործածւած իւղոտ մատնահետքերով նախագծերը, դուրս թափւեցին գունաւոր լարերի խրձերը, մեկ առ մեկ ստուգւեցին միացումները: Երևութա-պէս, ամեն բան անսխալ էր: Մեքենան դարձեալ պատրաստւեց մեկնարկի: Կրկին հռնդաց շարժիչը: Բոլորի հայեացքը սպիտակ նշանի վրայ էր: Սակայն աւա՜ղ, անիւը յամառօրէն պտտւում էր մեկ ուղղութեամբ... Շտկման ապարդիւն գործողութիւնները շարունակւեցին մինչև ուշ երեկոյ: Բարկացած պետական վերահսկիչը փորձում էր համոզել ամերիկացուն մեքենան թողնել նոյն դրութեամբ ու բացման արարողութիւնից յետոյ յատուկ մասնագէտ հրաւիրել մայրաքաղաքից: Իսկ ամերերիկացին լսել անգամ չէր ուզում այդ մասին պատճառաբանելով, որ գեներատորը տւեալ թերութեամբ չէր կարող մտնել բեռան տակ ու չէր բացառւում աւելի վտանգաւոր վթարի հաւանականութիւնը: Վէճը գնալով թէժանում էր, երբ հայրս յանկարծ միջամտեց.
-Ես գիտեմ մէկին, որ կօգնի մեզ,- ասաց նա:
Ամերիկացին անմիջապէս հաւանութիւն տւեց. նա համակրում էր հօրս չգիտես իր անգլերէնի իմացականութեան, թէ հայ լինելու համար: Իսկ վերահսկիչը համաձայնւեց լոկ այն պայմանով, որ եթէ մեքենան պատրաստ չլինի նշւած ժամկէտին, ապա հայրս դուրս կթռչի գործարանից...

* * * * *

-Գնանք թառ նւագող Վանիայի մօտ,- տան ճանապարհին ասաց նա:
Ես շշմեցի, հայրս խելքը թռցրել է, ինչ է... Ուշ երեկոյեան, այս տագնապալի պահին, նա ի՞նչ գործ ունէր հիւանդագին գունատութեամբ, նիհարակազմ, կուզը դուրս եկած՝ հար-սանիքներին թառ նւագող Վանիայի հետ... Հասանք մեր թաղը և անցնելով ծուռ ու մուռ փողոցներով ու նրբանցքներով, թակեցինք նրանց դուռը...
-Քեզ մօտ եմ եկել մի խնդրանքով Վանիա՛, -ասաց հայրս, երբ յարմար տեղաւորւել էինք գորգապատ թախտի վրայ,- վստահ եմ ինչպէս միշտ չես մերժի ինձ:
Նա նայեց հօրս թևի տակ պահւած նախագծերի փաթէթին, թեթևակի ցնցւեց ու մի դժգոյն ժպիտ սահեց բարակ ու անգոյն շրթերի վրայ.
-Կարծում ես միտքս մի բա՞ն մնացել է...
-Էս անտէր մնացած քաղաքում, դու միակ մարդն ես, ով գլուխ կհանի էս գործից,- խորը համոզմունքով յարեց հայրս,- նեղութիւնդ անվարձ չի մնայ, մեծ պարգև են խոստա-ցել, խնդրում եմ օգնիր ինձ, նեղ դրութեան մէջ եմ...
