فارسي

Միքայել Աբաջյանց

Արձակագիր, թարգմանիչ Միքայել Աբաջյանցը ծնվել է 1970 թվականին Երևանում:
1999-ին նրա պատմվածքներից մեկը («Ճերմակ զրահներ») գրողների միջազգային «P.E.N» ակումբի կողմից թարգմանվել է անգլերենով: Աբաջյանցի՝ արձակ ստեղծագործությունների «Ճերմակ աշտարակը» ժողովածուն լույս է տեսել 2003-ին, իսկ «Դիմանկար»-ը ժողովածուն՝ 2010-ին: Հրատարակության է պատրաստվում նրա պատմվածքների ժողովածուն ռուսերենով:
2009-ին Միքայել Աբաջյանցն արժանացել է Գրողների միջազգային «Նոր ժամանակակից» ակումբի «Արձակի արքա» մրցանակին: Բազմաթիվ են Աբաջյանցի թարգմանական գործերը (հայերենից ռուսերեն եւ ռուսերենից հայերեն):
Աշխատակցում է «Նոր-Դար» հանդեսին և «Գրական կյանք» ամսաթերթին՝ որպես խմբագիր:
Աբաջյանցը Հայաստանի Գրողների միության, գրողների միջազգային «Նոր Ժամանակակից» և «P.E.N.» ակումբների անդամ է:

Հերմինե Ադամյան

Ծնվել է 1981թվին, Աբովյան քաղաքում: Նախնական և միջնակարգ կրթությունը ստացել է ծննդավայրում: 1998թ. ընդունվել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի`«պատմություն-իրավագիտություն» բաժինը, 2003թ.` նույն համալսարանի ասպիրանտուրան` «Համաշխարհային պատմության դասավանդման և մեթոդիկայի» ամբիոնից՝ ներկայաացնելով «ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը 1945-1960թթ. և Թուրքիան» վերնագրով գիտական աշխատությունը:
2007-2008թթ. բնակվել է Թուրքիայի Հանրապետությունում` զբաղվելով գիտական գործունեությամբ: 2009թ. ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Երիտասարդ արևելագետների հանրապետական խորհրդի անդամ է:
2009թ. Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից ուղարկվել է Հնդկաստան, որտեղ դասավանդել է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում, միաժամանակ լինելով ճեմարանի մամլո պատասխանատուն և նշանավոր «Արարատյան» գրադարանի կառավարչը: 2009թ-ից ընտրվել է Կալկաթայի Հայոց Ս. Նազարեթ եկեղեցու վարչության անդամ: 2010թ. մայիսին վերադարձել է Հայաստան: Ունի հրատարակված մեկ տասնյակից ավել հոդվածներ, այդ թվում գիտական, որոնցից մի մասը առնչվում է Թուրքիայի և Հնդկաստանի հայ համայնքների անցյալի պատմությանը և ներկայիս գոյությանը:

Հեղինե Ա'Դանիել

(Հեղինակի կանաչ աչքերով...)
Միշտ եղել է, սակայն հերթական անգամ վերամարմնավորվել է 1983 թվին, հուլիսյան գունագեղ արևածագին, Գեղարքունյաց աշխարհում: Սիրում է կյանքը և վստահեցնում է, որ այդ սերը փոխադարձ է: Մարդկանց մեջ կարևորում և խրախուսում է անկեղծության դրսևորման գագաթնային ցուցանշի առկայությունը: Իրեն չի համարում բանաստեղծուհի, պարզապես գրում է այն, ինչ մարդիկ երգում են տարբեր անկյուններում: Չի գրում այն, ինչը երգվում է իր կողմից: Սեփական տողերի մեջ նկարում է ինքն իրեն, բայց խնդրում է ամենքին` այնտեղ անգամ իր ձայնի նոտաները չփնտրել` դա միայն կդժվարացնի ներթափանցել ներս:
Հավատացնում է, որ լավ մարդիկ ուղղակի պարտավոր են ճանաչել միմյանց, որի համար էլ երնկնել է սեփական հայատառ ֆորումային կայքը՝ www.ArmSoul.com: Զբաղվում է այն ամենով, ինչից բխում է Լույսը և իր միջոցով ջերմացնում մարդկանց հոգիները:

Սաթ Ալեքս

Ծնվել եմ վագրի տարում, համաստեղությամբ կարիճ եմ, բայց չանհանգստանաք առաջին մասնագիտությամբ մարդ եմ՝ գյումրեցու որակավորմամբ, երկրորդ մասնագիտությամբ՝ տնտեսագետ-մաթեմատիկ:
Մարդկանց մեջ գնահատում եմ ազնվությունն ու միմյանց օգնելու ընդունակությունը: Սիրում եմ կյանքն իր բոլոր դրսեվորումներով և գտնում եմ, որ պատահական ոչինչ չի լինում... Սիրում եմ գրել, քանզի գրելու արդյունքում սպիտակ էջն ու հոգին փոխում են իրենց տեղերը՝ մեկը լցվում է, մյուսը դատարկվում...

Աշոտ Ալեքսանյան

Թարգմանիչ, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Աշոտ Ալեքսանյանը ծնվել է 1961 թ. դեկտեմբերի 24-ին, Երևանում։
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը և Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան։ ՀԳՄ-ի անդամ է 1996 թվից:
1993թ.-ից անցել է դիվանագիտական գործունեության և առ այսօր աշխատում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում։ Հեղինակ է գրականագիտական աշխատանքների՝ նվիրված հայ միջնադարյան, նոր և նորագույն շրջանի գրականության խնդիրներին, ինչպես նաև արտասահմանյան մի շարք գրողների և եվրոպական գրականության խնդիրների մասին ուսումնասիրությունների, հոդվածների գրախոսականների։
Թարգմանել և առանձին գրքերով կամ ընտրանիի սկզբունքով հասարակական մամուլում հրապարակել է գերմանա-ավստրիական և ֆրանսիական մի շարք հեղինակների ստեղծագործություններից: Հանրապետական մամուլում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, էսսեներով, արձակ և չափածո ստեղծագործություններով։
Արժանագելէ հետևյալ պարգևներին ու մրցանակներին՝
• Հայ-ավստրիական գրական-մշակութային կապերի խթանման, մասնավորապես ավստրիական գրականության հայալեզու թարգմանության համար 1999թ. Ավստրիայի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել է «Ավստրիայի Հանրապետությանը ծառայությունների համար Ոսկե Խաչ շքանշանով»:
• 2000թ. արժանացել է Ավստրիայի վարչապետարանի խրախուսական մրցանակի։

Հրանտ Ալեքսանյան

Բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Հրանտ Ալեքսանյանը ծնվել է 1961թ. , Արցախում:
Երեւանում ստացել է տեխնիկական բարձրագույն կրթություն:
1983 թվից զբաղվում է բացառապես գրական-լրագրողական գործունեությամբ:
Բանաստեղծական 10 գրքի հեղինակ է: Նրա ստեղծագործությունները թարգմանաբար լույս են տեսել ռուսերեն, անգլերեն, պարսկերեն, գերմաներեն, ուկրաիներեն:
Հայաստանի գրողների միության` Դ. Վարուժանի անվան մրցանակի դափնեկիր: «Գեղarm»,, գրական-գեղարվեստական, թարգմանական հանդեսի գլխավոր խմբագիր:
Բանաստեղծի հրատարակած գրքերը.
«Կենսադաշտ», - 1989թ. Երեւան
«Ամառն Ամարասում» - մանկական, 1990թ. Երեւան
«Խրախճանք»- 1991թ. Ստեփանակերտ
«Վարդի խռովություն» - 1994թ. Ստեփանակերտ
«Անկման սիմետրիան» - 1996թ. Երեւան
«Խորանարդներ նորին գերազանցությանը» - 1997թ. Ստեփանակերտ
«Եզրային ասացումներ» 1998թ. Թեհրան
«Լիալուսնի սարկոֆագ» - 2000թ. Բեյրութ
«Պայմանաասքեր haM ինտերգրքից» - 2003թ. Ստեփանակերտ
«Բանի բարիտոնը: Երկրի բարիտոնը» - 2007թ. Ստեփանակերտ

Շաքե Ամիրյան – Պետրոսյան

Լրագրող և լուսանկարիչ Շաքե Ամիրյան- Պետրոսյանը ծնվել է 1951 թվին Իրանի Արաք քաղաքում:
Զանազան հոդվածներով ու թղթակցություններով աշխատակցել է Թեհրանում հրատրակվող «Ալիք» օրաթերթին, Հայաստանում՝ «Առավոտ» և «Գարուն» պարբերականներին: Մոտ է կանգնած հայ գիր ու գրականությանը. ունի արձակ և չափածո ստեղծագործություններ, ինչպես նաև անգլերենից ու պարսկերենից կատարած թարգմանություններ:
2000 թվին ավարտել է Երևանի «Գրիգոր Զոհրապ» մասնավոր համալսարանի լրագրության ֆակուլտետը:
Կնոջ՝ ի սկզբանե առեղծվածային էությունն իր պարադոքսային երևույթներով և հակառակ սեռի ու հասարակության տարաբնույթ մոտեցումներն ու վերաբերմունքը կնոջ նկատմամբ, զբաղեցնում են լրագրուհու միտքն ու տանում են նրան խորհրդածության ու մտահանգումի հասնելու ճիգի:

Վարուժան Այվազյան

Արձակագիր Վարուժան Այվազյանը ծնվել է 1958 թվին, Վրաստանի Ծալկայի շրջանի Այազմա գյուղում: 1986-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը:
Խմբագիրն է՝ Երևանում հրատարակվող «Գարուն» ամսագրի: Վ. Այվազյանի գրչին են պատկանում «Հին ահ», «Ճանճի ամիսը» ժողովածուները և 2004-ին լույս տեսած «Համեմատական կենսագրականներ» վեպը:
Ուշագրավ է՝ «Անհենարան և անխարիս՝ երկրի նման» խորագրով իր էսսեների ու հոդվածների ժողովածուն, որը հրատարակվել է 2007 թվին, Երևանում:

Կարեն Անտաշյան

Բանաստեղծ Կարեն Գառնիկի Անտաշյանը ծնվել է1983 թվին, Վանաձորում (ՀՀ):
1999-2003թթ սովորել է ՀՊՃՀ Լոռու մասնաճյուղի «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» բաժնում: 2003-2005թթ սովորել է ՀՊՃՀ մագիստրատուրայում «Ճարտարագիտական կառավարում» մասնագիտությամբ: 2003թ-ին մի քանի համախոհների հետ հիմնադրել և հրատարակել է ուսանողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Ուսանողի Ձայն» ամսագիրը:
«Հայկական դիմագծեր» հոդվածաշարով հանդես է եկել պարբերական մամուլում: Նրա "Բերքի տոն" բանաստեղծական շարքը արժանացել է «Գրեթերթ» (ՀԳՄ) երիտասարդական պարբերականի 2008թ-ի պոեզիայի մրցանակին: Ցայժմ հրատարակել է երկու բանաստեղծական ժողովածուներ՝ «Վերջից հետո, Սկզբից առաջ», 2004թ և «Անտաշատ. պոեզիա 78%», 2009թ: Նրա ստեղծագործությունները հրատարակվել են պարբերական մամուլում:

