«Ի ՍԿԶԲԱՆԵ ԷՐ ԲԱՆՆ»...

Հարցազրույցը վարեց` Հայկուշ Շահբազյանը

Մեր հյուրն է բանաստեղծուհի, գրականագետ, մանկագիր Նաիրա Համբարձումյանը: Նրա «Ես բառ եմ դարձել» ժողովածուի բանաստեղծությունների տողերից էլ ծնվել են նրան ուղղված հարցերը:

- Ի՞նչ է լինում, «Երբ դատարկվում են հայելիները»:
- Մենության տրտմությունն ավելի է մգանում:

- Ինչո՞ւ «չեն խանգարում իրար ձյունն ու կրակը»:
- Նրանցից յուրաքանչյուրն իր ճակատագիրն ու ճանապարհն ունի:

- «Երկնքի արքայության ուղեգիր ո՞վ պիտի տա»:
- Մենք` մեզ:

- Ո՞րն է այն «լուսամուտը», որ բավական է «մենության փոքրիկ ձեռքերը խաչելու» կամ «արև ունենալու համար»:
- Սերը:

- Ինչո՞ւ է պետք սիրել:
- Ամբողջանալու համար:

- Ինչո՞ւ չխորհել` «ինչպես են ապրում ծաղիկները»:
- Նրանք նման են մարդկանց, իսկ մարդ-գոյն անկանխատեսելի է։

- «Իմ բախտը բերել է, Ես մարդ եմ ծնվել»...
- Որովհետև մարդ էլ կա, մարդ` էլ:

- «Սերը կորցնել ու հետո գտնել» հնարավոր չէ՞:
- Հնարավոր չէ:

- Հանդուգն չէ՞` «Կյանքը այն տողն է, որ հիմա գրում եմ»:
- Ո՛չ, որովհետև գրում եմ կյանքից, որովհետև տողս շնչում է, հետևապես` ապրում:

- Բանաստեղծությո՞ւնն է, «որ տանելու է մեզ Սկիզբը դեպի»:
- Բանաստեղծությունն է` բանաստեղծությունից դուրս:

- Ե՞րբ «առավոտ բառի մեջ նորից արև կլինի»:
- Երբ արդարության մասին միֆը նորից ապրի:

- Լսո՞ւմ եք արդյոք «ոտնաձայնը լռության»:
- Լռությունը լսել և հասկանալ ընտրյալներին է տրված միայն:

- Ո՞րն է Խուան Միրոյի «Երազների գույնը»:
- Կապույտը, բայց մաքուր կապույտը:

- «Լույսի ու ձյունի խառնուրդը» հաստա՞տ սերն է:
- Այո՛, քանզի այդ խառնուրդից են ծնվում աշխարհի բոլոր մանուկները:

- Ինչո՞ւ վերջակետ չեք սիրում...
-Մենք անկախ ենք մեր ապրելու ժամանակից, այն մենք չենք որոշում:

- «Երբ քեզ չեն դիմավորում, Դեռ չի նշանակում, որ դու չես եկել»:
- Բացարձակ ճշմարտություն է, քանի որ հարաբերական է` նա, ով «եկել է», արդյո՞ք եկել է... Ամեն ինչ ժամանակի ուսերին է:

- Ժամանակը բուժո՞ւմ է «բոլոր բաց վերքերը»:
- Բուժում է, ուղղակի պետք է կարողանալ ազատվել ոչ միայն վերքերից, այլև սպիներից:

- «Այս բեմում խաղալուց հոգնել եմ». ո՞ւր եք ցանկանում վերադառնալ:
- Ոչ թե վերդառնալ, այլ նորից սկսել:

- «Երբ հոգիդ մանուշակագույն էիր ներկում, Ի՞նչ էիր կարծում, մանուշակի հոգի՞ ունես...». ո՞ւմ են ուղղված այս խոսքերը:
- Երկերես, յոթնաստառ և հարափոփոխ տրամադրություններով մարդկանց, որոնց «չվանին խոտ դնել չի կարելի», որոնց ոչինչ չպետք է վստահել:

- Ձեզանից հետո հաստա՞տ ոչինչ չի փոխվի:
- Կփոխվի, իհարկե` ես չեմ լինի, բայց դա գոյության նորմալ ընթացք է:

- «...երազը Տաճար է տանում Նույնիսկ անհավատների՞ն...»:
- Այո՛, քանզի երազանքներն իրականանում են միայն հավատով...