Նայեցի շուրջս. նաւթավառի աղօտ լոյսի տակ երևում էր նրանց մեկ սենեականոց բնակարանի հասարակ կահաւորանքը: Պատերից մեկի վրայ խալչա* կար, միւսին՝ սև շրջանակների մէջ զետեղւած ընտանեկան լուսանկարներ: Միակ ներկայացւելիք առար-կան անկիւնում պատին հենւած փառաւոր թառն էր իր սև արկղով: Ննջասենեակը բաժան-ւած էր ծաղկաւոր վարագոյրով: Բաց նախամուտքի անկիւնում փոքր սեղանի վրայ դրւած էին խոհանոցային իրեր ու ռուսական ինքնաեռ, որի առջև կանգնած թէյ էր պատրաստում մեր թաղի ամենասիրուն աղջիկներից մեկը՝ թառ նւագող Վանիայի դուստր Վերոնիկան: Աչքս չէի կարողանում կտրել նրա ուսերին թափւած ոսկեգոյն փարթամ գանգուր մազերից, հազիւ ծնկներին հասնող չթէ տնային շրջազգեստի մաշւած քղանցքներից ու էժանագին չստերի մէջ առանց գուլպայի բարեձև սպիտակ ոտքերից... Թաղում ով չգիտէր այն մասին, որ հակառակ ծնողների կամքին՝ քաղաքի մեծահարուստ վաճառական Գաբրիէլի տղան Արիսը թունդ սիրահարւած էր նրան... Վաղուց էր մարդկանց հերիւրանքի ու բամբասանքի նիւթը դարձել այս փոխադարձ մեծ, բայց անյոյս սիրոյ պատմութիւնը...
Կինը թէյ ու տնային թխւածք դրեց սեղանին: Վերոնիկան ներս եկաւ, բարևեց հօրս ու ժպտաց ինձ: Զգացի, որ կարմրում եմ մինչև ականջներիս ծայրը...Այնքա՜ն պարզ, գեղեցիկ ու կանացի էր նա, այնքա՜ն հրապուրիչ էր նրա ժպիտը...
Հօրս համոզիչ յորդորներն ու պնդումները դեռ յամառօրէն շարունակւում էին: Թառ նւագողը դժւար էր համոզւում: Սկսում էի սրտնեղել, թէև հոգուս խորքում ուրախ էի, որ նա մերժում է, ախր ամաչում էի նոյնիսկ այն մտքից, որ առաջարկւած անձը նա է և վաղը պիտի ներկայանայ ամերիկացուն... Ի վերջոյ, հայրս բացեց նախագծերի փաթէթն ու փռեց սեղանին: Թառ նւագողը մի թռուցիկ հայեացք ձգեց բարդ գծագրերի վրայ ու մի պահ թւաց՝ նրա դէմքը շողաց յուզմունքից... Յետոյ սև շրջանակով ակնոցը ալարկոտ դրեց աչքերին ու խորասուզւեց նախագծի մէջ: Յոգնած էի ու սոված, բայց նրանք այնքան էին վերացած իրենց ուսումնասիրութեամբ ու խօսակցութեամբ, որ նախընտրում էի լռել: Մի կողմից էլ ինձ զգում էի անչափ երջանիկ ու շոյւած այն պատճառով, որ Վերոնիկան անդադար հարցեր էր տալիս ինձ դասերիս, ընկերներիս, աղջիկների հետ ունեցածս յարաբերութիւն-ների մասին ու չարաճճի ծիծաղում պատանեկան իմ միամիտ պատասխանների վրայ...
-Լաւ, մի բան կանենք,-վերջապէս ասաց թառ նւագողը,- վաղը կգամ քեզ հետ:
-Սրտանց շնորհակալ եմ, Վանիա ջան,-ասաց հայրս:
-Չարժէ,-ամօթխած ժպտաց նա,-դեռ բան չեմ արել...
Տուն գնալիս, իմ հերթին, հարցերի տարափ տեղացի հօրս գլխին: Պարզւեց, որ Վանիան մասնագիտութեամբ էլեկտրո-ինժեներ է, աւարտել է Կրասնոդարում, եղել է հարուստ ընտանիքի զաւակ: Փախել է երիտասարդ կնօջ հետ կարմիր յեղաղափոխու-թեան օրերին ու կորցնելով ամեն բան՝ հաստատւել մեր քաղաքում: Հայրը զոհւել էր, անդարձ կորել էին եղբայրները, մայրը չդիմանալով հարւածին մահացել էր վշտից: Միակ քոյրը գաղթել էր Երևան ու «տարին մեկ անգամ» նամակ էին գրում իրար...
-Բա ինչո՞ւ թառ է նւագում:
-Հապա ի՞նչ անի, պէտք է ընտանիք պահի, չէ՞, լեզու չգիտի, էստեղ իր մասնագիտութեանը համապատասխան մնայուն աշխատանք չկայ, նոր է սկսւում գեներատորների գործածութիւնը:
-Իսկ դու որտե՞ղից գիտէիր...