Խորեն Արամունի Քեշիշյան

Արձակագիր Խորեն Արամունի Քեշիշյանը ծնվել է Իրանում 1948 թվին: Թեհրանում միջնակարգն ավարտելուց հետո մեկնել է Իսֆահան և ընդունվել տեղի համալսարանի հայագիտական բաժին: Երկու տարի անց՝ 1969 թվին, ընտանiքով հայրենադարձվել է: 1975-ին, ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական բաժինը: 1980 թվականին գաղթել է ԱՄՆ: Կարճ լռությունից հետո գիտական ու հրապարախոսական հոդվածներով հանդես է եկել տեղի պարբերականներում:
1991-2005 ժամանակահատվածում Երևանում և Լոս Անջելեսում հրատարկվել են Խորեն Արամունու պատմվածքների, վիպակների, թատերգոէթյունների ժողովածուները, «Թատրոն» խորագրով վեպը և «Դպրոցի Ճամբան» հուշապատումը:
Սկսած 1996 թվից մինչև այսօր Լոս Անջելեսում և Երևանում բեմադրվում են իր թատերգությունները:

Վահե Արմեն

Ծնվել է 1960 թ. Իրանի Մաշհադ քաղաքում: Լոնդոնում երկու տարի ուսանել է հասարակագիտություն:
Բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Դէպի սկիզբ» լույս է տեսել Թեհրանում, իսկ երկրորդը 1999 թվին «Ճիչ» խորագրով՝ Երևանում: Ցայժմ հրատարակել է նաև Իրանի ժամանակակից Ճանաչւած պարսիկ բանաստեղծներ՝ Փունէ Նեդայիի և Ռասուլ Յունանի հատընտիր բանաստեղծությունների հայերեն թարգմանությունը երկու առանձին հատորներով:
Պարսկական մամուլում հրատարկված իր պարսկերէն լեզվով երկերը մեծ ընդունելության են արժանացել պարսիկ գրասեր հասարակության կողմից:
Առանձին գրքով լույս են տեսել հեղինակի պարսկերեն բանաստեղծություններից մի փունջ՝ «Թևերը թողեց բանաստեղծությանս կողքին ու գնաց» խորագրի տակ: Շուտով Երևանում լույս կտեսնի այս բանաստեղծությունների ժողովածուն Էդվարդ Հախվերդյանի թարգմանությամբ:
Իսկ իր թարգմանությամբ արդեն պարսիկ ընթերցողի սեղանին է՝ Հայաստանի ժամանակակից բանաստեղծների հատընտիր երկերի՝ «Դռանս բանալին արևի շողն է» վերտառությամբ ժողովածուն:
Մեկն է՝ «Շեըրե Սոլհ»-ի (խաղաղության պոեզիա) միջազգային՝ 2007 թվի Թեհրանում կազմակերպված առաջին մրցանակաբախշության դափնեկիրներից:

Սագո Արյան

Ծնվել է 1972 թվին, Բեյրութում: Նախնական կրթությունն ստացել է Բուրջ Համուդի ազգային դպրոցներում, ապա մասնակցել է Խանամիրյան կոլեջի դասընթացներին։
1995 թվին, մի խումբ ընկերների հետ հիմնել է «Դար 21» գրա¬կան խմբակր: Աշխատակցել է «Արծիվ», «Հորիզոն» ու «Ժամա¬նակ» թերթերին։
1997 թվին տպագրել է իր առաջին գիրքր «Տարտամ Տողեր» խորագրով։Համագործակցել է «Գրական Հորիզոն»- ի եւ «Բաց Նամակ»-ի հետ։ Նրա երկերից լույս են տեսել «Գարուն» գրական ամսագրում: 2000 թվին հրատարակել է «Կա¬նալի Հարսանիքը» գիրքը։

Գառնիկ Արունց Սարգսյան

Ես ծնվածս օրվանից Գառնիկ Սարգսյանն եմ:
Վկան` տողերս ու Դուք:
Ես բանարար եմ կամ բանարարող,
Բայց բանարարությամբ դեռ չեմ կարողանում հացս վաստակել:

Գրելը չեմ սկսել ոչ վաղ, ոչ էլ հասուն տարիքից.
Ես պարզապես շարունակող եմ,
Որովհետև սկիզբն ունի վերջ, իսկ ինձնից հետո
Ինձ էլ են շարունակելու...

Ծնվել եմ 1981 թվին Երևանում:

Շանթ Բաղրամյան

Ծնվել է 1982 թվին Թեհրանում: Ներկայիս ուսանում է Թեհրանի «Սանաաթի Շարիֆ» համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում:

Աշոտ Գաբրիելյան

Ծնվել է 1979 թվին, Արարատի մարզի Սուրենավան գյուղում: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1997-99 թվերին ծառայել է ՀՀ Զինված ուժերում: 2007-ին ավարտել է Երևանի Պետական Համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Հայաստանի Գրողների Միության անդամ է 2007 թվից: Ցայժմ հրատարակել է բանաստեղծությունների երկու ժողովածու՝ «Հրեշտակները ասեղի ծայրին» (2001) և «Հավատացեք, քանի որ չեք հավատալու» (2004) անուններով:

Մարուշ Գազանճյան – Երամյան

Ծնվել է Հալեպում, Սիրիա:
Ավարտել է Հալեպի «Քարէն Եփփէ» ճեմարանը և ավելի ուշ՝ Բեյրութի պետական Բարձրագույն Երաժշտանոցի դաշնամուրային բաժինը՝ վկայվելով Քաշանի (Ֆրանսիա) պետական երաժշտանոցի կողմից:
Իր «Սփյուռքահայ բանաստեղծությունը 1965-1995 թուականներուն» գրական-ուսումնասիրական աշխատությունը պաշտպանելով Մանուկ Աբեղյանի անվան ինստիտուտի մեջ, դարձել է բանասիրական գիտությունների թեկնածու:
Հալեպում և Երևանում հրատարակվել են Մարուշի բանաստեղծությունների հինգ ժողովածուները՝ 1991-2004 թվերին: Լույս են տեսել նաև բանաստեղծուհու պատմվածքների երկու ժողովածուները 2003 և 2007 թվերին՝ Անթիլիասում ու Երևանում:
«Բանաստեղծություն» պարբերագրքի և «Մաշտոց» մատենաշարի խմբագիրներից մեկն է: Իսկ սփյուռքահայ ու Հայաստանի մամուլի էջերում բազմիցս հրատարակվել են բանաստեղծուհու գրչին պատկանող բազմաթիվ հոդվածներ:
Վահէ Օշականը եղել է առաջինը, որ նկատել է բանաստեղծուհու համարձակ մուտքը գրական աշխարհ և ասել. «Թարմ հով մը կը փչէ Սուրիոյ աւազներուն վրայէն...»: Մարուշի բանաստեղծությունները նորաբույր են, արդիական և ավելի բարձր են կանգնած միջին-ավանդական պոեզիայից:

Գոհար Գալստյան

Բանաստեղծ, արձակագիր Գոհար Գալստյանը ծնվել է 1964 թ. Երևանում: 1986 թ. ավարտել է Երևանի ճարտարագիտական համալսարանի “կիբերնետիկայի” ցերեկային և “անգլերեն լեզվի թարգմանության” երեկոյան բաժինները:
Հինգ գրքի հեղինակ է:
Առաջին ժողովածուն՝ “Կյանք կոչվող փոքրիկ այս ակնթարթը” վերնագրով, որտեղ զետեղված են բանաստեղծություններ և “Ադամամութից մինչև լուսաբաց” պատմվածքը, լույս է տեսել 2000թ.-ին, այնուհետև՝
“Խորաններ” բանաստեղծություններ և արձակ էջեր՝ 2002 թ.,
“Խորաններից անդին” - բանաստեղծություններ՝ 2004 թ.,
“Ջրօրհնության կարգով” - բանաստեղծություններ՝ 2008 թ. և
“Եռման հրվանդան” - ինքնախոսություններ և պատմվածքներ՝ 2010 թ.:
Հեղինակ է նաև մի շարք վերլուծական հոդվածների: Նրա բանաստեղծական շարքերը և պատմվածքները պարբերաբար տպագրվում են ինչպես Հայաստանյան, այնպես էլ սփյուռքի հանդեսներում:
2009 թ.-ին “Նարցիս” հանդեսում տպագրվել է նրա “Մարի Նվարդ” մոնոդրամը, որը ժամանակին մասնակցել էր “Արմմոնո -1” 2003 թ.-ի փառատոնին:
Աշխատում է Երևանի Չարենցի անվան գրականության և արվեստի պետական թանգարանում, որպես գրական բաժնի ավագ գիտաշխատող:

Դվին Գալստյան

Ծնվել է 1981 թվականին Թեհրանում: Ապրում է Թեհրանում:
Ֆիզիկայի ուսանող է, սակայն գրականությունն ըստ ամենայնի՝ մասնավորաբար՝ արդի գրականությունը իր ամենամեծ նախասիրությունն է:
Աշխատակցել է «Ալիք» օրաթերթին և «Հանդես» գրական պարբերականին:
2004 թվին իրանահայ պատվիրակության կազմում մասնակցել է Երևանում կազմակերպված Գրողների Համահայկական Բ. Համագումարին և՝ անչափ տպավորվել:
Իր գրական ստեղծագործությունների մեջ բնորոշ է նրա նորամտությունը թե' ոճային և թե' թեմատիկ առումով:

Անրի Գրիգորյան

Ծնվել է 1987-ին, Թբիլիսիում: 2008-ին ավարտել է Թբիլիսիի Սևծովյան միջազգային համալսարանի բանկաֆինանսական ֆակուլտետը: 2008-ին ընդունվել և 2010-ին ավարտել է Թբիլիսիի Տնտեսագիտության միջազգային դպրոցի մագիստրատուրան: Անդամ է հայ գրողների «Վերնատուն» միության, ինչպես նաև «Կամուրջ» գրական-մշակութային ՀԿ «Շեմ» գրական ակումբի: 2010-ին «Շեմ» մատենաշարով լույս է տեսել նրա անդրանիկ «Վայրկյաններ» պատմվածքների ժողովածուն: Կատարում է նաև թարգմանություններ վրացերենից:

Գրիշ Դավթյան

Բանաստեղծ Գրիշ Դավթյանը ծնվել է 1935 թվին Նոր Ջուղայում, Իրան: Բարձրագույն կրթությունը ավարտել է Անգլիայում արժանանալով տնտեսագիտության դիպլոմի: 1969-ին, Լոնդոնի համալսարանի Արվեստից Մագիստրոսի կրթական որակումով՝ մասնագիտացել է միջարևելյան պատմության մեջ: Վերադառնալով հայրենիք, ուսանել է Թեհրանի Համալսարանի ճարտարվեստի և գործարարական մենջմենթի ֆակուլտետում 1972-74 թվերին:
1964-5 թթ եղել է «Արեգակ» ամսագրի հիմնադիր խմբագիրը Լոնդոնում:
1980-5 թթ վարել է Թեհրանի «Ալիք» օրաթերթի շաբաթական Գրական Էջը
1970-1986 թթ անդամակցել է Իրանահայ Գրողների Միությանը՝ վերջին տարիներում ստանձնելով փոխնախագահի և հետո նախագահի պաշտոնը:
2005-ից Կալիֆորնիայի Հայ Գրողների միության (AWAOC) պրեզիդենտն է:
Ցայժմ լույս են տեսել բանաստեղծի «Ծլվլոց» խորագրով մանկական (1964)՝ և «Կաթիլ ծով» բանաստեղծությունների ժողովածուները Թեհրանում (1982), իսկ 2003 թվին, «Ափունքից ափունք» բանաստեղծությունների հատորը՝ Երևանում: Հտատարակվել է նաև նրա «The American Pulse» բանաստեղծությունների ժողովածուն անգլերեն լեզվով:
1987 թվին հաստատվել է ԱՄՆ-ում և 1997 թվից վերսկսել իր գրական- հասարակական գործունեությունը:Վարել է «Գրական եթեր» հեռուսատաժամը, իսկ 2001 թվից նախաձեռնել ու վարում է՝ համացանցային «Կռունկ» հայկական լրատվացանցի անգլերեն բանաստեղծությունների կայքէջը (http://www.groong.org/tlg/indes.html):