- Փորձում եք «ապրել աղոթքի նմա՞ն»:
- Աղոթքի պես անընդհատ մաքրվելով:

- «Թեթև սահանքները կյանքի» այդ ինչպե՞ս եք բացում:
- Սահանքները կան, ուղղակի պետք է դրանք բացահայտելով` կարողանալ շրջանցել:

- «Ես ապրելու ճանապարհ եմ փնտրում այնտեղ, Ուր չկա ոչ մի ճանապարհ»:
- Կյանքն է այդ:

- Կարո՞ղ է հայացքը «տաք» լինել այնքան ու «հասկանալի»:
- Եվ միանգամի՛ց հասկանալի:

- «Պե՞տք է փնտրել ձևն ապրելու»:
- Ամեն վայրկյանը, ամեն ժամը, ամեն օրը որոնում է, և ապրելու ձևը փնտրելը` որոնման ծես:

- Թուղթը «արժանապատվության զգացո՞ւմ» ունի:
- Պետք է հարգել թուղթը, որի վրա գրում ես: Այն արժանապատիվ է` գրածիդ հանգույն:

- Այդ ե՞րբ է, որ «գորտերը բանաստեղծում են»:
- Երբ կյանքը պրոզա է դառնում:

- Բոլոր «նորածին զգացումների՞ն» է «անհապաղ խնամք հարկավոր»:
- Այո՛, ինչպես նորածինը, երբ խնամում ես, ինչպես բույսը, երբ նոր ես աճեցնում:

- «Ինչպե՞ս է մեկնաբանվում ճախրը»:
- Արևի ցեղակցության հրկիզումով:

- «Որքա՞ն է Ժայռի քնքշության չափը` Նրա հոգում ծնված ծաղկի նկատմամբ»:
- Իր խրոխտության չափով:

- «Եթե մենակ ես` Ոչի՞նչ ես ուրեմն»:
- Մեկը ոչնչի հանրագումարն է:

- «Ինձ հասկանալն էլ դժվար է»: Ինչո՞ւ է դժվար:
- Որովհետև ճանապարհը, որով գնում եմ, դուրս է ինձանից:

- Ինչո՞ւ եք լուսին սիրում:
- Լուսինը միշտ խորհել է տալիս:

- Ինչպե՞ս եք «հրաշեկ արևից ապագա սարքելու»:
- Արևը կյանքն է, կյանքը` ինչ-որ բան ստեղծել-թողնելու հնարավորություն:

- Դուք բա՞ռ եք դարձել: Ո՞րն է «բառի» բանալին:
- Ի սկզբանե էր ԲԱՆՆ...


Արտատպությունը` «Գլաձոր» թերթից:

 

Կարծիքներ

Hukksss axr in4 asem, shaaaat lavn es eeee.......lurj es shat hpart em , vor qo het canot em.....uzum em vor misht lines qo bardzrunqum u misht senc lav u hajoxvac hodvacner anes......qez hajoxutyun te qo gorcum, te qo kyanqum...!!! Isk N.Hambardzumyanin el dimum em miayn mek xndranqov, vor misht stexvagorci u 4dadari ir mtqer@ artahayteluc.....dranq iroq, vor shat usucanox ev shat djvar paheri dexatoms karox en darnal....Hajoxutyunner dzez erkusit el.....:K:K:K:K

ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԵՐԵՎԱ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

(If you haven't left a comment here before, you may need to be approved by the site owner before your comment will appear. Until then, it won't appear on the entry. Thanks for waiting.)