-Էս առաջին անգամը չէ, որ դիմում եմ նրան,-կարճ կապեց հայրս:
Ա՜յ քեզ բան, թառ նւագողը էլեկտրո-ինժեներ է եղել, չէինք իմացել, պատմելու բան էր...
* * * * *
Առաւօտեան տատնւում էի գնալ, թէ չգնալ հօրս հետ: Այս արտառոց փաստին տեղեակ լինելուց յետոյ էլ, դարձեալ քաշւում էի... Մա՜րդ է գտել, էլ ուրիշը չկար... Այնուամենայնիւ, հետաքրքրութիւնս յաղթեց:
Հակառակ սպասածիս, ամերիկացին յարգանքով ու քաղաքաւարութեամբ սեղմեց նրա ձեռքը, ընդ որում չէին դադարում թուրք բանւորների ծաղրական ակնարկներն ու լկտի արտայայտութիւնները.
-Թառդ մոռացել ես բերել, մսյո Վանիա,-ասաց մեկը,- մի լաւ քեֆ կանէինք...
Նա լուռ էր, խեղճացած ու անօգնական նայում էր հօրս, որ անտարբեր շրջապատին նրան առաջնորդեց սրահի խորքն ու մատնանշեց չարաբաստիկ անիւը: Թառ նւագողի մատերը թեթև դողում էին, երբ պտուտակիչով կենտրոնացած ու մտասևեռ մէկիկ-մէկիկ տնտղում ու ստուգում էր նախապէս արւած միացումները: Յետոյ նա ձեռքը վերցնելով լարահատը, սկսեց կտրատել հսկայ վահանակից դուրս թափւած գունաւոր էլեկտրալարերի նախապէս արւած միացումները: Ես վախեցած նայեցի ամերիկացուն, բայց նա ոչ միայն չհակազդեց, այլև ուշադրութեամբ հետևում էր թառ նւագողի աշխատանքին: Քիչ անց սկսւեց միացման բարդ գործողութիւնը: Նրա մատները շարժւում էին աւելի սահուն ու ինքնավստահ: Ձանձրացած բանւորները մեկ առ մեկ դուրս էին գալիս սրահից ու շնթռկում պատերի տակ:
Ճաշի ընդմիջմանը հայրս քաջալերական տոնով հարցրեց.
-Հ՞ը , գործը ո՞նց է առաջ գնում, բան դուրս կգա՞յ:
-Ինչ ասեմ,-նեղլիկ ուսերը վեր քաշելով ժպտաց նա,-ճտերը աշնանն են հաշւում:
Հակառակ խուսափոխական պատասխանին, նա իր տարերքի մէջ էր. դէմքի գունա-տութիւնը անցել էր, ուտում էր ախորժակով ու շտապում էր վերադառնալ մեքենայի մօտ:
Արևը թէքւում էր դէպի արևմուտք, երբ աւարտւեց վերամիացման աշխատանքը: Թառ նւագողը մի վերջին անգամ ստուգեց կապերն ու ամրացնելով վահանակի դռան պտուտակնեերը հազիւ լսելի ձայնով ասաց.
-Աշխատեցրէ՛ք...
Սրահը աշխուժացաւ. թուրք բանւորները հեգնալից շտապում էին ականատես լինելու... հօրս պարտութեանը: Նրանք համոզւած էին, որ թերութիւնը նախագծային է: Որտեղից որտեղ, դժգոհ փնթփնթոցով յայտնւեց նաև պետական վերահսկիչն ու արհամարանքով վերից վար չափեց թառ նւագողին, որը յոգնած, բայց գոհ ու անվարան յետևում էր մեկնարկման նախապատրաստական եռուզեռին: Ամերիկացին նորից կաւիճով նշան դրեց անիվի եզրին: Սեղմեցին ստարտը: Սրահը դղրդաց մեքենայի հզօր հռնդիւնից: Բոլորի հայ-եացքները անխտիր գամւած էր սպիտակ նշանի վրայ:
Ուռա,՜ անիւը մեկ լրիւ պտոյտից յետոյ կատարում էր հակառակ կես պտոյտ ու այս-պէս շարունակ...