էսթեր Դավիթյան

էսթեր Դավիթյանը (Բաստրմաջյան) ծնվել է 1941 թ. Լիբանանի Բեյրութ քաղաքում։ 1946 թ. ընտանիքը ներգաղթել է Հայաստան։ 1965 թ. ավարաել է Երևանի Պետական համալսարանի Բանասիրության բաժինր և մինչև 1979 թ. (ԱՄՆ աեղափոխվելր) աշխատել է Հայաստանի Ազգային Ակադեմիայի Գրականության Ինստիտուտում Տեսության և Տեքստաբանության բաժիններում։
Տպագրության է պատրաստել Մ. Աբեղյանի տաղաչափական աշխատությունների ակադեմիական հրատարակության 5-րդ հատորր։ Ուսումնասիրել է Աիամանթոյի (Ատոմ Յարճանյան) կյանքն ու գործր, կազմել է նրա երկերի աարեգրությունր։ Ուսումնասիրել է քերթողի Երևանի Եղիշե Չարենցի անվան Գրականության և Արվեսաի թանգարանում պահպանվող արխիվր, կարդացել, վերծանել է նրա խրթին ձեռագրերր դրանք պատրաստել Ակադեմիական Հրատարակության (հատորր լույս է տեսել 2003 ր. Երևանում)։
1979-ից բնակվում է Լոս Անջելոսում։ Բազմաբնույթ ակնարկների, գրականության հարցերին նվիրված հոդվածների հեղինակ է, հրատարակվում է աեղական մամուլում։ Զբաղվում է նաև թարգմանությամբ։ Թարգմանել է 16-րդ դարի փիլիսոփա Ֆրանսիս Բեկոնի վերջին «Նոր Ատլանաիդա» երկր (լույս է աեսել «Կրունկ» ամսագրում)։ Ներկայումս թարգմանում է նրա «էսսեներր»։ Գրում է բանաստեղծություններ։ Ունի երեք «Քառակուսուց դուրս» (2003 թ.), «Երջանկությունր իմ աանն է ապրում» (2004 թ.) և «Ապրել ինչպես ծառ» (2007 թ.) խորագրերով ժողովածուներր։

Ավագ Եփրեմյան

Բանաստեղծ, թարգմանիչ Ավագ Եփրեմյանը 1981 թ. ավարտել է Երեւանի պետհամալսարանի բանասիրության ֆակուլտետը։ 1989 թ. հրատարակել է «Ես իմ լեռան դեմ» բանաստեղծությունների առաջին գրքույկը։ Այնուհետեւ` «Աստղաքայլ» (1992 թ.), «Մեկնության ժամանակը» (1996 թ.), «Զրույց երկնաբնակի հետ» (Իոսիֆ Բրոդսկի, Ավագ Եփրեմյանի թարգմանությամբ, 2001 թ.) եւ «Գրվածք» (2008 թ.) ժողովածուները։
2009 թ. հոկտեմբերին «Արտակարգ գրադարան» մատենաշարով լույս տեսավ Ա.Եփրեմյանի «Բոլոր դռները» վիպակ-անտիուտոպիան։ Այժմ բնակվում է Երեւանում։

Վաչե Եփրեմյան

Գրականագետ, հրապարակախոս Վաչե Եփրեմյանը ծնվել է 1960թ., Կապանում: Բանասիրական գիտությունների դոկտոր է, դոցենտ: 1982թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը։
Ունի ավելի քան 40 հրատարակված աշխատություն։
ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի Ընդհանուր ճարտարագիտական կրթության ֆակուլտետի դեկանն է։

ԹՈՆԴՐԱԿ 
(ՍՄԲԱՏ  ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ)

Ծնվել է 1977 թ. սեպտեմբերի 19-ին Ապարանի շրջանի (Արագածոտնի մարզ) Լուսագյուղ գյուղում: 1999-2003 թթ. սովորել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետում: 2003-2005 թթ.` նույն ֆակուլտետի Համաշխարհային պատմության ամբիոնի մագիստրատուրայում:
2005-2009 թթ. եղել է նույն ամբիոնի հայցորդ: 2009 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Ֆրանսիական Աննալների դպրոցը և XVII-XVIII դդ. հայ առևտրական կապիտալի հիմնախնդիրը» թեմայով:
2001թ. արժանացել է Սեպուհ Սարգսյանի անվան համահայկական գրական մրցանակաբաշխության  մրցանակ (ԱՄՆ-Կալիֆորնիա, Համայնապատկեր):
2000 թ. արժանացել է Երիտասարդ կատարողների և ստեղծագործողների Ավ. Իսահակյանի անվան հանրապետական 7-րդ մրցույթում` “Գրական ստեղծագործությունների”  2-րդ կարգի մրցանակի (Երևան):
Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է համաշխարհային պատմության քաղաքակրթական և ինքնութենական հիմնախնդիրները: Հեղինակ է մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածների և զեկուցումների, ինչպես նաև` մի շարք թարգմանությունների (ֆրանսերենից, ռուսերենից): Ստեղծագործություններն ու թարգմանությունները հրապարակվել են Գարունում, Գրեթերթում, Գրական թերթում, Նարցիսում և այլուրեք:
2010 թվականին հրապարակել է «Երկրորդ նավարկություն» բանաստեղծությունների ժողովածուն:

Գուրգեն Խանջյան

Գուրգեն Խանջյանը ծնվել է 1950- ին, Երեւանում։
Ավարտել է Հայկական Գյուղատնտեսական ինստիտուտը։
Ծառայել է Սովետական Բանակում։
Ամուսնացած է, ունի որդի։
Ներկայումս խմբագիրն է ՀԳՄ «Գրեթերթ» ամսաթերթի։
Հեղանիկ է ավելի քան տասը գրքերի, բազմաթիվ պիեսների եւ սցենարների, թարգմանում է ռուսերենից, իր ստեղծագործությունները թարգմանել են ռուսերեն, անգլերեն, պարսկերեն, վրացերեն, ռումիներեն, մի քանի մեծ ու փոքր մրցանակների է արժանացել։
Հրատարակված գրքեր
«Շարժասանդուղք», ժողովածու` 1994թ., «Նաիրի» հրատ.։
«Հիվանդանոց», վեպ1 1994թ., «Ազգ» հրատ.։
«Ստվերներ խամաճիկների փողոցում», ժողովածու` 1998թ., «Նոր Դար»։
«Կենձաբուրո Օէ, պատմվածքներ», պատմվածքների ժողովածու (թարգմանություն ռուսերենից)` 1998թ. «Նոր Դար»։
«Սպանել փրկչին», ժողովածու` 2001թ., «Նոր Դար»։
«Ճամփեզրի թատրոն», պիես` 2002թ., «Վան Արյան»։
«Նստիր Ա գնացքը», վեպ` 2002թ., «Նոր Դար» ։ «Դատավարություն», պիես` 2003թ., Թեհրան (պարսկերեն)։
«Մարդկանց տուն ուղարկիր», ժողովածու` 2004թ., ՀԳՄ։
«Լուր չկա», վեպ` 2006թ., ՀԳՄ։
«Թատրոն 301»` պիեսների ժողովածու, 2008թ., ՀԳՄ։
«Նամակներ ընթացքից»` պատմվածքներ, էսսեներ, կոլաժներ, 2009թ., Երեւան։
Պիեսներ են բեմադրվել Երեւանի «Դրամատիկական» եւ «Կոմեդիայի» թատրոններում, Թբիլիսիի, Վանաձորի, Ստեփանակերտի, Լոս Անջելեսի, Հալեպի թատրոններում, հեռուստատեսությամբ, ռադիոյով, նրա սցենարներով նկարահանվել են ֆիլմեր եւ հեռուստատեսային մանրապատումներ։

Գնել Խաչատրյան

Ծնվել է 1972 թվին, Բերդում (Տավուշի մարզ), Հայաստան:
1993 թվին ավարտել է Երևանի Պետական համալսարանի մաթեմաթիկայի, իսկ 1995-ին Երևանի Ամերիկյան համալսարանի բիզնեսի ադմինիստրացիայի ֆակուլտետները: 2004-ին, Անգլիայում որակավորվել է որպես՝ Արտոնված Երդվյալ Հաշվապահ (ACCA): Ապա 2005-2007-ի ժամանակահատվածում մասնագիտացել է ԱՄՆ-ում (Արիզոնա) Ընդհանուր և Միջազգային մենեջմընթի ոլորտում:
Ներկայում բնակվում է Մոսկվայում իր կնոջ ու երկու դստրիկների հետ և վարում է Ֆինանսի Տնoրենի պաշտոն:
2008 թվին, Երևանում լույս է տեսել երիտասարդ արձակագրի պատմվածքների առաջին ժողովածուն «Կյանքեր» խորագրով: Գնելի ոՃը սահուն է, ինքնատիպ, հագեցած՝ մարդկային վեհ զգացումներով ու ապրումներով:

Մարո Խաչատրյան

Ծնվել է 1973 թվին Իջևանում: Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի բանասիրական բաժինը: 1996-ից աշխատում է, դասավանդում է մեր մեծասքանչ լեզուն և վեհաշուք գրականությունը, կարդում է, գրում է, խմբագրում է, թարգմանում է:
Լեզվի և գրականության հարցերին առնչվող գրությունները հրատարակվել են Հայաստանի և Սփյուռքի պարբերականներում:

Ջուլիետա Խաչատրյան

Բանաստեղծուհի Ջուլիետա Սարգսի Խաչատրյանը ծնվել է 1962 թւին Հայաստանի Էջմիածին քաղաքում: Իր առաջին բանաստղծությունը լոյս է տեսել 1984 թւին «Գրական Թերթում»: Այնուհետև տարբեր տարիներին տպագրվել է «Փարոս» (ԱՄՆ), «Ալիք» (Իրան), «Միհր» (Հայ-իրանական մշակույթային ամսագիր), «Աղբյուր» և «Գարուն» (Հայաստան) պարբերականներում: 2003 և 2006 թվերին պարբերաբար լոյս են տեսել «Դու նուրբ ես, ինչպես հասկը ցորենի» և «Եղյամի աստեղնահյուս խոստովանությունը» խորագրով բամնաստեղծությունների առաջին և երկրորդ ժողովածուները: Շուտով կհրատարակվի նաև բանաստեղծուհու «Հրավերք» անունը կրող բանաստեղծությունների երրորդ ժողովածուն:

Մարիամ Կարապետյան

Հայրս չդժգոհեց, որ ես աղջիկ ծնվեցի 22 տարի առաջ:
Մտքում խոստացա ինձ, որ առաջին գրքիս վրա ոչ թե Մարիամ Կարապետյան եմ գրելու, այլ Մարիամ Մանվելի. Մարիամ Կարապետյան շատ կա, Մարիամ Մանվելի կլինի միայն հորս աղջիկը: Իսկ քանի դեռ լույս չի տեսել այդ առաջին գիրքը, գրական մամուլում եմ ներկայացնում դեռեւս Մարիամ Կարապետյանին: Բանաստեղծություններից բացի գրում եմ նաեւ պատմվածքներ, հեքիաթներ, էսսեներ: Տպագրվել եմ «Արմատ եւ լույս», «Խոսք եւ խոստում» անթոլոգիաներում, Գրական թերթում, «Արեւածաղիկ» ամսագրում, «Նարցիս» հանդեսում եւ այլն: Իմ մասին ամենակարեւորը կարելի է իմանալ իմ պոեզիայից:

Նարինե Կռոյան

Ծնվել եմ 1961թվականի հունիսի 18-ին Հայաստանի Կիրովական (այժմ` Վանաձոր) քաղաքում, Լոռի աշխարհի հենց սրտում: Մասնագիտությամբ ճարտարագետ-տնտեսագետ եմ, սովորել եմ Մոսկվայում` ավարտելով Մոսկվայի պետական կառավարման ինստիտուտը: Այժմ տնտեսագիտություն եմ դասավանդում: Ունեմ հրատարակված երկու անհատական գիրք: Իմ ստեղծագործություններն ընդգրկված են մի քանի գրական անթալոգիաներում և ալմանախներում, պարբերաբար տպագրվում եմ տեղական և հանրապետական գրական մամուլում:

Սամվել Կոսյան

Բանաստեղծ, դրամատուրգ և թարգմանիչ Սամվել Կոսյանը ծնվել է 1947թ. հունվարի 24-ին, Երևանում։
Ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը: ՀԳՄ անդամ է 1976 թվից: Աշխատել է մի շարք խմբագրություններում, 1995-2003թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում: 2004թ. աշխատում է “Գրական թերթում” որպես պատասխանատու քարտուղար: Հեղինակ է մի շարք ժողովածուների, թատերգությունների, գրում է նաև մանուկների համար: Նրա թատերգությունները բեմադրվել են Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային և Համազգային թատրոններում: Ս. Կոսյանի սցենարներով նկարվել են մուլտիպլիկացիոն կինոնկարներ։ Զբաղվել է նաև թարգմանությամբ, ունի թարգմանական ժողովածուներ։ Թարգմանվել է նախկին խորհրդային հանրապետությունների լեզուներով, ինչպես նաև գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն։
Արժանացել է Ստ. Զորյանի անվան գրական մրցանակի, ինչպես նաև՝ Գրան Պրիի իր “Գուցե փրկվենք” պիեսի համար՝ Իրանի միջազգային թատերական փառատոնում։ Նրա ստեղծագործություններից են՝ «Ցավի հետքը», «Օրվա աստիճանները», «Եվ պատերազմի շուրթերը թաց», «Լուսաբացի թռչուն», «Դեպի տունը երգի», «Գույներ», «Չկա կամք՝ չկա ճանապարհ (մենագրություն)», «Գուցե փրկվենք» (պարսկերեն, Իրան), «Գալիս եմ դեպի քեզ» (պիեսներ)։

Էդվարդ Հախվերդյան

Հանրաճանաչ բանաստեղծ և թարգմանիչ Էդվարդ Հախվերդյանը ծնվել է 1952 թվին Թեհրանում: 1970-ից բնակվում և ստեղծագործում է հայրենիքում: Հրատարակել է «4-ը Ապրիլի», «Անառակ որդի» և «Իմ սիրտը լեռներում չէ» բանաստեղծությունների ժողովածուները: Լույս են տեսել նաև նրա պարսկերեն լեզվից կատարած թարգմանական գործերը, որոնցից կարելի է նշել Ֆորուղ Ֆարոխզադի և Սոհրաբ Սեփեհրիի հատընտիր երկերը, ինչպէս նաև Սադեղ Հեդայաթի «Քոռ բու» վիպակը: Ունի նաև թարգմանություններ Իրանի ժամանակակից գրողներ՝ Սադեղ Չուբաքից, Հուշանգ Գոլշիրիից, Նադեր Էբրահիմիից, Ահմադռեզա Ահմադիից և ուրիշներից: Նա մեծ ժողովրդականություն է վայելում պարսիկ հասարակութեան մեջ Իսլամ կրոնի սուրբ գրքի՝ Ղորանի հայերեն թարգմանութեան շնորհիվ:

Նաիրա Համբարձումյան

… Արթնանում եմ, ձայն եմ տալիս արևին, իմ ձայնից զարթնում է ծիծաղը ու ծավալվում հորիզոններին…
Ինձ հետ զարթնում է և առասպելը օրվա, կարոտը թևեր է առնում, ցավն ու հրաշքն ապրում են կողք - կողքի, առասպելը դառնում է կյանք, կյանքը` բանաստեղծություն…
Ստեղծագործություններս տպագրվել են Հայաստանի և արտերկրի շատ թերթերում, ամսագրերում և կայքէջերում, թարգմանվել տարբեր լեզուներով:
Բանաստեղծությանը զուգահեռ գրում եմ նաև մանկական պատմվածքներ, զբաղվում գիտական գործունեությամբ: 2003-ին պաշտպանել եմ ատենախոսական թեզ:
2001թ. լույս է տեսել «Մտորումներ աշնան կեսին» բանաստեղծությունների ժողովածուն:
2003թ. «Մարո Մարգարյանի քնարերգությունը» մենագրությունը:
2004-ին «Կանաչ կառեթներ» բանաստ. ժողովածուն:
2008-ին «Կանաչուկը» մանկական գիրքը:
2008-ին «Ես բառ եմ դարձել» բանաստ. ժողովածուն:
2009-ին «Խոսե՛ք, դուք ունեք երեք րոպե» թարգմանությունների ժողովածուն (Խուլիո Կորտասար):
Հ.Գ. Մեր կյանքը` ծնունդից մինչև մահ ընկած ժամանակահատվածը, ալքիմիա է, յուրօրինակ պեղում, որ մեզ տանում է անընդհատ բյուրեղացման: Որոնում ես, փնտրում, հայտնաբերում այն թանկարժեքը, որ օգնում է ներդաշնակվելու, ապրածդ օրը դարձնելու արժեքավոր:

Էդուարդ Հարենց

Ծնվել է 1981թ., 27 օգոստոսին: Արևելագիտության մագիստրոս է և՝
Եկեք ծանոթանանք։
Ազգանունս Սեր է,
Իսկ անունս՝Համբույր,
Ունեմ աչքեր կանաչ
Ու կապուտակ լուսին
Ու տիեզերք-երակ՝
Լուսայգերանգ արյամբ։
Ու ծնվել եմ ահա Հավերժ դարասկզբին՝
Կենսաժպիտ տարվա
Ակնթարթներ ամսում,
Առասպելերորդ օրվա՝
լույս Գաղտնիքի գիշերը՝ Կարոտի ու Վերադարձի սիրուց,
Առեղծվածի մարմնով...
Հա, մի բան էլ ասեմ.
Ես սիրում եմ նրանց,
Ում անունը Սեր է ,
Ազգանունը՝ Համբույր...
Եկեք ծանոթանանք։

Գարուշ Հարյանց

Բանաստեղծ, թատերգակ, բեմադրիչ, գրաքննադատ և ծաղրանկարիչ Գարուշ Հարյանցը ծնվել է 1947 թվին, Ախուրյանի շրջանի (այժմ՝ Շիրակի մարզ) Հացիկ գյուղում: 1966-ին ավարտել է ծննդավայրի միջնակարգը, իսկ 1968-ին Գյումրիի թիվ 4 ուսումնարանը: 1978-ին գերազանցության դիպլոմով ավարտել է Երեւանի պետական գեղարվեստա-թատերական ( այժմ՝ թատրոնի եւ կինոյի) ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը։
1977-ին հրատարակել է «Վարդավառ» խորագրով առաջին գիրքը։ 1980-ին լույս է տեսել իր երկրորդ գիրքը՝ «Հրդեհի ծաղիկներ» խորագրով, որը 1991-ին արժանացել է Հայաստանի Գրողների Միության Հովհաննես Շիրազի անվան առաջին մրցանակին։ 1982-ին նա ընտրվել է ՀԳՄ-ի անդամ: 1984-ին տպագրվել է գրողի երրորդ գիրքը՝ «Հայրական ժամանակը», 1986-ին չորրորդը՝ «Եւան ու Աստղինեն, մանկական բանաստեղծություններ»։
Գ. Հարյանցը 1994-ից ապրում եւ ստեղծագործում է ԱՄՆ-ում, ուր էլ 2000թ-ին առանձին գրքով հրատարակել է «Անֆիլադա կամ Անմահության սենեկաշար» պոեմը։ Տաս տարուց ավել՝ անվանի գրողը թղթակցում է Լոս Անջելեսի հայերեն պարբերականներին, գրավոր ու բանավոր ելույթներով եռանդուն մասնակցում գրական-հասարակական կյանքի աշխուժացման գործընթացներին : Գ. Հարյանցի «Հազար եւ մեկ համազարկ» քառյակների հատորը 2009-ին արժանացել է Կալիֆորնիայի Հայ Գրողների Միության Հրանտ եւ Մանուշ Սիմոնյանների սահմանած «Տարվա լավագույն գիրք» մրցանակին: Շուտով լույս կտեսնեն այս բազմաժանր հեղինակի առակների, պատմվածքների, պոեմների գրքերը։
Թարգմանվել է ռուսերեն, վրացերեն, ուկրաիներեն եւ սլովակերեն։

Արման Հարությունյան

Ծնվել է 1946 թ. Թեհրանում :
Միջնակարգ կրթությունը ստանալուց հետո , ուսումը շարունակել եւ Ավարտել է Շիրազի համալսարանի պարսից լեզվի եւ գրականության ֆակուլտետը :
Հարությունյանը հրատարակել է բնագիտական երկու գրքեր (պարսկերեն) եւ բանաստեղծությունների ՝ քառյակների երկու գրքեր (հայերեն): Ունի նաեւ թարգմանչական աշխատություններ . Այդ շարքում են Հ . Թումանյանի քառյակների թարգմանությունը պարսկերենի եւ մանկական պատմվածքների թարգմանության հինգ գրքեր :
Թեեւ Արմանի բանաստեղծությունները երբեմն առաջին հայացքից թվում են ոչ-սովորական եւ տարօրինակ , սակայն նրա պատկերավոր պոեզիան խիստ գրավիչ եւ իր ինքնատիպությամբ արժանի է մեծ գնահատանքի :

Նաիրա Հարությունյան

Ծնվել է 1966թ., 1989-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, 1992-ին` ասպիրանտուրան: 1993-2007թթ. աշխատել է Ե. Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանում:
Հրատարակել է բանաստեղծությունների երկու ժողովածու`«Շրջանակներ լռության համար» (1998թ.) եւ «Նկատումներ» (2008թ.):
Կատարել է թարգմանություններ (Ֆ. Դոստոեւսկի, Վ. Նաբոկով, Մ. Ցվետաեւա, Պ. Ֆլորենսկի Ռ. Բախ, են), որոնք հրատարակվել են Հայաստանի գրական հանդեսներում ու մամուլում: Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» («Հինգ վիպակ», Ապոլոն հրատ., Երեւան 1991) արտատպվել է նաեւ Թեհրանի «Ալիք»օրաթերթում (թիվ 131, 28 հունիսի, 1993):
Հրատարակության է պատրաստել Վ. Շուշանյանի ստեղծագործությունների երեք հատոր:

Ալիս Հովհաննիսյան

Ալիս Ժիրայրի Հովհաննիսյանը ծնվել է Գյումրի քաղաքում:
1962 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը: Ավարտել է 1968թ.: Աշխատել է «Էկրան» ամսագրում (1978-80թ.թ.), «Ֆիլմ» թերթում(1980-89թ.թ.), «Գեղարվեստ» թերթում(1989-91թ.թ.)` որպես խմբագիր, «Հայություն» թերթում (1991-95թ.թ) ` որպես գլխ. խմբագրի տեղակալ:
Հեղինակ է բազմաթիվ հոդվածների` կինոյի, գրականության վերաբերյալ: Որպես արձակագիր սկսել է հանդես գալ 1969թ.ից, երբ «Գարուն», «Սովետական գրականություն» ամսագրերում սկսեցին տպագրվել գրողի առաջին գործերը:
Պատմվածքների առաջին ժողովածուն`«Թանաքագույն առավոտները», լույս է տեսել 1988թ, սրան հաջորդել են` «Սիրո քնքուշ հեքիաթ» (1994թ.), «Դարձ նավահանգիստ»(2002թ.),«Օղակը փակվում է» (2003թ.) պատմվածքների և վիպակների ժողովածուները, ,Թունելից վախեցող գնացքը» հեքիաթների ժողովածուն(2003 թ.), «Կանաչ ուրախ ճամփորդներ» հեքիաթը (2007 թ.):
2010-ին լույս է տեսել «Ճյուղեր, տերևներ» ժողովածուն, որում ամփոփված են համանուն վեպը և մի շարք նոր պատմվածքներ:
2006 թվականին Ա. Հովհաննիսյանին շնորհվել է ՀԳՄ Գրական բեղմնավոր գործունեության համար շքանշան:
2009 թ. «Ճյուղեր, տերևներ» վեպի համար արժանացել է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և ՀԳՄ կողմից սահմանված`«Հայը 21-րդ դարասկզբին» գրական մրցանակին:
Ա.Հովհաննիսյանի ստեղծագործությունների նյութը ներկայիս կյանքն է` իր բարդ հոգեբանությամբ:

Գիսանե Հովսեփյան

Գիսանե Հովսեփյան-Աբովյանը ծնվել է 1976 թ., Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում: Սովորել է Երևանի «Անանիա Շիրակացի» հայկական համալսարանի հայագիտության և Թբիլիսիի Սուլխան-Սաբա Օրբելիանու անվան պետական համալսարանի վրաց բանասիրության հայ-վրացական բաժանմունքներում: Հայոց լեզվի և հայ գրականության միջազգային օլիմպիադայի արծաթ մեդալակիր է, Վրաստանի նախագահի 1-ին (2002), 2-րդ (2003) կարգի դիպլոմակիր: 2003 թվին Վրաստանում հայանվեր գործունեության համար պարգևատրվել է Տանն Կիլիկիոյ կաթողիկե հայոց Ամեն. և Գերերջանիկ Տեր Ներսես Պետրոս ԺԹ. կաթողիկոս պատրիարքի մեդալով: 1997 թվից հոր՝ Վիկտոր Հովսեփյանի տուն-թանգարանի աշխատակից է, Թբիլիսիի «Վրաստան» թերթի, Բեյրութի «Մասիս», Թբիլիսիի «Նորաշեն» հանդեսների թղթակից: 2002-2005 թթ. կազմել, մուտքագրել և հրատարակության է ներկայացրել Թբիլիսիի Սուլխան-Սաբա Օրբելիանու անվան պետական համալսարանի հայոց լեզվի և հայ գրականության ամբիոնի տպագիր օրգան «Վիրահայ ուսանող» հանդեսը (խմբագիր՝ Է.Ախտյան): Զբաղվում է թարգմանչական գործունեությամբ: Ռուսերենից և վրացերենից հայերեն է թարգմանել Աննա Ախմատովայի, Վլադիմիր Սարիշվիլու, Բերդիա Նանոբաշվիլու բանաստեղծություններից:

Սաթենիկ Ղազարյան

(Հեղինակի բառերով)
Մտքեր եմ որոնում: Երբեմն այնքան եմ ուշադիր լինում նրանց, որ խանգարում են: Մտքերն ապրող էություններ են: Պետք է կարողանաս ճիշտ հասկանալ և ճիշտ ուղղություն տալ, կամ թե վերջացնել այն միտքը, որ այն չէ, որ կարող է քոնը չլինել և դու չկարողանաս, բայց… երբ հավատում ես մտքին, երբ զգում ես, որ միտքը քոնն է, այն ծաղկում է, և ապրում է, և լցնում իր էությամբ: Մարդու ուղեղում է գտնվում աշխարհի ամենահզոր մագնիսներից մեկը, որ իրեն է ձգում` երկրագնդի, շրջապատող հոգևոր էներգիայի քանակություն:
Ասմունքում եմ, գրում: Տպագրվել են`
« Լուսաբացի տաղեր»- բանաստ.
«Ծիրանի աստղաբույլ »- բանաստ.
«Բարև ծառ» - արձակ
«Ախ, այդ սարդը»- մանկական արձակ
«Ապրել»- փաստագրական դրամա
«Ո՞վ է ամպը»- մանկ. արձակ

Երանուհի Ղանդիլյան

Ծնվել է 1982 թվին, Էջմիածնում:
Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի միջուկային ֆիզիկայի ամբիոնը և ստացել մագիստրոսի կոչում:
Գրականությամբ սկսել է զբաղվել վաղ տարիքից:
Իր երկերը յուրահատուկ և նորաբույր են թե՛ թեմատիկ և թե՛ ոճային առումով:

Ազատ Մաթյան

Ծնվել է 1942 թվականին Թեհրանում: Միջնակարգ ուսումը ավարտելուց հետո, սովորել և ավարտել է Իսֆահանի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը և Փարիզի արևելյան լեզուների ինստիտուտի հայերենագիտական ճյուղը:
Մաթյանը ցայժմ հրատարակել է «Անապատի ծաղիկներ» և «Չընդհատվող եղանակ» բանաստեղծությունների ժողովածուներն ու «Ո՞վ է Չարենցը» էսսեն: Ունի նաև բազմաթիվ գրական ու հասարակական արժեքավոր հոդվածեր ու թարգմանություններ, որոնցից կարելի է հիշել Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» թարգմանությունը պարսկերենի, նաև հայերենի թարգմանված ու տպագրության պատրաստ «Հաֆեզի գազելներն» ու «Օմար Խայամի քառյակները»:
Ազատ Մաթյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե շքանշանով և մրցանակակիրն է Սբ. Էջմիածնի և Հայաստանի գրողների միության «Կանթեղ» թարգմանական մրցանակի:

Կարեն Մարդանյան (Գարմար)

Գարմարը ծնվել է Վանաձորում, 1984թվին: Մանկությունը և պատանեկությունն անցել Է Դիլիջանում: 2006- ից տեղափոխվել ու ապրում է Ռուսիայում, ուր իր ասելով՝ հասկացել է Տերյանի այս խոսքը.
«Մի՞թե վերջին պոետն եմ ես»:
Հայերենը սովորել է ինքնաշխատությամբ, քանզի անցակալի պատճառներով չի կարողացել ավարտել կրթությունը, իսկ պոեզիան դարձել է իր տխուր և ուրախ օրերի անդավաճան ընկերը:
Ինքնակենսագրականի մեջ նա նշում է, որ բանաստեղծությունը պահի, զգացմունքների, տրամադրությունների մի ամբողջ փունջ ունի իր մեջ, այն իր խտացված միտքն է թղթի վրա, իր կյանքը...

Մարի Մարտիրոսյան

Ծնվել եմ 1990 թ-ին: Սովորել եմ Աշոտ Նավասարդյանի անվան 196 միջն. դպրոցում: 2011 թ. Ստացել եմ բակալավրի կոչում՝ ԵՊՀ-ի Ռոմանագերմանական ֆակուլտետից (անգլերեն լեզու և գրականություն բաժին) և պատրաստվում եմ ստանալ մագիստրոսի կոչում Արտասահմանյան Գրականության գծով:
Իմ անդրանիկ գիրքը «Չորս գույների մեջ» խորագրով լույս է տեսել 2009 թվականին Երևանում: 2010 թվականին, այն ներկայացրել եմ ՀՀ Նախագահի Երիտասարդական մրցանակին, և  ընդգրկվել  ավարտական փուլի լավագույն 6 գրքերի շարքում՝ արժանանալով շնորհակալագրի:
Իմ կյանքում մեծ տեղ են զբաղեցնում գեղանկարչությունը և գրականությունը:
Պաշտում եմ Դալի- կերպարը ու Դալի- արվեստը. ամենաշատը սիրում եմ սյուռեալիզմը...Վերջերս Շարլ Բոդլերի փոքրիկ պատմվածքների ժողովածուն դարձավ իմ ամենասիրելի գիրքը, քանզի միշտ փորձել եմ չտարանջատել` սիրելին ոչ սիրելիից...

Սամվել Մարտիրոսյան

Ծնվել է 1959 թ-ին Գյումրիում: Ավարտել է Գ. Սունդուկյանի անվան միջնակարգ դպրոցը:
Պատանեկան տարիներին տպագրվել է «Պիոներ Կանչ» թերթում, իսկ 1972թ.-ին՝ «Բողբոջներ» մանկապատանեկան ալմանախում:
Իր բանաստեղծությունների առաջին ժողովածուն լույս է ընծայվել երկրաշարժից հետո, 1990թ.-ին՝ «Հավատարմություն Ձայնին» վերնագրով: Երկրորդ ժողովածուն տպագրվել է 2008թ.-ին, «Ամառային Արևահավասար» խորագրի տակ:
Ներկայումս ժամանակ առ ժամանակ տպագրվում է Գյումրիի Գրողների Միության «Եղեգան Փող» և «Եղեգնիկ» պարբերաթերթերում:
Երբեմն տպագրվում է նաև Ալթայի երկրամասի Հայերի միության «Սփյուռք» երկլեզու ամսագրում:
Ներկայում բնակվում է Ալթայի երկրամասի Բառնաուլ քաղաքում:

Տիգրան Մարտիրոսյան

Ծնվել է Վանաձորում, 1979-ի թվին:1986-ին ընդունվել է տեղի Թումանյանի անվան դպրոցը: 1988-ի աղետալի երկրաշարժից հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Երևանի մերձակայք: 1996-ին ավարտել է Մ. Գորգիսյանի անվան դպրոցը և ընդունվել Հայաստանի Պետական Ճարտարապետա-շինարարական Համալսարանը: 2000-ին ավարտելով այն զորակոչվել է զինծառայության և հինգուկես տարի ծառայել է հայրենիքին որպես պայմանագրային սպա: Այժմ աշխատում է որպես ծրագրավորող: Ստեղծագործում է 20 տարեկանից:
Առերևույթ պարզության քողի տակ՝ խորք և մեծ իմաստ կա թաքնված Տիգրանի «Մտորումներ» վերտառությամբ շարքի բանաստեղծությունների մեջ, որոնց շնորհիվ ընթերցողին տանում է իր հետ մինչև վերջ:

Գոհար Մեժլումյան

ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ`ըստ Գոհարի

Ես Գոհարն եմ` Մեժլումյան, ծնվել եմ 1979 թ. Նոյեմբեր 27-ին, Երևան քաղաքում և մինչ օրս ապրում եմ իմ պաշտելի Երևանում: Մասնագիտությամբ Դիվաննագետ եմ :Մեր, ԲՈՒՀ ընդունվելու տարիներին, չգիտես ինչի դիվանագիտության ֆակուլտետը մոդա էր, ես էլ ասեցի`մոդայից ետ չմնամ, բայց սխալվեցի, տատիս մի լավ խոսք ուներ, կասեր .«բալես մոդան որն ա, հագի էն ինչը քեզ սազում ա»: Հետո հասկացա, որ դիվանագիտությունն իմը չի, ինձ չի սազում, բայց արդեն ուշ էր…Ավարտեցի, դիպլոմը տանը դրված է, եթե «տանող» լինի, օժիտիս ճամպրուկի մեջ կդնեմ, կարմիր չի դիպլոմս, բայց ոչինչ, կարմիր ժապավենով կկապեմ :
Էն ժամանակ էլ գրելն էր նորաձևությունից դուրս: Գրում էի, ուրախանում, ասեցին. «ինչ ես անում, կգժվես, բոլոր մեր գրողներն էլ վերջում գժվել են, էդ քեզ հաց ու ջուր չի, գնա հաշվապահություն սովորի»... չսովորեցի:
Շարունակում էի գրել, ինձանից անկախ, կամաց-կամաց ավելի շատ:
Եկավ մի ժամանակ և Աստծո կամոք հայտնվեցի Շանթ հեռուստաընկերությունում, եղավ մրցույթ, որտեղ հաղթեցի և մինչև oրս աշխատում եմ, որպես սցենարիստ:
Երբեք չեմ տպագվել, չէի սիրում, երբ ինձ կարդում էին:
Հիմա… Գարնանը, հավանաբար, լույս կտեսնի իմ առաջին ժողովածուն: Սպասում եմ:
Ահա այսքանը, իմ ապրած անցյալից, ապագայում կլինենք միասին:

Վահան Մելիքյան

Վահան Հենրիկի Մելիքյանը ծնվել է 1961 թ.-ին Երևանում: Պատմական գիտությունների թեկնածու է, դոցենտ: 1984թ.-ին ավարտել էԵՊՀ պատմության ֆակուլտետը: Գիտական հետազոտությունների շրջանակն ընդգրկում է 1914-1921 թ.թ. պատմությունը (հայ քաղաքական կուսակցություններ, ազատագրական շարժումներ, Հայկական հարց և այլն): Չորս մենագրության («Փետրվարյան հեղափոխությունը և Հայաստանը», Ե, 1997, «Արևմտահայերի համագումարները և Հայկական հարցի փուլերը 1917-1923թ.թ.», Ե, 2010, «Հայկական պահանջատիրություն. հայության ինքնակազմակերպման խնդիրը և արևմտահայերի 3-րդ համագումարի անհրաժեշտությունը», Ե, 2010, «Իշխանության հիմնահարցը Անդրկովկասում. Անդրկովկասյան կոմիսարիատի գործունեությունը և հայ իրականությունը», Ե, 2010), փաստաթղթերի ժողովածուների, 50-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է: Պատմագիտական և քաղաքական հայագիտության արդիական հարցերի շուրջ բազմիցս հանդես է եկել հեռուստաելույթներով: Մասնակցել է մի շարք գիտական կոնֆերանսների, միջազգային գիտաժողովների: Նա երկու անգամ այցելել է Արևմտյան Հայաստան. Արևմտահայերի ազգային համագումարի նախապատրաստական միջազգային կազմակերպչական կոմիտեի նախաձեռնողներից է, հիմնադիր անդամ:
1999 թ.-ին հրատարակվել է Վահան Մելիքյանի բանաստեղծությունների ժողովածուն՝ «Սեր և խաչքարեր» խորագրով:

Ֆելիքս Մելոյան

Ծնվել է 1940 թվին, Երևանում:
1957 թ-ին, ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը:
1962 թ-ին, ավարտել է Երեվանի Խ. Աբովյանի անվան մանկական ինստիտուտի պատմա - բանասիրական ֆակուլտետը:
1962-1965թթ., աշխատել է «Մետալուրգ» բազմատիրաժ թերթում որպես պատասխանատու քարտուղար:
1965-1966 թթ., աշխատել է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում որպես կրտսեր գիտաշխատող:
1966-1979 թթ., աշխատել է ՀԳՄ վարչության օրգան «Գրական թերթում», նախ` որպես քննադատության բաժնի վարիչ, ապա` որպես գլխավոր խմբագրի տեղակալ:
1988 թ-ից, «Գրական թերթի» գլխավոր խմբագիր:
1966 թ-ից, ընտրվել է ՀԳՄ վարչության քարտուղար:
2000-2001 թթ., նշանակվել է ՀՀ պետական մրցանակների հանձնաժողովի քարտուղար:
2001 թ., ՀԳՄ վարչության որոշմամբ նշանակվել է «Նորք» գրական-գեղարվեստական, հասարակական - քաղաքական հանդեսի խմբագիր, ուր և աշխատում է մինչև օրս:
Յոթ - ութ տասնյակ հոդվածների և ուսումնասիրությունների հեղինակ է:
2003 թ., լույս է տեսել «Ընթացք» հոդվածների ժողովածուն, որն արժանացել է ՀԳՄ «Նիկոլ Աղբալյանի» անվան մրցանակի:

Գառնիկ Մելքոնյան

Թարգմանիչ, գրականագետ:
Ծնվել է 1962 թ.Գյումրիում:
1985 թ.ավարտել է Երևանի Պետական Համալսարանի ռոմանա-գերմանական բաժինը:
Նրա թարգմանությամբ լույս են տեսել իտալագիր ու ֆրանսագիր հեղինակների (Մորավիա, Ռոդենբախ, Միշո, Միրբո, Պիրանդելլո և այլն) գործերը:
Շուտով լույս է տեսնելու բելգիական գրականության դասական Ժորժ Ռոդենբախի “Ժամկոչը” վեպը:

Լիլիթ Միրիբյան

Լիլիթ Միրիբյանը ծնվել է 1975 թվին, Կամո (այժմ Գավառ) քաղաքում: 1997 թվին, ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը:
2001 թվին, ավարտել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի կողմից կազմակերպված «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչների վերապատրաստման երկամյա դասընթացքը:
Գավառի Գարեգին Նժդեհի անվան ստեղծագործողների ակումբի հիմնադիր անդամներից մեկն է և խմբագրում է ակումբի հրատարակությունները: Իր չափածո և արձակ ստեղծագործությունները լույս են տեսել «Հոգու Ճիչ» ամսագրում, Գեղարքունյաց թեմի «Խորան Լուսո» և «Գեղամա աշխարհ» թերթերում և այլ պարբերականներում:
Լիլիթի ստեղծագործությունների ցայտուն հատկանիշներն են՝ պարզությունը, անկեղծությունը և սիրո խորունկ զգացմունքը լի տվայտանքներով:

Մելինա Նազարյան (Մելանի)

Ծնվել է 1977 թվին Թեհրանում: Փոքր տարիքում ընտանիքի հետ փոխադրվել ու մինչ օրս հաստատվել է Թավրիզում: Միջնակարգ կրթությունը ստացել է տեղի Թամարյան (Ասադի) հայոց ազգային դպրոցի, ըստ բանաստեղծուհու՝ ջերմ ու մտերմիկ մթնոլորտում: Ապա ավարտելով բարձրագույնը՝ մասնագիտացել է անգլերեն լեզվի մեջ:
Սկսել է գրել պատանի հասակից: 2002 թվին, մասնակցել է Պոեզիայի Համաշխարհային Գրադարանի (The International Library of Poetry) կողմից կազմակերպված մրցություններին՝ անգլերեն լեզվով գրած մի բանաստեղծությամբ, որը արժանանալով հիշատակության՝ տպագրվել է ԱՄՆ-ում` նույն կազմակերպության 2002 թվի տարեգրքի մեջ: Իսկ 2007 թվին հրատարկվել է իր՝ «Ախ, այս ճամբան թող վերջ չգա» բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն (Նայիրի Հրատարակչություն, Թեհրան):
Կարոտավառ սիրո ու կորսված երջանկության, լույսի ու հավատքի, մարդկայնության ու անկեղծության, արդարատենչության ու հայրենասիրության թրթիռներով են տոգորված երիտասարդ բանաստեղծուհու յուրաքանչյուր տողը։

Լիդա Նալբանդյան

Ծնվել է 1990 թվի նոյեմբեր 1-ին, Երևանում:
2007 թվին ավարտել է Երևանի Ռուբեն Սևակի անվան միջնակարգ դպրոցը և այժմ սովորում է Երևանի Պետական Համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժնում:
Սկսել է գրել 12 տարեկանից: Մասնակցել է մի շարք հայոց լեզվի և գրականության մրցույթների և արժանացել մրցանակների:
Լիդայի ինքնատիպ գրելաոճը անմիջական և առինքնող է: Նրա պատմվածքներում արտացոլված է մեր օրերի երիտասարդության ներապրումները, երկմտանքը, հոգսերը, որոնք, այնուամենայնիվ, ինչ-որ տեղ տեղի են տալիս երիտասրադական ավյունի և լավատեսության առջև:

Նորվան

Բանաստեղծ և թարգմանիչ Նորվանը, բուն անունով՝ Նորիկ Միքայելյան, ծնվել է 1963- թվին, Ատրպատականի հայաբնակ Ղարադաղ գավառում: Ավարտել է Երևանի Պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Երեք տարի ԱՄՆ-ում բնակվելուց հետո, վերադարձել է Իրան և հաստատվել Թեհրանում: Հրատարակել է «Արթնություն», «Եւ դեռ չքաղված մի բուռ րնկույզներ» և «Այս տողերը տառապում են ջերմախտով» բանաստեղծութիւնների ժողովածուները, ինչպես նաև պարսիկ ժամանակակից բանաստեղծ՝ Ահմադ Շամլուի բանաստեղծությունների թարգմանության ընտրանին։

Աննիկ Շահմուրադյան

Ծնվել է 1956 թ. Թեհրանում :
Տարրական կրթությունը ստացել է «Նայիրի» , իսկ միջնակարգը «Հ. Թովմասյան» երկսեռ դպրոցներում :
Թեհրանի պետական համալսարանում ավարտել է բուժքույրության ֆակուլտետը :
Երիտասարդ հասակից սկսել է գրել բանաստեղծություններ: Իր ուսմանն ու աշխատանքին զուգահեռ զբաղվել է արվեստով ՝ գեղանկարչական դասեր առել օր. Լեոնի Թաշճյանի մոտ , հետաքրքրվել հայկական պարարվեստով ու Թեհրանի համալսարանի Արվեստից Ֆակուլտետում հետևել է խեցեգործության ազատ դասընթացքին: Սկսել է տպագրվել «Ալիք» օրաթերթում 1997 թվից. անդամակցել է Իրանահայ Գրողների Միության: Իր բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Նոր Տողից... Խորքից» խորագրով լույս է տեսել 2008 թ. Երևանում :

Դիանա Չարըքյան- Մատիկյան

Ծնվել է Թեհրանում: Ավարտել է Թեհրանի «Ժանդարք» (Ժաննա Դ' Արկ) ֆրանսիական դպրոցը: Մեծ սեր ունենալով հայ գիր ու գրականության նկատմամբ, հայերենը սովորել է ինքնաշխատությամբ և դեռ մանուկ հասակից սկսել է թարգմանություններ կատարել ֆրանսերեն ու անգլերեն լեզուներից:
Իր հեղինակային աշխատությունները մեծ մասամբ գրվել են վերջին տաս տարիների ընթացքում և լույս տեսել «Ալիք» օրաթերթում ու իրանահայ մամուլի էջերում:
Ուշագրավ են «Մտքեր» վերտառությունը կրող իր՝ կյանքի, սիրո, տվայտանքների, մոր ու մանկան թեմաներով գրված կարճ իմաստալից խոսքերը, որոնք, ինչպես նաև իր զգացմունքային բանաստեղծությունները, տոգորված են անսահման քնքշությամբ ու բարությամբ:

Նորա Պարութճեան

Ծնած է Պէյրութ, 1959 -ին:
Յաճախած է Շամլեան-Թաթիկեան, ապա Պէյրութի Հայ Աւետարանական Բարձրագոյն վարժարանները: 1984 թ. աւարտել է Երևանի Պետական Համալսարանի բանասիրական բաժինը, որմէ ետք մուտք գործած է Զարթօնքի խմբագրական կազմին մէջ, ուր մնացած է մինչև 1986 թիւը:
Հաստատւած է Փարիզ, ուրկէ շարունակած է աշխատակցիլ Զարթօնքին, ինչպէս նաև փարիզեան Յառաջին ու Աշխարհին: Ներկայիս հայերէն ու հայոց պատմութիւն կը դասաւանդէ փարիզեան շրջանի Դպրոցասէր Տիկնանց վարժարանին մէջ: Մաս կը կազմէ Նոր Յառաջ երրօրեայ թերթի խմբագրական կազմին:
Ունի յօդուածներ և մանկա-պատանեկան հեքիաթներու անտիպ շարք մը:

Արմինե Պետրոսյան

Ծնվել է 1986 թվին, Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում: Ինչպես գրում է իր ինքնակենսագրականի մեջ՝ էությամբ ու մասնագիտությամբ բանասեր է: Վաղ հասակից ստեղծագործել է թե’ արձակ, թե’ չափածո գործեր: Սակայն արդեն համալսարանական տարիներին անդրադարձել է, որ իր մեջ ավելի զորեղ է գրականագետ-գրաքննադատը, քան գրողը` «Եվ սկսեցի խոսել ու գրել…»: Տպագրված ունի երեք հոդված` ԳՊՀ-ի Գիտական հոդվածների ժողովածուներում՝ «Իրականի և պատրանքայինի հոլովույթում», «Գոյությունը պայքար է» և «Վիրջինյա Վուլֆը և «կանացի» գրականությունը» խորագրերով: Այժմ աշխատում է «Միաժամանակ տղամարդ և կին` Օռլանդո» հոդվածի վրա: Հակված է մտածելու, որ «անելու գործեր դեռ շատ կան…»:

Նանոր Պետրոսյան

(հեղինակի բառերով ու ցանկությամբ)

Ծնվել եմ 1984 թվի, հուլիսի 31-ին Թեհրանում, մեծացել՝ Երևանւմ: Ավարտել եմ Պուշկինի անվան միջնակարգ դպրոցը, ապա՝ Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի մնջախաղի բաժինը: Առաջին անգամ տպագրվել եմ «Ինքնագրի» չորորդ համարում: Գրում եմ վաղուց...

Հասմիկ Սարիբեկյան

Երիտասարդ բանաստեղծուհի Հասմիկ Սարիբեկյանը ծնվել է 1983 թվին, Երևանում: Սովորել և ավարտել է Վահան Թեքեյանի անվան թիվ 92 միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվել է Հայկական Գյուղատնտեսական Ակադեմիա և ստացել տնտեսագիտական կրթություն:
Ուսմանը զուգահեռ զբաղվել է մանկավարժությամբ, լրագրությամբ ու թարգմանչությամբ:
Սկսել է գրել և տպագրվել վաղ տարիքից: Ունի իր անձնական ինտերնետային էջը ( http://hhasmikk.spaces.live.com/ ) , ուր զետեղված են բանաստեղծուհու երկերը: Ցայժմ հրատարկել է բազմաթիվ հեղինակային, ինչպես նաև անգլերենից ու ռուսերենից՝ թարգմանական հոդվածներ:
Հասմիկի պոեզիան ինքնատիպ է, առինքնող, նորաբույր և հագեցած է սիրո, զարթոնքի, հույսի ու երջանկության թրթիռներով, զգացմունքայնությամբ ու անմիջականությամբ:

Հրաչյա Սարիբեկյան

Արձակագիր Հրաչյա Սարիբեկյանը ծնվել է 1979թ. Վանաձորում:
Աշխատել է «Գրական թերթում»:
«Գուշակություններ հայելիներով», 2003, հեղինակի առաջին գիրքն է:
Այժմ աշխատում է Հայաստանի Հանրապերության Գիտությունների Ակադեմիայի Գրականության ինստիտուտում որպես Սփյուռքի բաժնի վարիչ:

Սոնա Սերոբյան

Հայաստանի Արմավիրի մարզում ծնված՝ տասնիննամյա (15.04.1988) Սոնա Սերոբյանը իրեն բանաստեղծուհի չի համարում, բայց իր տարբեր հետաքրքրությունների ոլորտում, հատուկ տեղ է առանձրացրել գրական ստեղծագործություններին:
2005 թվից, սովորում է Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում: Ծանոթ է ռուսերեն, անգլերեն և պարսկերեն լեզուներին: Իր միջնակարգ կրթությանը համընթաց, անց է կացրել նաև դաշնամուրային ու համակարգչային դասընթացքներ:
Հայաստանի քաղաքական վերջին իրադարձությունները շատ խորն են ազդել, մինչ այդ, խաղաղության մեջ հասակ նետած՝ Սոնայի ներաշխարհի վրա: Անհոգ մանկությունն ու պատանեկությունը, ասես, մնացել են հեռվում, խռովվել է նրա հոգին, սակայն չի կորել լավատեսությունը խաղաղության վերականգնման ու լուսաշող գալիքի հանդեպ: Նրա տողերից բուրում են պարզություն, անկեղծություն և զգացմունքայնություն:

Հասմիկ Սիմոնյան

Ծնվել է 1987 թվին, Երևանում: 2003-2008 թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան  ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետում, իսկ 2008-2009 թթ. Կովկասի ինստիտուտի լրագրության բաժնում:
2005 թվին, հրատարակել է « Լուսնոտ բառեր» բանաստեղծությունների ժողովածուն, որն արժանացել է Սլավիկ Չիլոյանի անվան մրցանակի: 2010 թվին, լույս է տեսել «Թափթփված սենյակներ» բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն:
Տպագրվել է «Գրական թերթ», «Գրեթերթ», «Եղիցի լույս», «Գարուն», «Նարցիս», «Ցոլքեր», «Ինքնագիր», «Հետք» և այլ պարբերականներում ու ինտերնետային կայքերում:
Արժանացել է տարբեր մրցանակների և կրթաթոշակների, որոնց թվում՝ 2006 թվին, Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակի «Գրականություն» բնագավառում:
2007 թվից,  ՀԳՄ-ի  անդամ է:
Պարբերաբար մասնակցել է երիտասարդ գրողների խորհրդաժողովների և այլ միջոցառումների՝ Հայաստանում, Արցախում, Վրաստանում, ՌԴ-ում, ինչպես նաև 2011թ. մայիսին,  Ֆրանսիայում՝ պոետների 11-րդ բիենալին:

Նաիրա Սիմոնյան

Ծնվել է 1971թվին, Վրաստանի Հեշտիա գյուղում: Ավարտել է նույն գյուղի միջնակարգ դպրոցը և 1987 թվին, ուսանել Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի «Հայոց լեզվի և գրականության» ֆակուլտետում:
Տպագրվել է Երևանի «Պիոներ »ամսագրում , Նինոծմինդայի «Արշալույս» օրաթերթում, Թբիլիսիի «Պիոներ» ամսագրում, «Վիրահայ ուսանող» հանդեսում:
Հրատարակել է երկու գիրք՝ «Ասուպի ցոլք» (1997թ.) և «Ես արքայադուստրը չեմ կյանքի» (2004թ) խորագրերով (Երևան, «Նաիրի» հրատարակչություն):
Բնակվում է Ռուսաստանի Դաշնության Տյումենի մարզի Սուրգութ քաղաքում:

Արմենուհի Սիսյան

Գրել եմ  դեռ պատանի հասակից, բայց գրականության հանդեպ խորին ակնածանքն ու պատասխանատվությունը թույլ չեն տվել, որ շուտ տպագրության հանձնեմ ստեղծագործություններս: Տպագրվելուց հետո գրական մամուլը բարեհաճ գտնվեց գրիս հանդեպ և ստեղծագործություններիս տպագրությունը պարբերական ընթացք ստացավ ինչպես հայաստանյան գրական մամուլում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Ներկայումս ՀԳՄ-ի անդամ եմ:
I գիրքս` «Մի բուռ լույս», ամփոփում է արձակ բանաստեղծություններ և կարճ նովելներ:
II գրքում` «Հարահոս», պատվածքներ են:
III գիրքս` «Հե~յ, Նո’յ», շատ շուտով լույս կտեսնի:
Գրական գործունեությունս ուղեկցվում է  աշխատանքային ռիթմով` դասավանդելով Երևանի պետական բժշկական համալսարանում: Սիրում եմ դիտարկել կյանքը հեղինակի աչքերով և ամեն ինչի մեջ տեսնել խորքայինը, այն, ինչ թաքնված է, բայց խիստ կարևոր: Ահա այդ ժամանակ է, որ վերցնում եմ գրիչս. արդյունքում գրվում է և’ արձակ, և’ բանաստեղծություն. առաջնորդողը թեման է և նրա հանդեպ մոտեցման վերաբերմունքը.
«Կապույտ-կանաչ ծաղիկներ ունի երկինքն աչքերիս համար պահած.
-Նայե’ք,-գոչեցի,-տեսե’ք` ինչ սքանչելի են…
Հանդիպեցի լոկ տարակուսած աչքերի…
-Շնորհակալ եմ, երկի’նք, որ աչքերիս համար ունես կապույտ-կանաչ ծաղիկներ պահած…»
Իսկ ընդհանրապես` « Խոսքս ճերմակ է սիրում. ահա թե ինչու եմ թուղթ վերցնում` գրելու…»

Գևորգ Սնխչյան

Բանաստեղծ, գրական, հասարակական գործիչ Գևորգ Սնխչյանը ծնվել է 1950թ. Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Աշխատել է Նինոծմինդայի տեղական ինքնակառավարման մարմիններում, եղել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, Վրաստանի նախագահի աշխատակազմի ազգամիջյան հարաբերությունների բաժնի պետի տեղակալ: Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության հիմնադիր նախագահը և համանուն տարեգրքի խմբագիրն է: Բանաստեղծական երկու ժողովածուների հեղինակ է: Գրում է նաև արձակ ստեղծագործություններ, զբաղվում թարգմանական, լրագրողական աշխատանքով: Վրաստանի Հայերի միության վարչության անդամ է: Պարգևատրվել է Պատվո շքանշանով:

Սարգիս Վահագն

Ծնվել է 1927 թվին, Բեյրութում: 1945 թվին, ավարտել է տեղի ֆրանսիական Լիսե վարժարանի առևտրական ու հաշվապահական ճյուղը:
Սիրել է գրականությունը և գրել է սկսել պատանի հասակից, նախ՝ չափածո, բայց շուտով ներգրավվել է արձակի մեջ: Կատարել է նաև թարգմանություններ, մեծ մասամբ բանաստեղծություններ, միջազգային ճանաչված գրողներից:
1954 թվից սկսած իր գրությունները լույս են տեսել տեղի զանազան գրական ամսագրերում, իսկ վաթսունական թվականներին ընտրվել է «Շիրակ» ամսագրի խմբագրության անդամ ու վարել դրա միջազգային գրականության բաժինը:
Գրականությանը համընթաց, նա լուրջ հետաքրքություն է ցույցաբերել թատրոնի և կինոյի նկատմամբ. 1958-1959 թվերին, հրատարակել է «Նոր սինեմա» արվեստի հանդեսը:
Իր հրատարակված գործերն են՝
Պատմվածքների ժողովածուներ՝ «Մատանիներ», 1969 թ., Բեյրութ, «Արմատներ», 1981թ., Երևան , «Տագնապը» , 2000 թ. Լոս Անջելես:
Թատերգություններ՝ «Նաիրյան մորմոք» 1982 թ., Բեյրութ, «Աշոտ Ողորմած», 1991թ., Լոս Անջելես:
Վեպ՝ «Արշիլ Կորքի» (Գորկի), 2004 թ. (արժանացել է ՀՀ-ի Թեքեյան Մշակութային Միության Գրական, ինչպես նաև «Հայկաշեն Ուզունյան » մրցանականերին):
Փորձագրություն (գրական դիմաստվերների ու գրախոսականների հատընտիր)՝ «Գրական համաստեղություն», 2008 թ., Լոս Անջելես: Շահան Շահնուր- Արմեն Լյուպենի ֆրանսերեն բանաստեղծությունների ամբողջական թարգմանություն՝ «Շուրջը ոչի՛նչ», 2007 թ., Լոս Անջելես:
Փետրվար 18, 2008 թվակիր սրբատառ կոնդակով, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ն, առ ի գնահատանք Սարգիս Վահագնի հիսնամյա գրական վաստակի, նրան շնորհել է Ս. Սահակ, Ս. Մեսրոպի պատվո շքանշան:

Վահե Վան

Բուն անունով՝ Վալերի Անանիկյան, ծնվել է 1953թ.` Վրաստանի Բոգդանովկայի շրջանի Մեծ Խանչալի գյուղում:
10 տարեկան հասակում ծանր հիվանդացել է և կորցրել լսողությունը:
1967-1971թթ.- սովորել է Գյումրիի Ս.Դ.Մերկուրովի անվ. նկարչական դպրոցում:
1971-1973թթ.- սովորել է Կիրառական արվեստի թիվ 10 ուսումնարանի «Փայտի և ոսկորի փորագրություն» բաժնում:
Նրա աշխատանքները պահվում են Գյումրիի, Երևանի, Թբիլիսիի և Մոսկվայի պատկերասրահներում:
Վ. Անանիկյանը նկարչության հետ մեկտեղ զբաղվել է նաև գրականությամբ:
Տպագրել է բանաստեղծությունների երկու ժողովածու` «Լռության ձայներ» (1993թ.) և «Խաչված լույս» (2000թ.):
Արժանացել է Ավ. Իսահակյանի 100 ամյակին նվիրված գրական մրցանակին:
Հայ գրողների միության անդամ է, տպագրվել է պարբերական մամուլում, «Կամուրջ», «Գրական Շիրակ» ալմանախներում:

Անի Վարդազարյան

Բանասեր, թարգմանիչ և օտար լեզուների մասնագետ Անի Վարդազարյանը ծնվել է 1983 թվին, Գորիսում:
2006 թվին, բակլավարիատի պատվավոր դիպլոմով ավարտել է ԵՊՀ-ի ռոմանագերմանական ֆակուլտետի իսպանական բաժինը, և՝ 2006-ին, ԵՊՀ-ի ռոմանագերմանական ֆակուլտետի իսպանական բաժնի մագիստրատուրան:
Ապա մեկնել է Մոսկվա և 2008-2011 թվերի ընթացքում ավարտել՝ տեղի Պետական Լեզվաբանական Համալսարանի ֆրանսերեն լեզվի ֆակուլտետի ֆրանսերեն լեզվի բառագիտության ու ստիլիստիկայի ամբիոնի ասպիրանտուրան:
Տիրապետում է հայերեն, իսպաներեն, պորտուգալերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներին: Քաջածանոթ է նաև անգլերեն լեզվին:
Սկսած 2006 թվից, Անիի թարգմանությունները հրատարակվել են Գարուն, Նարցիս և ՌԴ-ում հրատարակվող Գործարար հանդեսներում, իսկ առանձին գրքով լույս է տեսել իսպաներենից հայերեն թարգմանած՝ Խ.Խ.Միլյասի և Մ. Բենեդետտիի «Ուրիշները» ընդհանուր խորագրով պատմվածքների ժողովածուն (2006 թ., Ապոլոն Հր. Երևան):
Ներկայիս բնակվում է Մոսկվայում:

Նառա Վարդանյան

Ծնվել է 1985 թվին, Տավուշի մարզում:
2002 թվին ավարտել է Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան միջնակարգ դպրոցը:
2002-2007 թվերին, սովորել է Երևանի Մեսրոպ Մաշտոց անվան համալսարանի բանասիրական ֆակուլտետում:
Առաջին անգամ տպագրվել է 2006 թվին, Երևանում հրատարկվող «Գրեթերթ» երիտասարդական պարբերականում:
2007 թվին, «Սրբիչը» պատմվածքի համար ստացել է «Գրեթերթի»՝ «Տարվա լավագույն պատմվածքը» մրցանակը:
Տպագրվել է նաև «Գարուն» և «Ինքնագիր» հանդեսներում:

Կոլյա Տեր Հովհաննիսյան

Ծնվել է Թավրիզում: Ավարտել է տեղի հայոց միջնակարգ վարժարանը, ապա տեղափոխվել Թեհրան, ուր մասնագիտացել է տնտեսագիտության մեջ: Գրել սկսել է վաղ տարիքում:
Նրա բանաստեղծությունների առաջին հատորը «Մայթե՜ր, մայթե՜ր» խորագրով արժանացել է ՀԲՄԸ-ի Ալեք Մանուկյան «Գրական մրցանքի 1973-ի բանաստեղծության բաժնի» հիշատակության ու լույս տեսել նույն հիմնադրամի կողմից Բեյրութում:
2008 թվին Երևանում հրատարակվել է իր գրչին պատկանող «Ինեսսա» վիպակը («Աղբյուր» հրատարակչություն): Իր կարճ պատմվածքների ժողովածուն «Պղպջակ» խորագրով լույս է տեսել 2009 Երևանում («Լուսակն») հրատարակչություն):
Հոդվածներով ու էսսեներով աշխատակցել է Թեհրանում հրատարակվող «Ալիք» օրաթերթին և «Հույս» երկշաբաթաթերթին:

Թադևոս Տոնոյան

Թադևոս Տոնոյանը ծնվել է Երևանում՝ 1961 թվին: 1983 թվին, ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1989 թվին, ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Գրել է մանկության տարիներից: Նրա առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1974 թվին: Այնուհետև նրա ստեղծագործությունները տպագրվել են հայաստանյան – արտասահմանյան շատ թերթերում ու ամսագրերում, ալմանախներում, տարեգրքերում ու ժողովածուներում: Ցայժմ հրատարակել է բանաստեղծությունների հինգ ժողովածուներ, որոնցից մեկը՝ արևմտահայերենով: Գրել է նաև մանուկների համար:
Բացի գլխավոր խմբագիր և համալսարանի դասախոս լինելուց, Թադևոս Տոնոյանը զբաղվել է նաև գիտական գործունեությամբ, որի արդյունքը նրա բազմաթիվ գրականագիտական, լեզվագիտական ու մշակութաբանական հոդվածներն են. դրանք պարբերաբար լույս են տեսել մամուլում: Տոնոյանը հրատարակել է նաև «Եղիշեի ակամա ընդդիմախոս Եղիշեն» գիտական ուսումնասիրությունը. և «Կորյունի տեքստը և հայ գրի առեղծվածը» գիրքը՝ նվիրված հայ գրին:

Էդգար Փոթիկյան

Ծնվել է 1978 թվին, Երևանում: Ավարտել է Վահան Տերյանի անվան միջնակարգ դպրոցը: Մասնագիտությամբ նկարիչ-արծաթագործ է ( http://arts.in.ua/artists/ednur/): Գրել սիրել ու սկսել է պատանի հասակից, բայց ավելի լուրջ վերջին մի քանի տարիներին: Իր ասությամբ՝ շատ մեծ ժամանակ տրամադրել չի կարողանում արձակին, բայց համոզված է, որ այն ինչ կուտակվում է իր ներսում, մի օր դուրս է գալու:

Սիրանույշ Օհանյան

Ծնվել է 1984 թվին և ապրում է Էջմիածնում: Սկսել է գրել վաղ տարիքից. իր ասությամբ՝ մանկական յուրօրինակ խաղ հիշեցնող ոտանավորային հրապույրը ժամանակի ընթացքում վերածվել է լուրջ ջանքեր պահանջող մտավոր աշխատանքի, թեև մասնագիտությամբ միկրոէլեկտրոնիկ է և ավարտել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը:
Մասնակցել է Համահայկական երիտասարդական երրորդ համաժողովին և Միջմշակույթային փառատոնին: Այս երկու իրադարձությունները մեծապես նպաստել են իր ներքին հոգևոր աշխարհի զարգացմանը: Երազում է ապրել ու աշխատել այնպիսի Հայաստանում, որտեղ գիտությունն ու արվեստը հանդիսանում են առաջնային հոգևոր արժեքներ, իսկ մարդկային անհատականության առողջ ու բնականոն գործունեությունը՝ պետության կարևորագույն հոգսն ու հիմքը:

Վարդգես Օվյան

Ծնվել է 1959 թ. նոյեմբերի 4-ին, Ստեփանակերտում: Ավարտել է տեղի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը:
Մինչև 1994 թվականը աշխատել է հանրապետական «Խորհրդային Ղարաբաղ» («Արցախ», «ԼՂ Հանրապետություն») պաշտոնաթերթում՝որպես թղթակից, բաժնի վարիչ, ապա՝ գլխավոր խմբագրի տեղակալ:
1994-96 թթ. ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում՝ որպես քաղբաժնի սպա՝ ավագ լեյտենանտի կոչումով, ապա՝ «Մարտիկ» թերթի պատասխանատու քարտուղար: 1997-98 թթ. որպես հրատարակչական կենտրոնի ղեկավար աշխատել է Ստեփանակերտի պետական պոլիգրաֆ ձեռնարկությունում, 1999-ից՝ «10-րդ նահանգ», 2004-2006 թթ.՝ «Դեմո» հանրային թերթում՝ որպես պատասխանատու խմբագիր:
Այժմ աշխատում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում որպես մամուլի բաժնի վարիչ: Տպագրվում է 1984 թվականից: Հարյուրից ավելի պատմվածքների ու նովելների« դրամատիկական ստեղծագործությունների, բազմաթիվ հոդվածների հեղինակ է: Տպագրվում է հայաստանյան և ղարաբաղյան թերթերում:
1995 թ. լույս է տեսել «Մենախոսություն վերջին նստարանից» գիրքը, 2005 թ.՝ «Կիսատ պատմվածքներս, տղան և ուրիշներ» և «Ձմեռային սերենադ», 2007 թ.՝ «Կարմիր ծաղկաթերթիկներ» գրքերը:
Նրա երկու տասնյակից ավելի պատմվածքներ թարգմանվել են նաև ռուսերեն, իսկ նովելներից մեկը զետեղվել է Հարավային Կովկասի գրողների պատերազմի մասին պատմող լավագույն ստեղծագործությունների «Ապրելու ժամանակը» ժողովածուի մեջ (Մայկոպ, 2002 թ.):