Ամերիկացին մօտեցաւ, գրկեց Վանիային ու երախտագիտութեամբ թփթփացրեց նրա մէջքին: Հօրս աչքերը խոնաւացան... Բոլորը պապանձւած ակնածանքով էին նայում բարձրահասակ ամերիկացու բազուկների մէջ կորած թառ նւագողին: Ասես հրաշք էր տեղի ունեցել: Իմ մէջ եռում էր ազգային հպարտութիւնը, թող տեսնեն թէ ինչի են ընդունակ հա-յերը... Միաժամանակ ամաչում էի, բայց այս անգամ խղճի խայթից... Թառ նւագողը աչքիս բարձրացել էր, վեհացել... Եւ այնպես էի փափագում վազել Վերոնիկայի մօտ, յայտնել ուրախալի լուրը, իր մասնագէտ հօր յաղթանակի լուրը...

* * * * *
Այդ դէպքից անցան ամիսներ:
Մեր քաղաքի մեծահարուստ Գաբրիէլի տղայի Արիսի հարսանիքն էր: Նորահարսը մայրաքաղաքից էր՝ հիւրանոցատիրօջ աղջիկ: Նրանք պսակից յետոյ մեկնելու էին արտա-սահման: ՄԵնք էլ բազմահոծ հրաւիրեալների մէջ էինք՝ ոտից գլուխ պճնւած այդ ստորա-քարշ ու շողոքորթ բազմութեան, որոնցից քչերն էին տալիս Վերոնիկայի անունը, այն էլ շշուկով, վախւորած, շուրջը նայելով... Քաղաքաւարութիւնն ու էթիկան այդ էին պահան-ջում... Ասես երէկ չեր, որ չարակամօրէն առիթ բաց չիէն թողնում ժամեր շարունակ հաճոյ-քով խօսելու այդ մասին, բանսարկելու...
Շքեղօրէն զարդարւած սրահը կորել էր անհամար գունագեղ ծաղիկների, համադամ խորտիկների ու խմիչքնեերի ճոխ տեսականիի մէջ: Ներս մտնելուն պէս նկատեցի սև կոստիւմ հագած թառ նւագող Վանիային իր անզուգական թառով նւագելիս ու թւաց, կամ գուցէ թւաց, որ նրա հայեացքը երբեմն խաչաձևում է Արիսի մելամաղձոտ հայեացքին ու այդ պահին բարակ ու անգոյն շրթերի վրայ դրօշմւում է դալկահար մի ծուռ ժպիտ... Դա խորտակւած յոյսերով ու սեփական անզօրութեան հետ հաշտւած, անդունդի յատակին յայտնւած մարդու դառը ժպիտ էր...
Ի՞նչպէս չժպտար, չխնդար անագորոյն ճակատագրի չար խաղերի վրայ... Չէ՞ որ այդ գիշեր իր միակ դուստրը պիտի ճերմակազգեստ, քօղը դէմքին կանգնած լինէր փեսայի կողքին... Բայց աւա՜ղ, այս անգամ էլ սիրոյ ասպետը չդիմացաւ ոսկու փայլին...
Ի՞նչպէս չժպտար սրտաբեկ, երբ նոյնիսկ հիմա, իր անգի՜ն, իր սիրասո՜ւն Վերոնիկային գրկելու ու մխիթարելու փոխարէն, նստած նւագում էր անողոք բռնութեամբ, գուցէ իր մեղքով փշրւած մեծ սիրոյ ու երջանկութեան բեկորների վրայ...
Ակամայից աչքերիս առջև յառնեց Վերոնիկան հրապուրիչ ժպիտով, ուսերին թափ-ւած ոսկեգոյն փարթամ գանգուր մազերով, , չթէ տնային շրջազգեստով, էժանագին չստերի մէջ սպիտակ ոտքերով... Կիսամութ սենեակի թախծալի մենութեան մէջ այդ պահին ի՞նչ էր անցնում դառնում նրա աներազ վիրաւոր սրտում... Միթէ նա՞ էլ էր յայտնւել անդունդի յատակին...

 

Ձեր Կարծիքը